Disappointed and tired
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռասել Ջոնսթոնը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀ¬ՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերն արդեն 2 ամիս Երեւանում են։ Այդ ընթացքում միայն ջերմ հյուրընկալություն են տեսել եւ հիացած են իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից։ Բայց փոխարենը, ամենեւին հիացած չեն 2-րդ փուլի ընտրությունների ընթացքով։ Եվ ինչպես առաջին փուլի պարագայում, հիմա էլ պաշտոնական իրենց հայտարարության մեջ բավական կոշտ դիրքորոշում արտահայտեցին։ «Տեղի ունեցածը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին եւ Եվրախորհրդի առջեւ պարտավորություններին», այսպես կտրուկ էր նրանց եզրահանգումը։ Պիտեր Այքերը նշեց, որ իրենց ներկայացուցիչներն արձանագրել են քվեատուփերի լցման 15 դեպք, ընտրողների թվի եւ վերջնահաշվարկի անհամապատասխանություններ ու անհավանական արդյունքներ որոշ տեղամասերում։ Համենայն դեպս, անկախ ծայր լարվածութունից, բռնությունների որեւէ լուրջ միջադեպ չի եղել։ Եվ սա միակ հույս ներշնչող դիտողությունը չէ, որ հասցրել են նկատել դիտորդները։ Շարքային ընտրազանգվածն ազնիվ ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրություններին, եւ դիտորդներըՙ քաղաքակրթության բարձր սանդղակից ներողամտաբար հետեւում էին համատարած ոգեւորության ալիքին։ Ինչպես 1-ին փուլից առաջ, այնպես էլ 2 փուլերի միջանկյալ ժամանակահատվածում հասարակությունը չմարող հետաքրքրությամբ էր մասնակցում ընտրագործընթացներին։ Առաքելությունների ղեկավարներն աներկբա հավանություն արտահայտեցին հեռուստաբանավեճի նկատմամբ, իսկ Ռասել Ջոնսթոնը մասնավորապես ակնարկնեց, որ նույն սկզբունքը կարելի է կիրառել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Իսկ մնացած ամեն ինչում դիտորդների եզրահանգումներն ուղղագծորեն համարժեք էին ընդդիմության տրամադրություններինՙ ակամա տպավորություն ստեղծելով, թե միջազգային խոսափողի դեր են կատարում նրանց համար։ Ինչպես եւ առաջին անգամ, 2-րդ փուլում էլ դիտորդները խիստ դժգոհ էին Հանրային հեռուստատեսության աշխատանքից, որը, ըստ իրենց, չի ապահովել անկողմնակալ տեղեկատվություն, իսկ լրատվական ու վերլուծական ծրագրերը բացեիբաց քարոզել են գործող նախագահին։ Մասնավոր հեռարձակողները եթերային բավարար ժամանակ չտրամադրեցին ընդդիմության թեկնածուին։ Հայտարարությունը նշում է, որ օբյեկտիվ դիրքորոշում չեն արտահայտել նաեւ տպագիր լրատվամիջոցները։ Դիտորդներին, սակայն, ամենից շատ մտահոգել էր հանրապետության 40 ընտրատեղամասերում քվեատուփերի լցման փաստը, նաեւ կնքված եւ ստորագրված քվեաթերթիկների շրջանառությունն ընտրատեղամասերից դուրս։ Դիտորդները բացասաբար են գնահատում նաեւ հաշվարկման գործընթացները։
Ռասել Ջոնսթոնը խոստովանեց, թե մեծ ակնկալիքներ չուներ, որ 1-ին փուլին հաջորդած 2 շաբաթվա ընթացքում իրենց մատնանշած թերությունները միանգամից կանհետանային։ Ինքը հիասթափված է, բայց հակառակ Պիտեր Այքերի, ոչ հուսաթափված։ Եվ լավատես է, որ բարելավումներ կլինեն։ Առաքելությունների ղեկավարները խուսափեցին արտահայտել իրենց կարծիքը, թե արդյոք գրանցած խախտումներն այնքան էակա՞ն են, որ կազդեն ընտրությունների վավերականության վրա։ Դա հայաստանցիների խնդիրն է, իրենցը ժողովրդավարության չափանիշներին համապատասխանության ստուգումն է։ Իսկ Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հայաստանը դեռեւս եվրապարտավորությունների կատարման, իսկ իրենք դրանց ընթացքի դիտարկման փուլում են։
Հայաստանյան ընտրատառապանքը մասնակիցների հետ ճաշակած Ռասել Ջոնսթոնը, համենայն դեպս, նույնիսկ տրամադիր էր հայրական խորհուրդներ տալու ընդդիմությանն ու իշխանություններինՙ խաղաղ գոյակցության մասին ֆրանսիական ասացվածքը հիշեցնելով նրանց. «Ժողովրդավարությունը շարունակական համակեցություն է», եւ ընդդիմությունն ու իշխանությունները պիտի հանդուրժեն իրար։
Իսկ նրանց այսօր հրապարակած հայտարարությունն էլ վերջնական գնահատական չէ։ Վերջնականը կախված կլինի «աղյուսակավորման գործընթացների ավարտից եւ բողոքների արձագանքների արդյունքներից»։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ