Երեւանի մամուլի ակումբն ու Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը երեկ ժուռնալիստի տանը զանգվածային լրատվության միջոցներին ներկայացրին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի լուսաբանման դիտարկումների նախնական արդյունքները, որտեղ ընդգրկել են 5 հեռուստաալիք, 1 ռադիոալիք եւ 9 թերթ։ Ըստ դիտարկվող խմբի նախնական գնահատականի, խմբագրական նյութերի քանակական դիտարկման մեթոդաբանությունը հնարավորություն չի ընձեռում միանշանակ բացահայտել ընտրարշավի լուսաբանման ժամանակ թույլ տրված հնարավոր օրինախախտումները։ Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ մասնավորապես Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է «հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը»։ Հինգ հեռուստաալիքներից երկուսը (ՀՀՀ, «Պրոմեթեւս») հիմնական լրատվական ծրագրերում ակնհայտ առավելությունը տվել են գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Շանթը», «Կենտրոնը», «Ցայգը» հավասարակշռությունը հիմնականում պահպանել են։
Երկրորդ փուլի առանձնահատկություններից մեկը մի շարք ԶԼՄ-ների անցումն էր դրական քարոզչությունից հակաքարոզչության։ ՀՀՀ-ի «Օրակարգ»-ի մարտի 2-ի թողարկման մեջ թեկնածու Ս. Դեմիրճյանին գրեթե երեք անգամ ավելի շատ ժամանակ է տրամադրվել, քան Ռ. Քոչարյանին, բայց 6 սյուժեներից ու լրացուցիչ նյութերից հինգում համատեքստը բացասական էր եւ միայն մեկումՙ չեզոք։ Մինչդեռ Քոչարյանի դեպքում իրավիճակը հակառակն էր...
Երկրորդ փուլում դիտարկված թերթերում լիովին բացակայել է քաղաքական գովազդը, ինչից հետեւում է, որ «ընտրությունների ընթացքում եթե թերթերն ինչ-որ բան էին հանել շուկա, ապա դա ոչ թե լրագրային տարածքն էր, այլ իրենց դիրքորոշումը», նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը ներկայացրեց իրենց դիտարկումների արդյունքները, ուր նշված էր, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում լրատվամիջոցները չեն կարողացել թեկնածուներին հավասար պայմաններ տրամադրել։ Հեռուստաալիքներիՙ թեկնածուներից մեկին բացասական կերպով ներկայացնելու փաստը նպաստել է հասարակության մեջ առճակատման ուժեղացմանը։ Իսկ ամենակարեւորը, որ նշեց Գրիգորյանը, քարոզարշավի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները չեն պահպանել էթիկայի կանոնները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգանքը։ Բազմաթիվ են եղել նման հոդվածներ, ռեպորտաժներ եւ մեկնաբանություններ «Հ1»-ում, «Պրոմեթեւսում» եւ «Հայոց աշխարհ», «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա», «Իրավունք» թերթերում։ Թերթերը խախտել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի 18-րդ եւ 23-րդ հոդվածները, համաձայն որոնց արգելվում է քարոզչությունն ընտրություններին նախորդող օրը։
Ըստ մոնիտորինգի դիտարկմանՙ լրագրողների իրավունքների խախտման դեպքերը թույլ են տալիս ենթադրել, որ լրատվամիջոցները եւ լրագրողները ենթարկվում են ճնշումների կամ խուսափում են ուղղակի ճնշումներից։ Առաջին եւ երկրորդ փուլերի քվեարկության ընթացքում արձանագրվել են բռնությունների դեպքերՙ «Այժմ» թերթի, «Շանթ», «Ա1+» հեռուստաընկերությունների լրագրողների եւ մեկ անկախ լրագրողի հանդեպ։ Այս ամենը մոնիտորինգի վերջնական արդյունքները չեն, այլ ընդամենըՙ նախնականը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ