«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

Երեկ Մատենադարանի մոտ դարձյալ հանրահավաք էր։ Ինչպես առաջին փուլում, այս անգամ էլ ընդդիմությունը, չսպասելով քվեարկության արդյունքներին, հանրահավաքի մասին նախապես էր հայտարարելՙ նախօրոք հայտնելով իր անհամաձայնությունը դեռ կայանալիք ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Հարթակին ընդդիմության ամբողջական կազմն էր։ Լիդերներից չկար միայն Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կոչերը եւ հայտարարությունները մոտավորապես նույն բնույթի էին. ընտրություններն անցել են զանգվածային կեղծիքներով, բռնությունների այնպիսի ալիք է եղել, որ զարմացրել է աշխարհում բոլորին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներն իրականության հետ կապ չունեն, մենք պահանջելու ենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։ Դատելով ելույթներից, ստացվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին որեւէ քվեարկող չի եղել, եւ ժողովրդի քվեն ամբողջությամբ Ստեփան Դեմիրճյանն է։

«Միջազգային դիտորդների գնահատականները մեր պետությանը ցույց տված դեղին քարտ էին, որի պատճառով կարող է տուժել ամբողջ ժողովուրդը, գոռում էր Ալբերտ Բազեյանը, հետո էլ կարմիր քարտ են ցույց տալու»։ Բազեյանը նախորդ օրը Տիգրան Նաղդալյանի սպանությունը բացահայտելու լուրը պաթոս է համարումՙ ասելով, որ իշխանությունները պարտավոր են բացահայտել ոչ միայն այս, այլեւ կատարված երկու տասնյակ այլ սպանությունները։ Պարոն Բազեյանը մի պահ մոռանում է, որ ոչ վաղ անցյալում ինքը եւս նույն իշխանությունների բավականին ծանրակշիռ պաշտոնյա էր։ Բազեյանն առիթն օգտագործելով մեղադրեց ավանդական կուսակցություններինՙ ՀՌԱԿ-ին եւ ՀՅԴ-ին, այն բանում, որ ասում են, թե Ռ. Քոչարյանը սփյուռքի եւ Հայաստանի միասնականության խորհրդանիշն է, եւ սփյուռքը սատարում է գործող նախագահին։ Բանախոսի պնդմամբ, Լոս Անջելեսում ձայների գերակշիռ մասը Ստեփան Դեմիրճյանինն է եղել։ Դատելով այս քաղաքում քվեարկության արդյունքներից (ԿԸՀ-ն միանգամայն այլ թվեր է նշում), պրն Բազեյանը հավանաբար կարծում է, որ հայրենիքի եւ սփյուռքի միասնականության խորհրդանիշը Ստեփան Դեմիրճյանն է։

Նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանի այս անգամվա ելույթը հետաքրքրական էր նրանով, որ Փարաքարը փակելու եւ նման հայտնի կոչերը չհնչեցին։ Ժողովրդիՙ մյուս հանրահավաքների համեմատ ցուցաբերած պասսիվությունն Արամ Կարապետյանը պարզաբանեց, թե «դե գիտեմ, նախորդ գիշեր չեք քնել, դրա համար էլ ոգեւորությունը մի քիչ քիչ է»։

Արշակ Սադոյանն էլ հավատարիմ էր սեփական ոճին։ Նա ասում էր. «Ժողովուրդ, ձեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր կեղծում են ձեր ձայները, հարբած վախեցնում են կանանց եւ երեխաներին, նրանք հանուն դոլարի բռնանում են ժողովրդի կամքի վրա։ Ինչպես «Զվարթնոցը» ծախեցին, այնպես էլ հանձնաժողովի անդամների հոգիները», ասում էր Սադոյանը։ Ըստ նրա, ընտանիքում միշտ էլ լինում են այլանդակներ, բայց ազգը պիտի կարողանա ինքնամաքրվել։ ԱԺ պատգամավորի բառապաշարն այս անգամ էլ ծայրահեղությունների հասավՙ ստորներ, այլանդակներ, պոռնիկներ։

«Բարեւ ձեզ, ժողովուրդ», մշտական դարձած այս բառերով իր ելույթը սկսեց Արամ Զավենի Սարգսյանը։ Ցավոք, օրն արեւոտ չէր, որպեսզի այս անգամ եւս պայծառ եղանակի հանգամանքը որեւէ կերպ կապվեր հանրահավաքի հետ։ Ամբիոնն ու բարձրախոսն օգտագործելով, նա դիմում էր հանրապետության նախագահին, թե ձեր հաղթանակը նման է մի ճանճի, որի թեւերը չարաճճի երեխան պոկել է։ Թե ո՞վ է այդ երեխան, պրն Սարգսյանը չպարզաբանեց։

Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նշեց, որ վճռականորեն շարունակելու է պայքարը Հայաստանում արդարություն հաստատելու համար։ Այս հանրահավաքը վերջինը չէ։ Կոչ արվեց հաջորդ հանրահավաքներին բերել նաեւ հարեւաններին, բարեկամներին։

Երեկվա հանրահավաքին, բռնության, հակասահմանադրական քայլեր կատարելու կոչեր չհնչեցին։ Հակառակը, թեկնածուները մի պահ մոռանալով նախորդ «հանդիպումներն» ընտրողների հետ, նշում էին, թե իրենց համար երկրի միջազգային վարկը շատ կարեւոր է։ Անընդհատ հնչում էր նաեւ այն միտքը, որ իրենք միայնակ չեն։ Միջազգային հանրությունն ուշի-ուշով հետեւում է հայաստանյան իրադարձություններին։ Այս առումով, հետաքրքրական էր Արամ Զ. Սարգսյանի այն դիտարկումը, թե միջազգային դիտորդը, որը նկատել է, որ հայ ժողովուրդը քաղաքակիրթ է, իսկ իշխանություններըՙ ոչ, հավանաբար հայի թոռ է եղել, ճիշտ է նկատել։

Հանրահավաքի եկած բազմությունը Մատենդարանի մոտից ձգվում էր մինչեւ «Նաիրի» կինոթատրոնի մերձակայքը։ Նախորդ հանրահավաքների համեմատությամբ երեկ լարվածություն եւ ագրեսիա չկար։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4