Ի՞նչ է ուզում ընտրողներից ընդդիմությունը
Ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին, որքան էլ ընդդիմությունը փորձի վիճարկել։ Ռ. Քոչարյանը վերընտրվեց հանրապետության նախագահ 67 տոկոս քվեով, այսինքնՙ նրան 2-րդ փուլում ձայն են տվել 17 տոկոսով ավելի քաղաքացիներ։ Այս պահին գոնե վստահաբար կարելի է ասել, որ Ռ. Քոչարյանի համար ավելի նպատակային եղավ երկրորդ փուլի անցկացումը, քանի որ եթե նա առաջին փուլում ընտրվեր 51 տոկոս ձայների քվեով, ապա դժվար էր լինելու երկար ժամանակահատվածով պահպանել իր այսպես կոչված լեգիտիմության «անձեռնմխելիությունը» ե՛ւ Հայաստանում, ե՛ւ միջազգային հանրության առջեւ։ Իսկ ահա 67 տոկոս արդյունքը նրան այդ հնարավորությունը հիանալիորեն տալիս է։
Թերեւս նման հաղթանակ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբին հաջողվեց քարոզչական նոր, ավելի կոշտ քաղաքականություն իրականացնելու պատճառով, հանգամանք, ինչի մեջ թերանալու մասին դեռ ընտրությունների առաջին փուլից հետո ակնարկել էր շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանը։
Եթե սրան էլ ավելացնենք երկրորդ փուլի նախօրեին այնուամենայնիվ կայացած հեռուստաբանավեճի ներկայացած թեկնածուների պատրաստվածության մակարդակների ակնհայտ տարբերությունները, ապա պարզ է դառնումՙ ինչու հասարակության ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը տվեց գործող նախագահին։ Այն հստակ ցույց տվեց, որ Ստեփան Դեմիրճյանը բավական տեղ ունի քաղաքականության եւ պետական գործունեության մեջ հասունանալու համար։
Սակայն այս օբյեկտիվ իրողություններից բացի նման արդյունքների ստացմանը նպաստեց նաեւ հենց ընդդիմություննՙ իր իրականացրած մարտավարությամբ։ Դրա արդյունքը եղավ ընդամենն այն, որ հանրահավաքային քաղաքական պայքարի մեթոդներն ու արդյունավետությունը միանշանակորեն կասկածի տակ դրվեցին, որովհետեւ ընդդիմությունն այն դարձրեց եւ շարունակում է դարձնել ինքնանպատակ։ Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը դիտարկել իրար հետեւից գրեթե ամեն օր հրավիրվող հանրահավաքներին հանրության շերտերի մասնակցության դինամիկան։ Եթե առաջին փուլից հետո ընդդիմության հրավիրած հանրահավաքներն ակնհայտորեն մարդաշատ էին, ապա մարտի 1-ին, 2-ին, 3-ին եւ 6-ին հրավիրված հանրահավաքներին ավելի ու ավելի քիչ թվով քաղաքացիներ էին մասնակցում։ Իսկ Ռ. Քոչարյանի կողմնակիցների հրավիրած հանրահավաքի հոծ բազմությունն առավելաբար կապված էր հանրության մեծամասնության վճռականության հետՙ ցույց տալու, որ որեւէ մեկն իրավունք չունի շահարկելու իր անունը, առավել եւս ընդդիմության հանրահավաքներին մասնակցածներին որպես ողջ ժողովուրդ ներկայացնելու։ Դրանով նաեւ ապացուցվեց, որ Ռ. Քոչարյանի կողքին եւս հանրություն կա, ինչն ընդհանրապես ժխտում էին ընդդիմադիրները։
Վերջիններիս համախոհների հայացքների կտրուկ փոփոխությունների հիմքում դա եւս ընկած էր, որովհետեւ դրանից հետո նրանք հասկացան, որ իրենց «ղեկավարների» հայտարարությունները շատ դեպքերում, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։
Մյուս կողմից, Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածին չէր կարող չհիասթափեցնել նաեւ նրա կողքին կանգնածների միջեւ մինչեւ վերջին պահն ընտրությունների երկրորդ փուլին գնալ-չգնալու հարցում վերջնական վճիռ կայացնելու անկարողությունը։ Իսկ վերջին պահին թեկնածուն ընդամենը հակասական մի հայտարարություն արեցՙ իրենց երկրորդ փուլին գնալը չի նշանակում, թե ընդունում են առաջին փուլի արդյունքները։ Թե ինչ էր դա նշանակում, թերեւս միայն Ստեփան Դեմիրճյանը գիտեր։ Բացի դրանից, ընդդիմությունը, որը չէր ընդունում առաջին փուլի արդյունքները, ի տարբերություն Արտաշես Գեղամյանի, չդիմեց օրինական ճանապարհով իրականության բացահայտմանը, ի վերջո նրանք եւս կարող էին դիմել Սահմանադրական դատարան, ինչը չարվեց։ Ընտրողներին անգամ չբացատրվեց, թե ինչու իրենք էլ չհետեւեցին Գեղամյանի օրինակին։ Մինչդեռ այդ ճանապարհով վերջնականապես լուծվելու էր ապագա նախագահի լեգիտիմության հարցը։ Արդյոք կարո՞ղ էր ընդդիմությունն իրեն թույլ տալ նման ճոխություն եւ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ձերբազատվել շահարկումների նման «համեղ պատառից»։ ՉԷ՞ որ ընդդիմությունը չէր կարող չնկատել, որ ի դեմս Ստեփան Դեմիրճյանիՙ ինքը հավակնում է երկրորդ հորիզոնականին, ինչը վատ ցուցանիշ չէ այս թեկնածուի քաղաքական անփորձության հանգամանքներում։
Միայն այն փաստը, որ ընդդիմությունը չի փորձում անգամ փոփոխությունների ենթարկել մարտավարությունը, հրաժարվել իր սնանկությունն ապացուցած հանրահավաքային պայքարից, նշանակում է, որ ընդդիմությունը, օգտագործելով նախագահական ընտրությունների արդյունքների տեղի-անտեղի շահարկումը, այժմվանից լծվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Մանավանդ որ մնացել է ընդամենը երկու ամիս։ Պատկերացնել միայն կարելի է, թե հանրահավաքների ինչ շքերթ է սպասվում մինչեւ ԱԺ ընտրությունները։ Եթե, իհարկե, իրենք չզգան իրենց մարտավարության անարդյունավետությունն ու ավելորդությունը...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ