Մարտի 5-ին կայացան հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացածՙ ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները։
Այնուհետեւ ԿԸՀ-ն, ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովումՙ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում ոչ ուշ, քան 60 օր հետո է կազմվում նշված արձանագրությունը։
Եթե անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ամփոփվեր մարտի 8-ի երեկոյան, դա նշանակում է, որ այս ընտրությունները դեռ չավարտված, իրենց զարգացումների ակտիվ փուլ կմտնեն Ազգային ժողովի ընտրական գործընթացները։
Մասնավորապես, արդեն մարտի 11-ից սկսվում է Ազգային ժողովիՙ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու գործընթացը։
Ստացվում է, որ այսքան լարվածությունից հետո հասարակությունը հայտնվելու է ավելի բազմագործոն ու բազմամասնակից մի իրավիճակում, որը հնարավորություն եւ ժամանակ չի թողնում նախագահական ընտրությունների պատճառով առաջացած լարվածությունից լիցքաթափվելու համար։
Այսպես թե այնպես, ընտրական օրենսդրությամբ սահմանված ժամանակացույցը հաշվի չի առնում հոգեբանական գործոնը, որը պակաս կարեւոր չէ երկրի ապագայի համար։ Եվ չնայած այս հանգամանքին, մեր քաղաքականության մեջ հայտնված մարդիկ կամ էլ քաղաքական գործիչ որակվողներն ընդունակ չեն նման հոգեբանական գործոնները հաշվի առնելու նրբանկատության։ Նրանք պարզապես եւ մեծ ցանկությամբ ձգտում են իշխանության։
Ակնհայտորեն այդ ձգտումն այնքան մեծ է, որ այն իրականություն դարձնելու ճանապարհին ինչ-որ հասարակության մեջ ծայրահեղ լարվածությունը ոչ միայն մտահոգիչ չէ, այլեւ ավելի շուտ դառնում է շահարկման եւ օգտագործման բավականին արդյունավետ գործիք։
Եվ բնավ էլ այդ լարվածությունը մարելու ոչ մի ջանք չի գործադրվում։ Ընդհակառակը, լարվածությունը երկրորդ փուլից դժգոհողների կողմից, որպես նախընտրելի եւ արդարացնող գործելակերպ, ենթադրվում է, որ պետք է հնարավորինս ձգձգվի։
Ամեն դեպքում, մի հանգամանք ակնհայտ է, որ ժողովրդի անունից շատերն են բարձրախոսում, բայց երբեւէ չեն մտածում այդ նույն ժողովրդի մասին։ Դեռ ավելին, կարծում են, թե Մաքիավելու կողմից «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը կարելի է կիրառել իշխանություն ունենալու վերջնանպատակին հասնելու համար, մինչդեռ կարգախոսի հեղինակի խոսքերը վերաբերում էին ազգային պետականության ձեւավորման նպատակին։
Ցավալի է, սակայն, արձանագրել, որ կեղծ մաքիավելիականները շատացել են, եւ նրանց ժողովրդի ինչ-որ հատված դեռ վստահում է։
Մինչեւ ե՞րբ...
Ա. Հ.