Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների
Երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է 1 մլն 596 հազար 204 ընտրող։ Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նախ, Արտակ Սահրադյանը նիստը հայտարարեց բացված եւ օրակարգում երկու կետով նշված հարցերը համարեց մեկը։ Առաջին հարցը վերաբերում էր հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակմանը։ Իսկ երկրորդըՙ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրություն կազմելուն։
Միաձայն հաստատելով օրակարգը, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը սկսեց հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները արտերկրում քվեարկության արդյունքների հետ մեկտեղ։ Համաձայն ԿԸՀ-ի, 1 մլն 596 հազար 204 ընտրողներից Ստեփան Դեմիրճյանին կողմ են քվեարկել 503 հազար 136-ը, այսինքնՙ թեկնածուներին կողմ քվեարկածների 32,5 տոկոսը։ Նախագահի մյուս թեկնածու Ռոբերտ Քոչարյանն, ըստ նախնական տվյալների, ստացել է ձայների 67,5 տոկոսը, այսինքնՙ բացարձակ թվով 1 մլն 45 հազար 801 ձայն։ Անճշտությունները երկրորդ փուլում կազմել են 3 հազար 138։ Մինչ վերը նշված նախնական տվյալներն ամփոփող արձանագրությունը ԿԸՀ անդամները փոխանցում էին միմյանցՙ ստորագրելու համար, Ստեփան Դեմիրճյանի ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչները դժգոհեցին, թե ուղիղ եթեր ապահովող տեսախցիկները փակում են տեսադաշտը։ Իրենց իսկ առաջարկությամբ եւ ԿԸՀ համաձայնությամբ, նրանք տեղափոխվեցին տեսախցիկներից առաջ։
Նախնական տվյալներն ամփոփող արձանագրությունը ստորագրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, բացի «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանից։ Վերջինս հայտնեց, որ ձեռնպահ է մնում արձանագրությունը ստորագրելուց, քանի որ իրենք առաջին փուլի արդյունքների կապակցությամբ դիմել են Սահմանադրական դատարան եւ սպասում են պատասխանի։
Արձանագրությունը ստորագրած ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանն էլ տեղեկացրեց, որ թեեւ ստորագրում է, բայց հետագայում ներկայացնելու է հատուկ կարծիք։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ