«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾՉԻ ԽՈՀԵՐՆ ՈՒ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ

«Հայք» հաստատությունը լույս է ընծայել Վարդան Գրիչենցի (Բաբկեն Վարդանյանի) «Հայացք ներսից եւ դրսից» գիրքը։ Խորապես ծանոթ լինելով հայաստանյան իրականությանն ու սփյուռքահայ կյանքին, հեղինակը տասնամյակների իր փորձառությամբ մեկնաբանում է հայության եւ Հայաստանի անցյալն ու ներկան։ Ինչպես գրքի խմբագրականում գրում է Վարդան Դեւրիկյանը, «սփյուռքին նա նայում է հայաստանյան աչքերով, իսկ Հայաստանինՙ սփյուռքյան միջավայրի»։ Գրքի սկզբում ներկայացվում են ՀԱՅՔ հետազոտական հաստատության ծրագրերն ու նպատակները, որոնցում արտահայտված մտահոգություններն ու ըմբռնումները մեծ տեղ են գրավում գրեթե բոլոր բաժիններում։ Դրանք վերաբերում են ազգային ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանն ու Արցախի հիմնախնդիրներին։ Հեղինակին մտահոգում է ազգային գաղափարախոսության խնդիրը, որի ընդունումն ու կիրառումը, ըստ նրա, պակասում է կյանքի բոլոր հանգրվաններում։ Գրքի ինը բաժիններում նա անդրադառնում է ազգային հարցերի արծարծմանը։ Նրան հուզում են Հայաստանի զորացմանը, ազգի որակական կատարելագործմանն ու առաջադիմությանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության լուծմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քրիստոնեական հավատքի պահպանմանն առնչվող բազում հարցեր։ Իր խոհերը նա ավարտում է լավատեսական տրամադրությամբՙ պատմելով Երուսաղեմից իր տպավորությունների մասին, ապա դատողություններ անում հավատի, սիրո ու սրբության շուրջ։

Գրքի վերջում ներկայացված է «Հայք» հաստատության կազմած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այլընտրանքային հաշվարկի» համառոտ տարբերակը, որը տպագրվել է նաեւ «Ազգ» թերթում։ Հեղինակի համոզմամբ, «սա Հայաստանի սոցիալ-տնտեսական շեշտակի զարգացման ծրագրի հաջողության նախապայման-հիմքն է, որի վրա կկարողանանք անպայման կառուցել հայոց զարմանահրաշ փառավոր շենքը, որը նաեւ բաց կլինի ու եղբայրաբար կհասնի բոլոր այլոց կարիքներին...»։

Նա հույս ունի, որ իր ավելի քան 50 տարվա «մարդկային-ազգային մտահոգություններով ապրված գործուն կյանքի փորձառությունն արտահայտող մտածումներն ու հորդորներն ընթերցելովՙ իր տարեկից եւ մանավանդ երիտասարդ հայրենակիցները ճիշտ կհասկանան իրեն, որը եւ կլինի մեծագույն վարձատրությունը»։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4