«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐՈՎ

Ավանդույթի համաձայն ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկելու է գավաթի խաղարկությամբ։ Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում կայացել է պատվավոր մրցանակը վիճարկող թիմերի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվել է գավաթի խաղարկության ցանկը։ Մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել բարձրագույն եւ առաջին խմբի 8-ական թիմեր։ Բարձրագույն խմբի թիմերից այս տարի էլ գավաթի խաղարկությունից հրաժարվել է «Լեռնագործը», իսկ ՀՀ քառակի չեմպիոն «Արարատը» զրկվել է մասնակցությունից ֆեդերացիայի անհիմն որոշման պատճառով։

Վիճակահանությամբ գավաթի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներում մրցելու են հետեւյալ զույգերը (առաջինը նշված են դաշտի տերերը).

«Միկա-2» - «Փյունիկ»

«Կոտայք» - «Փյունիկ-2»

«Լոկոմոտիվ» - «Դինամո-2000»

«Բանանց» - «Նորք-Մարաշ»

«Դինամո» ՖԱ - «Միկա»

«Արցախ» - «Սպարտակ»

«Արաքս» - «Կիլիկիա»

«Կոտայք-2003» - «Շիրակ»

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են մարտի 15-16-ին, պատասխան խաղերը կկայանան մարտի 19-20-ին։ Սակայն եթե եղանակն անբարենպաստ լինի, բացառված չէ, որ մեկնարկը հետաձգվի։ Այս ժամանակաշրջանի համար բավական բարդ խնդիր է խաղադաշտերի հարցը, ուստի առայժմ պարզ չեն խաղերի անցկացման վայրերը։ Թիմերին հնարավորություն է տրվել մինչեւ մարտի 10-ը վերջնականապես որոշել խաղերի մրցավայրը։ Ակնհայտ է, որ հիմնականում խաղերը կկայանան Արմավիրում, Աշտարակում, Արարատում եւ Արտաշատում։ Բացառված չէ նաեւ, որ մեկ օրում միեւնույն խաղադաշտում 2 խաղ անցկացվի, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ փոխվի դաշտի տերն առաջին խաղում։ Եթե գավաթի մրցաշարում առանձնակի անակնկալներ չգրանցվեն, ապա կարելի է վստահորեն նշել, որ կիսաեզրափակիչ զույգերը կկազմեն «Փյունիկն» ու «Բանանցը», «Շիրակն» ու «Միկան»։ Ճիշտ է, վերջին զույգի խաղաքարտերը կարող է խառնել մեծ ներուժի տեր «Կիլիկիան»։ Պատվավոր մրցանակի տերը հայտնի կդառնա մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում։ Ոչ-ոքի արդյունքի դեպքում կնշանակվի 30 րոպե լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերից մեկի առաջինը հաջողության հասնելու դեպքում խաղն ավարտվում է։

ՀՀ գավաթի խաղարկության 11-ամյա պատմության ընթացքում պատվավոր մրցանակը նվաճել են 5 թիմեր։ Ռեկորդակիրն «Արարատն» է (4 անգամ), ընդ որում 1993-1995 թթ. արարատցիները ոչ մեկին չեն զիջել գավաթը։ 2-ական անգամ գավաթակիր են դարձել «Փյունիկը», «Ցեմենտը» եւ «Միկան», մեկ անգամ էլ պատվավոր մրցանակը նվաճել է «Բանանցը»։ Իսկ ահա գավաթի խաղարկության անփոփոխ մասնակից Գյումրու «Շիրակը» 3 անգամ հանդես գալով եզրափակիչում, զիջել է մրցակիցներին։ Մարզիչներից լավագույն արդյունքի է հասել Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ «Բանանցը» (1992 թ.) եւ «Ցեմենտը» (1998-1999 թթ.) 3 անգամ գավաթակրի կոչմանն են արժանացել։ Ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը Տիգրան Գսպեյանն է, որը հնգակի գավաթակիր է (4 անգամՙ «Արարատում», մեկ անգամՙ «Ցեմենտում»)։ Քառակի գավաթակիրներ են Արամայիս Տոնոյանը, Համլետ Մխիթարյանը, Հակոբ Մկրյանը, Արթուր Քոչարյանն ու Հայկ Հարությունյանը։ Նրանցից Համլետ Մխիթարյանն ու Արամայիս Տոնոյանը մասնակցել են գավաթի եզրափակիչ 6-ական խաղի, ընդ որում Տոնոյանը 4 անգամ գավաթը ստացել է որպես թիմի ավագ։

Գավաթի մրցաշարերի լավագույն ռմբարկուն Գեղամ Հովհաննիսյանն է, որը խփել է 32 գոլ։ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստների հնգյակում են նաեւ Սամվել Նիկոլյանըՙ 24 գոլ, Արսեն Ավետիսյանըՙ 23, Վարազդատ Ավետիսյանըՙ 19 եւ Արման Քարամյանըՙ 18։ Վերջինս անցած խաղաշրջանում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցՙ խփելով 9 գնդակ։ Գավաթի եզրափակիչ հանդիպումներում առավել արդյունավետ են գործել Համլետ Մխիթարյանն ու Կարեն Բարսեղյանըՙ խփելով 3-ական գնդակ։ Երկուսն էլ հաջողության են հասել 2 թիմի կազմում. Մխիթարյանըՙ «Արարատում» եւ «Փյունիկում», Բարսեղյանըՙ «Արարատում» եւ «Կոտայքում»։ Գավաթի մրցաշարերում բոլորից շատՙ 56 խաղ է անցկացրել Սամվել Նիկոլյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4