Լինարեսի շախմատի մրցաշարի 9-րդ տուրում ուշադրության կենտրոնում 39-ամյա Գարրի Կասպարովի եւ 15-ամյա Թեյմուր Ռաջաբովի պարտիան էր։ Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կասպարովը սենսացիոն պարտություն էր կրել բաքվեցի շախմատիստից, ուստի ձգտում էր ռեւանշի։ Սակայն ռեւանշը չկայացավ։ Սպիտակներով խաղացող Ռաջաբովը դիմացավ փորձությանը եւ պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Հոգեբանական առումով պատանի շախմատիստի համար այդ արդյունքը կարեւոր էր, քանի որ մինչ այդ նա երկու անգամ զիջել էր Լեկոյին, պարտվել Կրամնիկին։
Կրամնիկի եւ Պոնոմարյովի միջեւ առաջին շրջանում կայացած մրցախաղում հաջողությունն ուղեկցել էր Կրամնիկին։ Պոնոմարյովին էլ չհաջողվեց ռեւանշ վերցնել։ Այստեղ էլ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին։ Անանդի եւ Վալյեխոյի մրցավեճը նույնպես ավարտվեց ոչ-ոքի։ Մրցակիցները 28 քայլ կատարեցին։ 10-րդ տուրի հանդիպումներն էլ խաղաղ ելք ունեցան։ Միավորը կիսեցին Պոնոմարյովն ու Ռաջաբովը, Վալյեխոն ու Կրամնիկը, Կասպարովն ու Լեկոն։ 10 տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Կրամնիկը։ Նրանից կես միավորով հետ են մնում Կասպարովը եւ Լեկոն։ Անանդը վաստակել է 4,5 միավոր։ 3,5-ական միավոր են վաստակել Ռաջաբովն ու Պոնոմարյովը։ Աղյուսակը 3 միավորով եզրափակում է իսպանացի Վալյեխոն։