«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ԱՐԺԱՆԱՑԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ

Մարտի 3¬5-ը Երեւանում անցկացվեց երիտասարդ տաղանդավոր երաժիշտների (15¬20 տարեկան) ունկնդրությունՙ մշակութային փոխանակման հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու նպատակով։ Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 120 մասնակից Երեւանից եւ Գյումրիից, որոնցից 55-ը մասնակցեցին ունկնդրությանը։ Մրցույթի արդյունքները եւ մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ երեկ, ժուռնալիստի տանը։ 22 մրցանակակիրներին մեկամյա կրթաթոշակների հանձնումն իրականացրեց հիմնադրամի նախագահ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի պետական ակադեմիայի կամերային նվագախմբի գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը (ԱՄՆ)։ Հիմնադրամը հիմնվել է Լոս Անջելեսում եւ կոչված է ուսման ընթացքում օժանդակելու երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Արդեն երկրորդ տարին է, կրթաթոշակները շնորհվում են Երեւանում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում։ Կրթաթոշակի մրցանակային ֆոնդը 10 հազար ԱՄՆ դոլար է, իսկ Հայաստանի պարագայումՙ 11 հազար ԱՄՆ դոլար, որն էլ բաշխվեց 22 հաղթողներին ըստ մասնագիտություններիՙ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ։ Գրան պրի մրցանակին արժանացավ Վահե Ռոստոմյանը (1200 դոլար, թավջութակ), առաջին աստիճանի կրթաթոշակը բաժին ընկավ Հրաչյա Ավանեսյանին (900 դոլար)։ Երկրորդ մրցանակին արժանացան 5 երաժիշտներ (600 դոլար), երրորդՙ 14 երաժիշտներ (յուրաքանչյուրը 360 դոլար) եւ մեկ ոգեշնչող մրցանակ (240 դոլար) տարբեր տարիքային խմբերում։

Կոնստանդին Օրբելյանը, հանձնելով մրցանակները եւ պատվոգրերը, բարձր գնահատեց Հայաստանում գործող երաժշտանոցների դերը, բարձրակարգ մասնագետների առկայությունը, որի արդյունքն էլ հենց 22 հրաշալի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներն են, որ արժանացան մրցանակների ու նշեց, որ «նրանց թիվը շատ ավելի է դառնում տարեցտարի, մի բան, որ չես կարող նկատել այլ երկրներում»։ Բացի կրթաթոշակից, հաղթողների հետագա հյուրախաղերի կազմակերպման հարցը նույնպես իրականացնելու է հիմնադրամը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4