«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ԿԱՄՐՋՈՂ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում մեր հայրենակից Ազատյան եղբայրների բացած «Ֆրենդլի» առողջարանը մեկ անգամ չէ, որ նվիրատվություն է կազմակերպել Հայաստանի տարբեր կազմակերպությունների համար։ Այս անգամ առաքված մեծաքանակ նվերներըՙ տաք հագուստներ, բրդյա ծածկոցներ, բազմապիսի ընտիր խաղալիքներ, գրենական պիտույքներ եւ քաղցրավենիք, հասցեագրված էին Գավառի մանկատան եւ Վարդաշենի մանկապարտեզի երեխաներին։

Գործի պատասխանատու, տաղանդավոր երեխաների ու նաեւ նման հաստատությունների հովանավորությամբ զբաղվող Սուսաննա Ամսարյանը պատմեց, որ առողջարանում բուժվող ու հանգստացող տարեց մարդիկ (հայեր, կորեացիներ, ամերիկացիներ, արաբներ են) հատկապես ցանկացել են իրենց ուշադրությանն արժանացնել որբ, անտուն եւ սոցիալապես անապահով մանուկների, ովքեր կարոտ են տատիկ-պապիկների քաղցր գուրգուրանքների։ Եվ կարճ ժամանակամիջոցում հսկայական գործ է արվել։

Աշխատանքային գործընթացը ներկայացնող լուսանկարները պատմում են այն մեծ սիրո ու հոգատարության մասին, որ շյուղերով ու գունագեղ կծիկներով «զինված» տատիկները դրել են հանգույց առ հանգույց հյուսվող իրենց ստեղծագործություններում։ Այդ սերը հետո լիաբուռն վարձատրվեց իրենց նվերները ստացող մանուկների հրճվալից ուրախությամբ, ովքեր գեղեցիկ բլուզների, գլխարկների ու գուլպաների հետ փաթեթներից հանում էին նաեւ նվիրատուի անուն-ազգանունը։

Ո՞վ գիտի, մտածում ես, գուցե հեռավոր բարեգործներն էլ կարոտ են խլվլան թոռնիկների, որ քաղցրություն առնեն իրենց մայրամուտի օրերից, եւ երազել են, որ հայոց երկնքի տակ մի մանկիկ կարդա դողդոջուն ձեռագրով գրված ազգանվան «յան»-ը։

Եվ այս հեռակա, միջնորդավորված հանդիպումն, իրոք, անչափ հուզիչ էր։ Գրել-կարդալ իմացող բոլոր երեխաները խնամքով պահեցին իրենց բաժին հասած երկտողերը։

Առաջին հանդիպմանՙ մանկատուն այցելելու պատեհ առիթից օգտվելով, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը երեխաների համար նաեւ մանկական ներկայացում ուղարկեց, եւ երիտասարդական թատրոնի դերասանները մեծ ուրախություն պարգեւեցին բոլորինՙ մթնոլորտը հագեցնելով այնքա՜ն սպասված ու ցանկալի տոնական տրամադրությամբ։ Իրենց ողջ ուշադրությամբ ու հոգատարությամբ երեխաներին նվիրված մանկավարժները եւ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը հետո խոստովանեցին, որ նման հրճվանք ու խնդություն վաղուց չէին տեսել, եւ հոգու սով փարատելը նույնքան կարեւոր է, որքան ապաստանի ու ամենօրյա խնամքի խնդիրներ լուծելը։

Մանկատան առօրյային ծանոթանալովՙ իմանում ենք, որ այնտեղ բնակվող 118 երեխաներից շատ քչերն են երկկողմանի ծնողազուրկ, սակայն ծնողի ի հայտ գալուց հետո էլ դժվարությամբ են ընդունում կրկին ընտանիք վերադառնալու առաջարկը։

¬ Մեր մանկավարժների դաստիարակությունից հետո շատ երեխաներ չեն կարողանում հանդուրժել սեփական ծնողների կոպիտ վերաբերմունքը եւ հետ են վերադառնում,¬ պատմում է տնօրենը։¬ Ու քանի որ չափահաս դառնալուց հետո էլ դժվար են բաժանվում հարազատ հարկից, այստեղից ե՛ւ բանակ ենք ճանապարհում-ընդունում, ե՛ւ ամուսնացնում ենք, եւ փորձում ենք հոգալ աշխատանքի տեղավորելու հարցերը։ 18¬22 տարեկան 14 այդպիսի աղջիկ-տղաներ ունենք, որոնց հարցը գուցե կլուծվի պետբյուջեից նախատեսվող նոր հատկացումներով։

Բայց ուրախալի է, որ տարիների ընթացքումՙ 1936-ից մինչ օրս, գտնվել են նաեւ երեխաներին կյանքի նախապատրաստելու որոշ լուծումներ։ Գորգի-գոբելենի արվեստի մեջ հմտացող պատանիներն իրենց ուսուցչիՙ Ֆրեդ Գզրարյանի շնորհիվ, որպես պատրաստի վարպետներ են դուրս գալիս այս պատերից եւ աշխատանք են գտնում աճող պահանջարկի համեմատ։

Երեխաներն իրենք էլ շատ ասելիք ունեն։ Պատմում են նաեւ, որ գնացել են Երեւանՙ դիտելու «Արարատ» ֆիլմը, եղել կենդանաբանական այգում, Սեւանի ափին մնացել գիշերակացի...

Այս ամենը կանխազգացել էին հեռավոր մեր հայրենակիցները։ Ինչ լավ է, որ նրանց այդ կանխազգացմամբ մի օրվա լիաթոք ուրախություն էլ եղավ նրանց կյանքում։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4