Վրաստանի անվտանգության նախարարն ասում էՙ Աբխազիայում այսօր գործում են զինված չորս խմբավորումներ, որոնցից մեկը հայ-աբխազական է
Վրաստանի անվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիան Թբիլիսիում լույս տեսնող անգլիատառ «Ջորջիան թայմս» շաբաթաթերթին (3-ը մարտի) տված ընդարձակ հարցազրույցում ասում է. «Երբ Ռուսլան Գելաեւը Պանկիսի կիրճում էր, Վրաստանի անվտանգության նախարարությունը նրա հետ ուներ շփումներ։ Անձամբ ես նրան չեմ հանդիպել եւ, անշուշտ, նա չի եկել նախարարությունՙ հանդիպելու մեզ հետ։ Ես վճռականորեն հայտարարում եմ. Գելաեւը Վրաստանից հեռացել է անցած օգոստոսին եւ այդ ժամանակից մենք նրան կիրճում չենք տեսել»։
Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն փետրվարի 24-ի հարցազրույցում ասաց, որ Պանկիսում կայուն իրավիճակի պահպանումը եւ Չեչնիայից սպառազեն կազմավորումների կիրճ թափանցելու փորձերը հենց սաղմում կանխելը Վրաստանի ուժային կառույցների գործողության նոր փուլի գլխավոր խնդիրներն են։
Գարնան առաջին օրերին վրացական ուժային կառույցները ձեռնամուխ են եղել Պանկիսում հակաահաբեկչական եւ հակաքրեածին գործողությունների երկրորդ փուլին։ Կիրճը Թբիլիսիից մոտ 200 կմ է հեռուՙ Կախեթում։ Պանկիսի երկարությունը մոտ 21 կմ է, կիրճում կա 16 գյուղՙ վրացիների, օսերի, քիստերի (չեչենների) եւ խառը։
Նախագահ Շեւարդնաձեն հայտարարեց, որ Վրաստանն ընդունակ է Պանկիսում հաստատել կարգուկանոն, կիրճն ահաբեկչական եւ քրեածին տարածաշրջանից վերածել զբոսաշրջության դրախտավայրի։ Պանկիսը, ըստ նախագահի, ունի հիանալի բնություն, բարենպաստ վայրեր որսորդության համար, ինչը ստեղծում է զբոսաշրջության զարգացման լավ հեռանկարներ։
Անվտանգության նախարար Խաբուրձանիայի կարծիքով, Պանկիսի խնդիրն այս կամ այն չափով կմնա, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Չեչնիայում, որտեղից փախստականների հետ կիրճ են թափանցում չեչեն գրոհայիններ։
Փետրվարի 16-ին Վրաստանի կառավարության ընդլայնված նիստում, որը հեռարձակվում էր պետական հեռուստատեսությամբ, պրն Խաբուրձանիան հայտարարեց, թե «վահաբականների մի խումբ Պանկիսից անցել է Աբխազիա, եւ Ռուսաստանին վտանգ է սպառնում անջատողական հանրապետությունից»։
Անվտանգության նախարարը չմանրամասնեց, թե որ ճանապարհով են այդ վահաբականները Պանկիսից անցել Աբխազիա, այսինքնՙ Վրաստանի շրջանից մյուս շրջան։ «Այսօր Աբխազիայում կան զինված չորս խմբավորումներ, որոնց զենքով ապահովում է ռուսական կողմը։ Այդ խմբավորումներից մեկը հայ-աբխազական է, մեկըՙ չեչեն-աբխազական», ասաց Վալ. Խաբուրձանիան, չմանրամասնելով մյուս երկուսի կազմը։
Փետրվարի 26-ին Վրաստանի խորհրդարանում ուշագրավ հայտարարություն արեց մարդու իրավունքների պաշտպան Նանա Դեւդարիանինՙ կոչ անելով աբխազական անջատողական վարչակազմին ցուցաբերել բարի կամք եւ վերացնել մահապատիժը։ Տկն Դեւդարիանին այդ կոչն արեց այն պատճառով, որ Սուխումում մահապատժի է դատապարտվել ազգությամբ վրացի Գերվասի Ջոլոգուան։ Վերջինս Ռուսլան Գելաեւի գրոհայիններից է, գերվել է 2001 թ. հոկտեմբերին, երբ գելաեւականների 500 հոգանոց զինված խումբը Պանկիսից անցավ Աբխազիայի Կոդորի կիրճ եւ հետ շպրտվեց աբխազական զինված ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ գելաեւականների արշավանքին օժանդակել էին վրաց ուժային կառույցները, ինչն այսօր պաշտոնական Թբիլիսին այլեւս չի հերքում։ Բախումների ընթացքում սպանվեցին Աբխազիայի Նաա գյուղի 14 (կամ 16) հայ խաղաղ բնակիչներ։ Ռուսլան Գելաեւի ջոկատը լուրջ կորուստներ կրելով Աբխազիայումՙ վերադարձավ Պանկիսի կիրճ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի