Հայոց թերթերից մեկը նորերս սեփական լրատվություն էր հրապարակել Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմում տիրող տակավին խրթին իրադրության մասին։ Հենց առաջին նախադասությունից պարզ է դառնում նյութի կյուրեղյանամետ ու հակակաթողիկոսյան բնույթը։ «Ավելի քան 2 տարի է, ինչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն իր եղբորՙ Եզրաս սրբազանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ փորձում են լուծարել Մոսկվայի կրոնական համայնքը», ազդարարում է թերթը։ Նախՙ արգահատելի է անհարգալից վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, ինչն արտահայտված է, ի դեպ, նաեւ անգրագիտության միջոցով։ Հայոց ներկա հայրապետի ճիշտ անունը Գարեգին Բ է եւ ոչ թե Ա։ Եվ հետո, ինչքան կարելի է չարաշահել այն փաստը, որ Ռուսաստանի թեմի առաջնորդը նրա հարազատ եղբայրն է։ Հետո ինչ։ Եզրաս սրբազանը Սանկտ Պետերբուրգում իրեն լիուլի հաստատել էր դեռեւս այն ժամանակ, երբ ավագ եղբայրը սոսկ թեմերից մեկի առաջնորդն էր։ Ուրիշ ոչինչ չասենք, Ղազարոս Կյուրեղյանը տակավին Տիրան եղած ժամանակ 25 տարվա ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ չնորոգեց Մոսկվայի միակ հայկական եկեղեցին, իսկ Եզրաս սրբազանն իր պիտերյան 8-ամյա հովվական ծառայության ընթացքում վերականգնեց (ոչ թե նորոգեց) երկու խոշոր հայկական եկեղեցի։ Եվ երրորդՙ Արա Աբրահամյանը երբեւէ որեւէ հայցով դիմե՞լ է դատարանՙ ընդդեմ Կյուրեղյանի։ Եթե նա իր բացասական վերաբերմունքն է հայտնում հայ եկեղեցու պառակտմանը նպատակամղված վերջինիս նենգ գործողությունների առթիվ, դա բնավ էլ չի նշանակում, թե նա խառնվում է եկեղեցու ներքին գործերին։ Մոսկվայի ողջ հայ մտավորականությունն է դատապարտում Ղազարոսին, ինչն արտահայտված էր մոսկովյան «Նոյեւ կովչեգ» թերթում հրապարակված նամակում։ Արդեն վաղուց այս հարցը զուտ եկեղեցականից վերածվել է քաղաքական, հասարակական, ազգային, բարոյական խնդրի։
Այժմ դառնանք թերթի նշված դատական քաշքշուկների հարցին։ Այստեղ պետք է հիրավի արժանին մատուցել Ղազարոսինՙ ինտրիգանի իր կոչումն արդարացնելու գործում։ Նրա բոլոր գործողություններն ի սկզբանե անօրինական են այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում ոչ մի էջմիածնահպատակ կրոնական համայնք չի կարող գոյություն ունենալ առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության եւ տեղի թեմի առաջնորդի համաձայնության։ Աշխարհիկ լեզվով ասածՙ սա աքսիոմա է, եւ Ղազարոսի բացառիկ «շնորհքն» էլ այն է, որ նա արդեն շուրջ երկու տարի փորձում է «ապացուցել» անապացուցելին։ Խեղկատակությունը հասնում է այն աստիճանի, որ խրվելով իր իսկ որոգայթների մեջՙ Ղազարոսն անբացատրելիորեն այնքան է ոգեւորվում, որ իր «անկախ» կրոնական համայնքի կանոնադրության մեջ նշելով, որ այդ հաստատությունը կազմում է Էջմիածնի անբաժան մասը, սեւով սպիտակի վրա արձանագրում է իր «վսեմ» պաշտոնըՙ Հայ առաքելական եկեղեցու գլուխ։ Չի մոռանում իր երբեմնի նվիրական երազանքը։
Որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարություննՙ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, մոսկովյան պաշտոնական ներկայացուցիչ ճանաչում է Եզրաս սրբազանին, անառարկելի է։ Էջմիածնից մեզ են տրամադրվել նախագահ Վլ. Պուտինի եւ վարչապետ Մ. Կասյանովի ամանորյա շնորհավորանքներըՙ ուղղված եպիսկոպոսին։
Վերջին շրջանում շատ է հոլովվում նաեւ Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովի անունը, իբր նա անվերապահորեն պաշտպանում է Ղազարոսին։ Բայց եթե Լուժկովը Հայաստան կատարած այցելության ժամանակ Էջմիածնում ողջագուրվում է Հայոց հայրապետի հետ, սա չի՞ նշանակում, որ նա Հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանում ճանաչում է Սուրբ Էջմիածնով ու նրա գահակալով։ Ոմանց համար գուցեեւ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում Ղազարոսին ինչպե՞ս է հաջողվում «շարունակելի» դարձնել դատական նիստերը։ Հակառակ պարագայում մենք թերեւս նույնիսկ հպարտանայինք, որ մեր հայրենակիցն իր երբեմնի սուրբ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու դարձել է այնպիսի մի համառուսաստանյան լեգենդ դարձած երեւույթի կենդանի մարմնացումը, ինչպիսին է... կոռուպցիան։ Այս մթնոլորտում նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Չէ՞ որ Ղազարոսն ինքը չի կարող չիմանալ, որ իր «կրոնական համայնքների» հերթագայող գրանցումներից եւ ոչ մեկը չեն օրհնել ոչ կաթողիկոսը, ոչ առաջնորդը, ոչ էլ նույնիսկ Անթիլիասը։ Թեեւ ասում են, Կյուրեղյանը լուրեր է տարածում, որ իրեն ուղղված ամանորյա շնորհավորանքում Կիլիկիո կաթողիկոսը հիշել է նրա երբեմնի հոգեւոր անունը, կուզեինք հավատալ, որ դրանք սոսկ լուրեր են։ Ինչեւէ, ըստ Էջմիածնի աղբյուրների, Ռուսաստանի առաջատար քաղաքագետներից մեկը երբեւէ չի կարող իրեն թույլ տալ հավանություն տալու բարեկամ երկրի կառույցի պառակտմանը նպատակաուղղված որեւէ ոտնձգության։ Այն էլ Հայաստանին բարեկամ հռչակված երկրիՙ իրեն վստահված մայրաքաղաքում։ Մինչդեռ, համաձայն նույն աղբյուրների, Յ. Լուժկովը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս Մոսկվայի նոր հայկական եկեղեցու կառուցման գործը կվերահանձնվի Եզրաս սրբազանին։ Մնում է հուսալ, որ դատական վճիռներից անկախ Մոսկվայի հայությունը վերջապես կունենա Աստծո հետ հաղորդակցության արժանավայել նոր սրբավայր։ Եզրաս սրբազանի պիտերյան «շինարարական» տաղանդը կստանա նաեւ մոսկովյան գրանցում։
ՄԱՐԳԻՍ ՏԵՐ-ԳԵՎՈՐԳՅԱՆ