«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2003-03-07 | #45, 2003-03-08 | #46, 2003-03-11


ՊԻՏԵՐ ԱՅՔԵՐ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵԻՆՔ»

Բայց ԵԱՀԿ դիտորդների ու դիտողությունների պակաս չզգացվեց

ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական խմբերի եզրակացությունները Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ոչ այնքան հարցեր պարզաբանեցին, որքան նոր հարցադրումների տեղիք տվեցին։ Մեկի չափանիշներով ընտրությունները ժողովրդավարական էին, մյուսի չափանիշներովՙ ընդհակառակը։ Հետաքրքրականն այն է, որ ԱՊՀ-ն գրեթե ողջ կազմով ԵԱՀԿ-ի մեջ է, եւ այս տեսակետից ստեղծված իրավիճակն առավել քան հետաքրքրական է։ Թե ինչու նման հակասական դիրքորոշումներ արձանագրվեցին, ինչի արդյունք ու հետեւանք էին դրանք, փորձեցինք պարզել ԵԱՀԿ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Պիտեր Այքերից։

Սկզբից եւեթ նշենք, որ պրն Այքերի արտահայտած մտքերը հավելյալ մեկնաբանությունների կարիք են զգում վերջին իրադարձությունների ֆոնի վրա, ինչին կանդրադառնանք հետագայում։

¬ Պրն Այքեր, Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ձեր ղեկավարած ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունից հետո ընդդիմադիր ուժերը սկսեցին ակտիվորեն օգտագործել այնՙ հայտարարելով, թե միջազգային հանրությունն իրենց հետ է։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունները։

¬ Այս ընտրություններում մենք թեկնածու չունեինք։ Մենք ազնիվ եզրակացություն կազմեցինք, ազնիվ հաշվետվություն ներկայացրինք ընտրությունների վերաբերյալ ըստ այն ամենի, ինչ տեսել էինք։ Մենք ամբողջովին չեզոք ենք եւ հուսով ենք, որ բոլորը լրջությամբ կվերաբերվեն մեր հաշվետվությանը։

¬ Հայտնի է, որ ԱՊՀ բոլոր երկրները գրեթե ԵԱՀԿ անդամ են, այդ թվում նաեւ Ռուսաստանը։ Այսուհանդերձ, ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդական խմբերը ծայրահեղ տարբեր եզրակացություններ ներկայացրին։ Հետաքրքրական էՙ ԱՊՀ երկրները եւ մասնավորապես Ռուսաստանը որքանո՞վ էին ներկայացված ձեր ղեկավարած խմբում կամ արդյոք նրանք եւս համամի՞տ են եղել եզրակացության բովանդակությանը։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի նախագահն արդեն շնորհավորել է գործող նախագահին վերընտրվելու կապակցությամբ։

¬ Հիմա միանգամից չեմ կարող հիշելՙ արդյոք Ռուսաստանը մտե՞լ է այն 35 երկրների թվի մեջ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում դիտորդներ են ուղարկել Հայաստան։ Սակայն շատ դիտորդներ ունեինք ԱՊՀ այլ երկրներից։ Այսինքնՙ մեր խմբում կային 20¬25 դիտորդներ, որոնք ԱՊՀ երկրներից էին։

¬ Պրն Այքեր, ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական խմբերի եզրակացությունների ծայրահեղ տարբերությունները նկատի առնելով, որոշակի շրջանակներ այն կարծիքին են, թե դրանք պարզապես Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Անդրկովկասում եւ մասնավորապես Հայաստանում առկա շահախնդրությունների բախման արդյունք էին։ Ի՞նչ կարծիքի եք այս մեկնաբանությունների վերաբերյալ։

¬ ԱՊՀ դիտորդներն ընտրությունները գնահատում էին ըստ իրենց չափանիշների։ Մենք ընտրությունները գնահատում ենք ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի չափանիշներով։ Իսկ Հայաստանը եւ ԵԱՀԿ, եւ ԵԽ լիիրավ անդամ է, իր կամքով է անդամագրվել։ Հայաստանը հնարավորություններ ունի կիրառելու այդ չափանիշները։ Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն այդքան էլ դժվար գործ չէ։ Դրա համար ուղղակի պետք է քաղաքական կամք եւ, իմ կարծիքով, սխալ կլինի ասել, թե Հայաստանը չի կարող նման ընտրություններ անցկացնել։

¬ Ձեր վերջին ասուլիսում դուք խուսափեցիք հստակ պատասխանել, թե արդյոք ձեր կողմից կոնկրետ նշված ընտրական խախտումները կազդե՞ն ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Ո՞րն էր պատճառը։ Մյուս կողմից խնդրում եմ ձեր վերաբերմունքը ներկայումս դրանց բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

¬ Ես խուսափեցի ընտրությունների արդյունքները վավեր կամ անվավեր գնահատելուց, քանի որ ընտրություններ վավերացնելն իմ գործը չէ։ Սակայն այն խախտումները, որոնք մենք տեսանք, (օրինակ, քվեատուփերը լցոնելու դեպքերը), փոփոխություններ պետք է մտցնեին ընտրությունների արդյունքներում։ Ես կոչ եմ արել պետական մարմիններին պատասխանատվության ենթարկել խախտումներն իրականացրած մարդկանց։ Իսկ այն, ինչ արվում է հիմա, օրինական գործընթացներ են, որոնց դեմ ոչինչ չունենք, սակայն եթե վերահաշվարկվի տուփը, որտեղ լցոնված քվեաթերթիկներ կան, դա ոչինչ չի տա։ Պետք է ավելի կոնկրետ ու ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի խախտումները բացահայտվեն։

¬ Ձեր եզրակացության մեջ նշել էիք, թե ԿԸՀ ուղարկած 106 բողոքներից ոչ մեկին չեն պատասխանել։ Մինչդեռ ԿԸՀ աշխատակազմի պատասխանատուներից մեկն իր ասուլիսում հայտարարեց, թե դա իրականությանը չի համապատասխանում, բողոքների 90¬95 տոկոսին պատասխանել են։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս իրողությունը։

¬ Նա պատասխանում էր ոչ այն հարցին, որը մենք էին բարձրացրել։ Մեր հաշվետվության մեջ մենք նշել էինք, որ 106 բողոքներից ոչ մեկը չի բավարարվել։

¬ Կարելի՞ է ձեր վերջին խոսքերը համարել երկրորդ փուլից հետո ստացած տպավորությունների փոփոխություն, եթե նկատի առնենք վերջին ասուլիսում հնչած ձեր այն հոռետեսական հայտարարությունը, թե հուսալքված եք։

¬ Ես երբեք չեմ ասել, թե այդ հարցում հոռետես եմ։ Հայաստանն արժանի է եւ կարող է ունենալ ժողովրդավարական ընտրություններ։ Ես միայն ասել եմ, որ հիասթափված եմ։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4