Նախագահական ընտրություններում պարտություն կրեց հայ լրագրությունը
Անդրանիկ Մարգարյանը հրաժարվել է Հանրային հեռուստատեսության «Հայլուր», «Երեկոյան Երեւան» եւ այլ ծրագրեր դիտելուց, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններին։ Ընտանիքի անդամներին եւս փորձում է հնարավորինս հեռու պահել հեռուստատեսության «նախագահական» ծրագրերից։ Հողագործ Մարգարյանի խոսելու առոգանությունից, ատամները կրճտացնելու ձեւից տպավորություն էր ստեղծվում, որ հեռուստացույցի արկղը բացասաբար էր անդրադարձել երեք երեխաների հոր նյարդային համակարգի վրա։
Հայաստանի հյուսիսարեւելյան կողմերում մարդիկ ընտրության լայն հնարավորություն չունեն։ Հիմնականում բելառուսական արտադրության սեւ-սպիտակ հեռուստացույցները ընդամենը որսում են հայկական երկու ալիքներՙ Հանրայինը եւ «Պրոմեթեւսը»։
««Հայլուրի» Սյունիքի մարզի թղթակիցը երկրորդ փուլի արդյունքները հաղորդելիս ուրախությունը չէր կարողանում թաքցնել։ Իմ մեջ տպավորություն ստեղծվեց, որ Ռոբերտ Քոչարյանի պարտության դեպքում այդ լրագրողը հայության առջեւ էկրանից լացելու է», պատմում է գործող նախագահին քվե տված ուսուցչուհի Անժելան։
Իմ կոմունիստ ծանոթներից Գուրգենը մասնակցել է նախագահական բոլոր ընտրություններին, երկու անգամ ձայն է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապաՙ Կարեն Դեմիրճյանին, իսկ այս անգամՙ որդուն։ Գուրգենը հաճույքով պատմում է ամերիկացի եւ եվրոպացի «իմպերիալիստներից», որոնք նշում են, որ նախագահական ընտրությունների երկու փուլերն անցել են լուրջ խախտումներով։ Ուղնուծուծով կոմունիստ իմ ծանոթն արդեն մեկ ամիս ոչխարներին հանդից սովորականից շուտ է բերում, որպեսզի հասցնի ռադիոընդունիչով լսել «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հաղորդումները։ «Միայն նրանք են ճիշտ խոսում, հեռուստացույցը ծայրից ծայր սուտ է», ասում է Գուրգենը։
Այս կողմերում ռադիո չկա արդեն մի քանի տարի։ Հատկապես նրանք, ովքեր ձայն են տվել Ստեփան Դեմիրճյանին, այստեղից-այնտեղից ռադիոընդունիչ են ձեռք բերել, որպեսզի լսեն «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները։ Թերթեր կարդում են նրանք, ովքեր փող ունեն, իսկ փող ունեցող մարդիկ քիչ են։
«Ամոթ է, չի կարելի մարդուն գիշեր-ցերեկ վարկաբեկել, ամոթ է։ Հեռուստացույցը միացնում ես, գովում են իշխանությանը, պտտում ես «Պրոմեթեւս»ՙ գովում են Ռոբերտ Քոչարյանին», լեղապատառ է լինում Ստեփան Դեմիրճյանի անուղղելի պաշտպան հորեղբայրս։
Այս ընտրությունները մարդկանց չարացրել են, հոգիները լցրել մաղձով։ «Տասնհինգ տարի առաջ փախել եմ Ադրբեջանից, հասել Հայաստան, այս հողի վրա տուն ու տեղ դրել։ Տասնհինգ տարի ինձ եւ ինձ նման հազարավոր փախստականներին անվանում են թուրք կամ թուրքի «մատոռով» հայ։ Ես եւ մեր ամբողջ գյուղըՙ հինգ հարյուրից ավելի ընտրող, քվեարկել ենք Ռոբերտ Քոչարյանի օգտին ու լավ ենք արել, 100 տոկոս ձայն ենք տվել։ Թե չէ, որ Դեմիրճյանի տղան թագավոր դառնար, իմ կյանքը փոխվելո՞ւ էր, կամ ինձ չէի՞ն ասելու թուրքի «մատոռով» հայ», տաքսում նստած «հայաստանցու» վրա բղավում է զորականցի Աշոտըՙ միջին տարիքով Չարդախլու գյուղից բռնագաղթածը, ով տասնյակ նոյեմբերյանցիների հետ Սադախլոյի սահմանամերձ շուկայում «համբալություն» է անում «վրացու, ադրբեջանցու ու երեւանցու համար»։
«Ես ընտրել եմ Դեմիրճյանին, բայց անընդունելի եւ վտանգավոր եմ համարում, երբ Քոչարյանին պիտակում են ղարաբաղցի։ Չի կարելի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, ինչը մեր պատմության ողբերգության հետեւանքն է, տարբերություն դնել, հայաստանցուն չարությամբ լցնել ղարաբաղցիների դեմ։ Այս հարցում միայն ընդդիմությունը չէ մեղավոր կամ առանձին մարդիկ, ովքեր զբաղված են մեր դժվար կյանքը ղարաբաղյան հարցով, ղարաբաղյան պատերազմով եւ ընդհանրապես ղարաբաղցիներով պայմանավորելով։ Իմ երկու ջահել տղաներն աշխատանք չունեն, իմ ընտանիքը լավ չի ապրում, բայց հեռուստացույցով գիշեր-ցերեկ ինձ ուզում են համոզել, որ այսօր երեկվանից լավ եմ ապրում», ասում է աշխատանք սիրող ու ամբողջ կյանքը քրտինքով ապրած Վանիկ Գորգինյանը, որի տղան կամավոր ծառայել ու վերջերս է վերադարձել Ստեփանակերտից։
Տասնյակ մարդկանց հետ եմ զրուցել ընտրությունների օրերին, հետընտրական շրջանում։ Նրանցից շատ-շատերը, այդ թվում Քոչարյանի մոլի պաշտպանները, ասում են, որ հայկական հեռուստատեսությունը գործող նախագահին չափից դուրս, անհարկի գովաբանելով, հարվածեց նրա վարկանիշին։
«Քոչարյանը նախընտրական քարոզչության էր եկել։ Մի անձնավորություն, որ տեղացիների շրջանում բոլորովին էլ բարի համբավ չունի, նախագահին թուր նվիրեց։ Քոչարյանը վերցրեց թուրը, իսկ հեռուստատեսությունն ութ անգամ այդ կադրերը ցույց տվեց։ Ես գիտեմ շատերին, ովքեր պատրաստ էին Քոչարյանին ձայն տալ, բայց այդ կադրերը դիտելուց հետո մտքները փոխեցին», ասում է Արտաշես Գեղամյանի փրկության ծրագրին հավատացող Գրիշա Մարկոսյանը։
«Հայլուրի» այդ հաղորդավարուհին իր հեգնական տոնով կյանքս ուտում է», ավելացնում է դպրոցական երեք երեխաների հայր Ժիրայր Սարուխանյանը։
«Ամեն ինչում չի կարելի իշխանություններին մեղադրել։ Այս տարի Նոյեմբերյանում մի փուչ հատիկ չի ցանվել։ Չի ցանվել նաեւ հարեւան Դովեղի 150 հեկտար ցանքատարածությունը։ Սահմանամերձ երկու գյուղերումՙ Կոթիում եւ Բերդավանում մարդիկ արտ են ցանել։ Հիմա ասա՛, ո՞րն է Քոչարյանի մեղքը։ Մեղավոր են համայնքապետները, ովքեր ամեն ինչ արդարացնում են երկրի դժվար վիճակով։ Ես ընտրել եմ Քոչարյանին, բայց համաձայն եմ, որ լրագրողները նրան տեղի-անտեղի շատ են գովում, մյուս թեկնածուներինՙ հեգնում», ավելացնում է Գուրգեն Գիշյանը։
««Օրակարգ» ծրագիրը երեք հյուրի է կանչումՙ դաշնակցական Աղվան Վարդանյանին, «Օրինաց երկրի» Սերգեյ Երիցյանին եւ հանրապետական Տիգրան Թորոսյանին։ Ու երեքը միասինՙ գումարած հաղորդավարը, գովում են Քոչարյանին, փնովում Դեմիրճյանին, Գեղամյանին», ասում է Արթուր Մամյանը։
Մարդկանց հետ անհնար է վիճել, համոզել հակառակը։ Ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցներն ակնհայտորեն քաղաքականացվել են, դարձել այս կամ այն թեկնածուի, ուժի խոսափողը։ Ընդդիմադիր եւ Ստեփան Դեմիրճյանին սատարող լրատվամիջոցները ոչնչացնում էին գործող նախագահին, վերջինիս պաշտպանող քաղաքական ուժերին, կուսակցության ղեկավարներին։ Հակառակորդին հեգնելու, ոչնչացնելու մարտավարությունն էին ընտրել նաեւ իշխանամետ լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հայ լրագրությունը պարտություն կրեց։ Մերՙ լրագրողների ջանքերով թշնամություն, ոխ, մաղձ սերմանվեցին հայ ժողովրդի մեջ։ Փաստերը ներկայացնելու փոխարեն լրատվամիջոցները առաջնորդվեցին զգացմունքային, անձնական տեսակետներ ներկայացնելով, շարքային քաղաքացու, ընտրողի վզին փաթաթելով իրենց սեփական դիտարկումները, կարծիքը։
Մինչդեռ մարդիկ այնքան էլ միամիտ չեն, որքան մենք ենք պատկերացնում։ Մերկ քարոզչությունը բերում է հակաքարոզչություն։
«Գեղամյանին Սեւանում շալակած տանում էին, Դեմիրճյանի ոտքերի առաջ ոչխարներ մորթում։ Մարդ ինչքան պետք է անխելք, անինքնասեր լինիՙ շալակում է թեկնածուին, մյուսի ոտքերի տակ գլխատում իր նեղ օրվա ունեցվածքը։ Ով էլ գա, նստելու է իմ ու ինձ նմանների ուսերին։ Ես ընտրել եմ Քոչարյանին։ Լավ թե վատՙ երկիրը խաղաղ է պահում, թե որ նորը եկավՙ ի՞նչ է փոխվելու։ Իմը բահն ու գերանդին է», ասում է Սերյոժա Ալեքսանյանը։
«Դեմիրճյանի կողքին ո՞վ է կանգնածՙ Արամ Կարապետյանը։ Այդ մարդը հեռուստաէկրանից երեք միլիոն ժողովրդին լկտիաբար ասում է, որ «մինչեւ փետրվարի 19-ը մատ եմ թափ տվել, նրանից հետոՙ ուրիշ բան եմ թափ տալու»։ Էն օրն էլՙ մարտի 8-ին, հայ կանանց միտինգն էր վարում։ Սա չէ՞ քո Դեմիրճյանի տղան», ավելացնում է Սասուն Խաչիկյանը։
«Ի՞նչ են ուզում Դեմիրճյանից։ Ընտրություններից առաջ վարկաբեկում էին, ընտրությունները վերջացել են, հիմա էլ հեգնում են։ Չի կարելի մարդուն հանել հոգեկան հավասարակշռությունից», ասում է Արտակ Հարությունյանը։
Նյարդայնացած Հայաստանը կարծես թե մտադրություն չունի ազատվելու, հրաժեշտ տալու այս անառողջ մթնոլորտին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նոյեմբերյան
Հ. Գ. Այս թղթակցության մեջ հիշատակված մի քանի անձանց անունները փոխված ենՙ իրենց ցանկությամբ։ Դժվարանում եմ ասել, թե ինչու են ժողովրդավարական Հայաստանում մարդիկ խուսափում ինչ-որ բանից։ Միգուցե սա է՞լ է նյարդայնացման հետեւանք։