«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2003-03-07 | #45, 2003-03-08 | #46, 2003-03-11


ԴՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄԸՙ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆ

Հայաստանում նախագահական ընտրությունների ողջ ընթացքին Արցախը հետեւում էր զուսպ լարվածությամբ։ Ընտրապայքարի գործընթացին չմիջամտելու նպատակադրությունը ճիշտ վերաբերմունք էր, թերեւս, այն առումով, որ ընդդիմության շեշտված հատվածամտությունը կարող էր առավել լայն շահարկման առարկա դառնալ։ Որտեղացի լինելու պարագան, բարեբախտաբար, մեծ շրջանառություն չգտավ, եւ ողջախոհության հաղթանակը հենց կարելի է համարել ընտրությունների գլխավոր արդյունքը։

Տեղական հեռուստատեսության հարցախույզները փաստեցին, որ Արցախում բնավ անձնավորված չեն տեսնում ՀՀ նախագահի պաշտոնը, այլ կարեւորում են նախ եւ առաջ երկրի ղեկավարի պատասխանատվությունը ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման ջանքերում։ Միեւնույն ժամանակ նրանք փայփայում են այն համոզմունքը, որ հաջորդ նախագահական ընտրություններում Ղարաբաղը եւս մասնակցություն կունենա քաղաքական օրինավոր իրավունքով։

Մեկնաբանելով հայաստանյան ընտրությունները, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց, որ ընտրությունների երկու փուլով անցկացումն ինքը գնահատում է իբրեւ ժողովրդավարության դրսեւորում։ Այս տեսակետից նա ողջունելի համարեց, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը չփորձեցին պնդել իրենց թեկնածուիՙ արդեն առաջին փուլում ընտրված լինելը։

Մարտի 5-ի քվեարկության արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքական ուժերի իրական հարաբերությունները, նշեց Վ. Աթանեսյանը։ Այն փաստը, որ Ստեփան Դեմիրճյանը ստացել է քվեների մեկ երկրորդը, վկայում է, որ նա լուրջ քաղաքական դեմք է Հայաստանի Հանրապետությունում։ Նախագահ Ռ. Քոչարյանը, ըստ խորհրդարանականի, իշխանություններն առհասարակՙ պետք է կարողանան լավագույնս օգտագործել ոչ միայն իրենց սատարող, այլեւ ընդդիմության քաղաքական ռեսուրսները, մանավանդ որ առջեւում ՀՀ խորհրդարանական ընտրություններն են։

Ժողովրդավարության գործնական արտահայտություններից մեկը նշելով ուժեղ ընդդիմության առկայությունը, Վ. Աթանեսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն իր հերթին պետք է լինի կառուցողական։ Հանրահավաքներով կամ երթերով ընտրությունների արդյունքները վիճարկելը անհեռանկարային քայլ է, ընդամենըՙ պոպուլիզմ, որը նպատակ ունի համահավաք պահել ստացած 500.000 ձայներըՙ մինչեւ խորհրդարանական ընտրություններ։ Դա էլ յուրօրինակ քարոզչություն է, ասաց արցախցի խորհրդարանականը, որը բնական կարելի է համարել։ Անընդունելին, տվյալ դեպքում, իշխանությունը բռնազավթելու, այն չճանաչելու կամ էլ վրեժխնդրության կոչերն են։ Հարկ է չմոռանալ նաեւ, հիշեցրեց Վ. Աթանեսյանը, որ Ս. Դեմիրճյանին կողմ քվեարկած քաղաքացիները ներկայացնում են ոչ միայն ՀԺԿ-ն, ուստի մեկ երրորդ ընտրախավի պահպանումը լուրջ խնդիր է լինելու։

Նշելով, որ ՀՀ քաղաքական դաշտում գերակայում են ձախ ազգային գաղափարախոսության արժեքները, Վ. Աթանեսյանն ափսոսանք հայտնեց, որ երկրում դեռեւս չի ձեւավորվել ազատական գաղափարախոսություն։ Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները պետք է ձգտեն ապահովել տարաբեւեռ քաղաքական դաշտը, հնարավորություն ստեղծելով նաեւ լիբերալ-քաղաքական բեւեռի ձեւավորման համար։

Դատելով ՀԺԿ-ի քաղաքական դրույթներից, ըստ Վ. Աթանեսյանի, այն չի կարելի եվրոպական չափանիշներին համապատասխան ազատական համարել, սակայն կուսակցության շուրջ լիբերալ գաղափարախոսության ձեւավորումը հնարավոր է, ինչը նաեւ անհրաժեշտ է իշխանություններին։ Նման գաղափարախոսության առկայությունը հնարավորություն կընձեռի իշխանություններինՙ արտաքին շփումներում հարկ եղած դեպքում խուսանավելու կամ դիվանագիտական մանեւրներ կատարելու։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին, Վ. Աթանեսյանն այն բանականության սահմաններում գնահատեց, որովհետեւ անտրամաբանական կլիներ, իրոք, ընդդիմության կողմից պարտությունն հաճույքով ընդունելը։

Ինչքան շուտ ընդդիմությունն ազատվի ամբոխավարությունից, այնքան դյուրըմբռնելի կլինի իշխանությունների համար, իսկ դա հանդուրժողականության հիմնական պայմաններից մեկն է։ Պետք է ձգտել հենց դրան։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4