«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2003-03-07 | #45, 2003-03-08 | #46, 2003-03-11


ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎՙ ՄԻ ՔԱՆԻ ՁԱՅՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որի վերահսկողության տակ գտնվում են 22 ընտրական տեղամասեր, ստացել էր 11 տեղամասերի վերաբերյալ դիմում-բողոքներ։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հարություն Խաչատրյանը։

Մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետոՙ հաջորդ օրը մինչեւ 14.00-ն թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է հիշյալ 11 դիմում-բողոքը։ Հիմնականում այն բովանդակությամբ, թե Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք հաշվարկման գործընթացում չեն կարողացել տեսնել քվեաթերթիկների ողջ փաթեթը։

Չնայած, ըստ հանձնաժողովի նախագահ Հարություն Խաչատրյանի, վստահված անձանց ցանկացած պահանջ բավարարվել է, ոչ մի վստահված անձ իրեն քվեաթերթիկ ցույց տալու պահանջ ներկայացնելու իրավունքից, ըստ էության, չի օգտվել։

Ինչեւէ, մարտի 9-ին, ժամը 12.00-ին թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում քննարկել է 11 դիմում-բողոքները եւ որոշել, որ 5 ընտրական տեղամասերում կատարվեն ստուգումներ։ Ըստ այդմ, ստուգումներ են անցկացվել 0138/07, 0141/07, 0145/07, 0151/07, 0152/07 տեղամասերում, որտեղ բացվել են փաթեթները։ Ստուգման արդյունքում ի հայտ են եկել չնչին տարբերություններ։

Թիվ 7 ընտրատարածքի ընդհանուր տվյալներով, մինչ ստուգումները Ստեփան Դեմիրճյանի օգտին արձանագրվել է 9.004 կողմ ձայն, Ռոբերտ Քոչարյանի օգտինՙ 14.625։

Ստուգման ժամանակ վստահված անձանց հնարավորություն է տրվել ստուգել նաեւ ընտրացուցակներում առկա ստորագրությունները, իրենց հետ բերված հանրապետությունից բացակա մարդկանց ցանկի հետ, ճշտելու, թե արդյոք այդ բացակաների փոխարեն քվեարկված է, թե ոչ։ Մասնավորապես 85, ըստ վստահված անձանց, բացակայողներից 6-ի անունների դիմաց է միայն եղել ստորագրություն։ Սա, ըստ Հարություն Խաչատրյանի, երեւութային չէ։ Ստուգման ժամանակ ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ դիտորդները, վստահված անձինք։

Արդյունքումՙ թիվ 7 ընտրատարածքում Ստեփան Դեմիրճյանի ձայներն ավելացել են 3-ով, կազմելով 9.007, Ռոբերտ Քոչարյանի ձայները պակասել են 7-ով, եւ կազմել է 14.618։ Անճշտությունները եղել են 102։

Նշենք, որ այս ընտրատարածքում Ստեփան Դեմիրճյանը հաղթել է 22-ից 2 ընտրատեղամասերում։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բավական հետաքրքրական մի օրինակ բերեց։ Տեղամասերից մեկում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը նախ գրավոր շնորհակալություն է հայտնել տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի աշխատանքի կապակցությամբ, ապա նրա անունով ստացվել է բողոք, թե տեղամասում ամեն ինչ չէ, որ թափանցիկ է եղել։

Պրն Խաչատրյանի այն հարցին, թե արդյոք շնորհակալություն հայտնելիս բռնություն կամ ճնշում գործադրվե՞լ է վստահված անձի նկատմամբ, վերջինս պատասխանել է, որ շնորհակալություն հայտնելուց հետո է ինքը որոշ տեղեկատվություն ստացել, որի հիման վրա էլ ներկայացրել է բողոք։

Այս փաստը հետաքրքրական է այնքանով, որ վստահված անձը տեղամասում չէ, որ տեղեկացել է այդ տեղամասում կատարվածի մասին։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4