ՀՌԱԿ նոր ակումբներ եւ նորագիրներ
ՀՀ նախագահական ընտրություններն ավարտվել են, ընտրվել է երկրի նախագահ։ Եվ օրեցօր մարում են ընտրական կրքերը։ Ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Երկիրը պետք է շարունակի ապրել։ Անկասկած, քաղաքական պայքարն այժմ նոր որակներ է ձեռք բերելու, որովհետեւ այսօրվանից արդեն սկսվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների թեկնածությունների առաջադրումը։ Իսկ այս պարագայում արդեն կարեւորվում է քաղաքական խմբավորումների, հատկապես կուսակցությունների գործունեությունը։
Հայ հասարակության մեջ մեծ հեղինակություն ու ժողովրդականություն են վայելում հայկական ավանդական կուսակցությունները։ Այս իմաստով օրինակելի է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության վիճակը, որը զարգանում եւ հզորանում է անընդհատ։ Դրա վկայությունն է այն, որ 2000 թ. վերջերից մինչեւ հիմա Հայաստանի ռամկավարների թիվն ավելացել է 12 անգամ։ Ի դեպ, ասենք, որ կուսակցությունից հրաժարվողներ չեն եղել։ ՀՌԱԿ ղեկավարները, հատկապես ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, այս իրողության մեկ բացատրություն ունեն. կուսակցության ղեկավարությունը, ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը միշտ էլ հանդես են եկել կուսակցության շարքային անդամների նկատմամբ դրսեւորած ազնիվ, հստակ վերաբերմունքով։ Այսպես է եղել ինչպես ներկուսակցական հարցերում, այնպես էլ կարեւորագույն քաղաքական դիրքորոշումներում։
ՀՀ նախագահական ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ ՀՌԱԿ-ը հստակեցրեց իր քաղաքական գիծը. պաշտպանել երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Եվ սա հենց այնպես, հավուր պատշաճի արված հայտարարություն չէր։ Ինչպես 2002 թ., այնպես էլ հետագայում ՀՌԱԿ ատենապետը, Հանրապետական վարչության անդամները հանդիպումների ժամանակ, ասուլիսներում, հարցազրույցներում հստակ բացատրում էին կողմնորոշման ճշմարտացիությունը։ Եվ այս քաղաքական գծից շեղումներ չեղան երբեւիցե։
Անկասկած, մարդիկ հավատում են այն կուսակցությանը, որի ղեկավարները վստահ են իրենց քաղաքական դիրքորոշումներում եւ ազնիվ են կուսակցության անդամների հետ հարաբերություններում։ Ուստի եւ բնական է, որ այսօր էլ շարունակվում է ՀՌԱԿ-ի շարքերի համալրումը։ Միայն վերջին մի քանի օրում մոտ 400 մարդ կուսակցության անդամի երդում տվեց։
Մարտի 6-ին Լոռու մարզում էր ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը, որ ներկա եղավ տեղի «Ստեփանավան», «Լալվար» (Ագարակ գյուղ), «Տաշիր», «Լեջան» եւ «Արմանիս» ակումբներում նորագիրների ընդունելություններին։ Նույն օրը Աբովյան քաղաքում էր ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը, որը ներկա էր «Կոտայք» ակումբում 21 նորագիրների ընդունելությանը։
Նույն օրըՙ մարտի 7-ին, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանն ընդունեց 113 նորագիրների երդումը։ Համալրվեցին ՀՌԱԿ «Իջեւան», «Այգեհովիտ», «Ազատամուտ», «Աչաջուր», «Կողբ» ակումբները։ Իսկ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Արմեն Ազիզյանը Ալավերդու նույնանուն ակումբում ներկա գտնվեց 5 նորագիրների անդամակցությանը։
ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը հաջորդ օրը եղավ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Արդեն ժողովրդականություն վայելող եւ քաղաքական կշիռ ունեցող «Իսրայել Օրի» ակումբը համալրվեց եւս 47 նորագիրներով։ Հարություն Առաքելյանն ակումբի անդամների եւ նորագիրների աշխատանքը ՀՀ նախագահական ընտրություններում բարձր գնահատեց եւ հույս հայտնեց, որ մեր երկրի հետագա համընթաց զարգացումը նույնպես շարունակություն կունենա։
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Գայանե Մուրադյանը շնորհավորեց կուսակցության 15 նորագիրներին, որոնք համալրեցին «Կողբ» ակումբը (Արագածոտնի մարզ)։
Մարտի 9-ին ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը եւ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանն այցելեցին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնք, որտեղ ձեւավորվեցին «Արարատ» (ատենապետՙ Գարրի Բեգինյան, 11 կուսակցական) եւ «Կարս» (ատենապետՙ Խաչիկ Բեգինյան, 15 կուսակցական) ակումբները։ Իսկ այս տարածքում գործող «Կողբ» ակումբը համալրվեց 19 նորագիրներով։
Այժմ, երբ առավել հստակ են Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության քաղաքական դիրքորոշումները, շատ մարդիկ վստահությամբ դիմում են ՀՌԱԿ Հանրապետական վարչություն եւ սկզբնական կազմակերպություններ (ակումբներ)ՙ կուսակցությանն անդամագրվելու համար։
Ս. Մ.