Ազգային ժողովն անտակ հոր չէ
Մայիսի 29-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր հավակնության մասին երեկ տեղի ունեցած համագումարում հայտարարեց Ժողովրդական կուսակցությունը։ Խոսքը Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության մասին չէ։ 1995-ին հիմնադրված ԺԿ-ն, որի մասին վերջին տարիներին ընդհանրապես չէր հիշատակվում, ընտրություններից առաջ թափ է տալիս իր վրայի ութամյա փոշին։ Կուսակցությանը «նոր շունչ» է տվել այս տարվա հունվարի 24-ից դրա ղեկավարությունը ստանձնած ԱԼՄ հեռուստաեթերից արդեն հայտնի Տիգրան Կարապետյանը։ Այն լուրերը, թե Վոլգոգրադից եկած գործարարը ԺԿ հիմնադիր Պետրոս Քացախյանից կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար 5 հազար ԱՄՆ դոլար է վճարել, պրն Կարապետյանը հերքեց, թե հակառակըՙ իր մոտ են 20 հոգով եկել, առաջարկել, որ դառնա ԺԿ նախագահ։ Թե ինչու է իրեն արվել այդ առաջարկը, Տիգրան Կարապետյանը բացատրում է ոչ թե իր տրամադրության տակ առկա ռեսուրսներով եւ ոչ համեստ կարողությամբ, այլ գաղափարական համատեղելիությամբ։ Ու եթե նույնիսկ համախմբումը գաղափարի շուրջ է եղել, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության ֆինանսական կողմը Տիգրան Կարապետյանին առնչվելու է։ Համենայն դեպս, նախընտրական շրջանում ինչ ֆինանսներ են ծախսվելու հարցը պրն Կարապետյանի զարմանքն առաջացրեց եւ նա հարցին հարցով պատասխանեց. «Աղքատ մարդու տպավորությո՞ւն եմ թողնում»։
Ի դեպ, Պետրոս Քացախյանի մասին։ ԺԿ երկրորդ դեմքը դարձած նախկին ռամկավարն ավելի վաղ անցյալում Հայոց համազգային շարժման ակտիվիստներից է եղել։ 1995-ին Հայաստանում հիմնադրել է մի քանի հոգանոց կազմակերպություն, յուրացնելով դեռեւս 1921-ին Ռամկավար Ազատական կուսակցության հետ միավորված նույնանուն Ժողովրդական կուսակցության անունը։
Գաղափարը, որի մասին խոսք է գնում, ներկա քաղաքական դաշտում կենտրոնամետ դիրք զբաղեցնելն է։ Ինչ է դա նշանակում հարցը Տիգրան Կարապետյանի կողմից պոպուլիստական պատասխանի արժանացավ. չլինելով ո՛չ իշխանամետ, ո՛չ էլ ընդդիմադիր, ժողովրդի շահերից բխող ազգօգուտ, յուրաքանչյուր հարցի շուրջ երկու կողմի հետ էլ համագործակցող։ Այստեղ հարկ ենք համարում հիշել կուսակցություն բառի ծագումը։ «Կույս» նշանակում է կողմ, ուստի պրն Կարապետյանը կամ ստիպված է լինելու կողմնորոշվել, կամ էլ իր ղեկավարած կառույցը վերանվանել «միություն»։
Ի դեպ, կենտրոնում լինելու գաղափարը Տիգրան Կարապետյանն իր ղեկավարած հեռուստաընկերության եթերից հնչեցնում է ամիսներ շարունակ, այնուամենայնիվ, այն անվանել է այլընտրանքային, անկախ, մինչդեռ հայտնի է, որ եթերը հզոր զենք է, այս դեպքում նաեւ միջոցՙ ճանաչում ձեռք բերելու եւ քաղաքական շրջանառության մեջ դրվելու համար։ Երեկ էլ Տիգրան Կարապետյանի այն խոսքերը, թե հեռուստատեսությունն ու կուսակցությունն իրարից անկախ են, համոզիչ չէին, մանավանդ որ գոնե երեկվա համագումարը նկարահանում էր ոչ թե մեկ, այլ ԱԼՄ-ի մի քանի տեսախցիկ։ Ինչեւէ, առաջիկա 1¬2 ամիսներին ԱԼՄ-ի այլընտրանքային լինելը իսկապես կերեւա։
Խորհրդարանական ընտրություններին Ժողովրդական կուսակցությունը հնարավոր է համարում դաշինքն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կձգվեն դեպի կենտրոն։ Տիգրան Կարապետյանը երեկ էլ չթաքցրեց իր ջերմ զգացմունքներն Արտաշես Գեղամյանի հանդեպ, նշեց, որ Գեղամյանին համարում է դասական ընդդիմադիր լիդեր ու եթե Գեղամյանը մոտենա կենտրոնին, ինքը հաճույքով դաշինք կկազմի։ Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, պրն Կարապետյանը նրան հայկական Լենին է անվանումՙ համարելով ժամանակավոր, էմոցիոնալ առաջնորդ։ Իսկ Գեղամյանին անցած նախագահական ընտրություններին, Կարապետյանի խոսքով, ընդդիմությունն ու իշխանությունները «քցեցին»։
Ի դեպ, երեկվա համագումարին երկրորդ դեմքի մակարդակով ներկայացված էր Ազգային միաբանությունը։ Եկել էին նաեւ Դեմկուսի, ԱԺՄ ներկայացուցիչները։
Տիգրան Կարապետյանի ղեկավարած կուսակցությունը խորհրդարան կփորձի մտնել ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգերովՙ առաջին դեպքում 4, երկրորդումՙ 20 պատգամավորության թեկնածու առաջադրելով։ Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանին, նա գերադասում է Ազգային ժողովում հայտնվել մեծամասնական ընտրակարգով, այն էլ իր հայրենի թաղիցՙ Կայարանից։
Այս հանգամանքին նա մեծ ուշադրություն է դարձնում եւ ասում է, որ պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկել է եւս մեկ կայարանցուՙ իր ընկերներից։
Թերահավատորեն վերաբերվելով Տիգրան Կարապետյանիՙ գալիք Ազգային ժողովում հայտնվելուն, արդեն զգալի է դրանում թաղա-խնամիական հարաբերությունների հավանականությունը։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ