Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Նորայր Դավթյանը վերջերս թողարկել է ձայնագրությունների առանձին լազերային սկավառակ։ «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս» Սայաթ-Նովայի քամանչան բնորոշող խոսքերով վերնագրված այս սկավառակը նորություն է մեր երաժշտական իրականության մեջ։
Քամանչայի հետ առաջին ծանոթությունը եղել է, երբ Նորայր Դավթյանը 7 տարեկան էր։ Դա եղել է երջանկահիշատակ Արտաշես Խաչատրյանի նախաձեռնությամբ։ Հովանավորի նպատակն էր տարբեր շրջաններում ժողնվագարանների եւ կատարողական արվեստի հանդեպ հետաքրքրություն, մասսայականություն ձեւավորելը եւ միաժամանակ փնտրել շնորհաշատ երաժիշտների։
¬ Ամենատարբեր գործիքներից ընտրեցի քամանչան,¬ ասում է Նորայր Դավթյանը։¬ Այսօր, ցավոք, պետական նման հոգածությունը բացակայում է, ժողնվագարանային կատարողական արվեստը բարձիթողի վիճակում է, եւ մեր երիտասարդությունն անհաղորդ է այդ արվեստին։ Թողարկելով ձայնասկավառակըՙ ես նպատակ ունեի լրացնել նաեւ այդ բացը։
Մենք ունենք բանիմաց, խելացի, ինտելեկտուալ երիտասարդություն, որը, սակայն, հեռացել է մեր հոգեւոր ակունքներից։ Այս ոլորտում մեր բացթողումը շատ մեծ է։ Քանի որ չի տարվում համապատասխան պետական քաղաքականությունՙ բնագավառը բաց է մնացել զանազան օտարամուծությունների եւ ցածրորակ զանգվածային մշակույթի համար։ Ցավալի է, որ այն ընդգրկել է ողջ հեռուստաեթերը եւ մատուցվում է առանց վերահսկողության։ Կրկին այդ նույն պետական հոգածության բացակայության պատճառով սփյուռքում էլ հայկական երգարվեստը ներկայացվում է այդ նույն մակարդակով։
¬ Կարծես թե վերջին շրջանում այդ ոլորտում ինչ-որ քայլեր արվում են։
¬ Ես ողջունում եմ մեր այն արվեստագետներին, որոնք մշակույթի համար այս դժվարին ժամանակներում մնացին արվեստագետի իրենց կոչմանը հավատարիմ, չդավաճանեցին պրոֆեսիոնալիզմի իրենց սկզբունքներին։ Ես կասեի, որ այսօր մեր մշակույթը գոյատեւում եւ պահպանվում է այդ նվիրյալների ջանքերով։ Դեռ ավելին, մտահոգված սերունդների հայեցի դաստիարակության խնդրով, ահազանգում են իշխանություններինՙ գիտակցելու հարցի կարեւորությունը։
¬ Ի՞նչ սկզբունքով եք ընտրել սկավառակում ընդգրկված ստեղծագործությունները։
¬Սկավառակում ընդգրկված են տարբեր բնույթի ստեղծագործություններՙ ժողովրդական, աշուղական մեղեդիներից եւ պարեղանակներից մինչեւ արեւելյան դասական մեղեդու (մուղամ) կատարումներ։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Սայաթ-Նովայի 7 ստեղծագործություններ ընդգրկված են սկավառակում, որոնցից 6-ը ներկայացված են փնջով (պոպուրի տարբերակով)։ Սկավառակում ընդգրկված են նաեւ Վլ. Բալյանի, Ա. Մեջինյանի, Խ. Ներսիսյանի եւ իմ ստեղծագործությունները։
ՆԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ