«Ազգի» ընթերցողները հիշում են «Երեխաների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գիվոեւի պնդումներն այն մասին (տեսՙ «Ազգ», 25 փետր. 2003 թ.), թե ՀՀ նախագահության նախկին թեկնածու Արամ Կարապետյանը Մոսկվայում առանձնահատուկ կապեր ունի Հեյդար Ջեմալի հետ, որը ռուսաստանաբնակ ադրբեջանցի է, մահմեդական աշխարհում բավական ճանաչված, չեչեն ահաբեկիչների հետ սերտ հարաբերությամբ։ Ըստ Գիվոեւի, նա է ֆինանսավորել Ա. Կարապետյանի ընտրարշավը։ Դրան ի պատասխան, «Ազգի» հաջորդ համարում տպվել էր պրն Ա. Կարապետյանի հերքումը, որտեղ վերջինս հայտնում էր, թե «որպես ՌԴ Պետդումայի անվտանգության խորհրդի հարավի հարցերի պատասխանատու» բազմաթիվ շփումներ է ունեցել եւ այսուհետեւ էլ ունենալու է ՌԴ, Հարավային Կովկասի եւ այլ երկրների քաղաքական վերնախավի ամենատարբեր դեմքերի ու շրջանակների հետ, այդ թվումՙ Հեյդար Ջեմալի հետ»։
Երեկ նորից «Ազգի» խմբագրատուն այցելեց Ալեքսանդր Գիվոեւը եւ ներկայացրեց հավելյալ ապացույցներՙ կապված Արամ Կարապետյանի «ռուսական քաղաքական բարձր շրջանակներիՙ էլիտայի» հետ ունեցած «կապերի» մասին։
Պրն Գիվոեւը ներկայացրեց մի փաստաթուղթ, ուր գրված է. «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Արամ Կարապետյան անունով անձ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի դեպուտատների օգնականների կազմում, նույն Դումայի անվտանգության կոմիտեի անդամության ու փորձագետների կազմում գոյություն չունի»։ Սույն փաստաթուղթը ստորագրել է ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ պրն Բուռդուկովը։
Համաձայն պրն Գիվոեւի պնդման, «Արամ Կարապետյանը հանդիսանում է քաղաքական ձեռնածու, որ պատեհ ու անպատեհ առիթներով օգտագործում է ռուսական քաղաքական ու պաշտոնական էլիտայի անունները, որոնց հետ նա որեւէ կապ չունի եւ նրան չեն էլ ճանաչում»։
Ասվածին որպես ապացույց պրն Գիվոեւը մեր թերթի միջոցով փոխանցում է ՌԴ Պետդումայի առաջին տեղակալ տկն Լյուբով Սլիսկայի պահանջը. «Արամ Կարապետյանը որեւէ առիթով չփորձի իր անունը կապել Պետդումայի հետ, իսկ եթե կրկնվեն նման դեպքերը, ապա խիստ միջոցներ կձեռնարկվեն նրա դեմ»։
«Ազգն» իր պատրաստակամությունն է հայտնում լինել հետեւողական տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ լսել հակառակ կողմի փաստարկները։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ