«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Երեկ մի քանի ժամ քաղաքի 10-ից ավելի կենտրոնական փողոցներում բազմաթիվ խցանումներ ու երթեւեկության խափանումների ականատեսն ու դժգոհողները եղան մեր համաքաղաքացիները, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից, ժամերով խմբված էին մնացել կանգառներում ու լուռ դիտում էին միտինգավորների երթը, որը սկիզբ էր առել Մատենադարանի մոտից, անցնելով Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, այնուհետեւ Խանջյան, Թումանյան փողոցներով եւ ավարտվեց օպերային հարող Ազատության հրապարակում։ Այնտեղ էլ միտինգավորները նորից պնդեցին իրենց պահանջը, ինչպես նշեց Ալբերտ Բազեյանը, «նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են, իշխանությունը Քոչարյանի կողմից բռնազավթված է, մենք չենք ճանաչում ընտրության արդյունքները ու շարունակելու ենք բողոքի ձայնը բարձրացնել քայլարշավով, մինչեւ ուրբաթ օրը պատրաստ կլինի Սահմանադրական դատարանի հայցը։ Իսկ եթե ՍԴ-ն էլ բացասական պատասխան տա, ապա դիմելու ենք Եվրադատարան»։

Ողջ քայլարշավի ընթացքում մի քանի տասնյակ եռագույն դրոշներով ու պաստառներով միտինգավորների առջեւից էին քայլում «16»-ի ներկայացուցիչներըՙ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, որին էլ դիմեցի մեկ հարցովՙ ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ իր հարազատներից մեկին մեղադրում են Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեջ։ «Նրանք, ովքեր փորձ են անում բիծ դնել մեր ընտանիքի ու գերդաստանի վրաՙ պարզապես ստորություն են անում։ Ես այդ մեղադրանքները համարում եմ էշություն ու անդրադառնալու որեւէ մտադրություն չունեմ», շատ վրդովված պատասխանեց Արամ Սարգսյանը եւ շարունակեց գլխավորել երթը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4