Հայկական երգի մերօրյա աղավաղումներից շատերն են դժգոհում, բայց քչերն են համարձակվում բացահայտորեն արտահայտել իրենց կարծիքներն ու դժգոհությունը։ Երաժշտագետների լռությունն ուղղակի անհասկանալի է։ Մեզ հուզող հարցերին խնդրեցինք պատասխանել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանին։
¬ Այսօր հաճախ է հնչում այն տագնապը, որ հայկական երգի եղեռն է իրականացվում։ Եթերը լցված է հայերեն, բայց ոչ հայկական երգերով։ Ձեր կարծիքով ինչի՞ հետեւանք է սա։
¬ Ընդհանրապես ամեն ինչի հիմքը լեզուն է։ Հնչյունն ու հնչերանգը միաձույլ են խոսքի հետ։ Օտար հնչյունը հայերեն բառի հետ ինչպե՞ս կարող է ներդաշնակել եւ ստեղծել հայկական երգ։ Բոլորս գիտենք, որ ազգային երաժշտական մտածողությունն ունի մի քանի դրսեւորումներ։ Առաջնայինը ժողովրդական երաժշտությունն էՙ հիմնված ժողովրդի մտածողության վրա։ Ահա թե ինչու հեթանոսական ու միջնադարյան ժամանակներից եկող ժողովրդական երգարվեստի վրա պիտի կառուցվեն մյուս բոլոր շերտերըՙ աշուղականը, որն ավելի քաղաքային երաժշտության բնույթ ունի, հոգեւորը, որ զարգացել է ազգային երաժշտության հենքի վրա եւ կոմպոզիտորականը, որ սնվելով ազգային մեղեդիներովՙ համաշխարհային ճանաչման է հասել։
Այսօր, անշուշտ, կարիք ունենք նոր բացահայտումներիՙ մեր երգի դարավոր արմատը ճանաչելու իմաստով։ Ժողովուրդը կարծես բավականին խճճված, մոլորված վիճակում է. չգիտի պրոֆեսիոնալն ի՞նչ է, ինքնուսն ու անուսն ի՞նչ է։ Իսկ երիտասարդների գիտելիքները հայ երաժշտության մասին նույնիսկ դժվար է բավարար համարել։ Թե նրանցից քանիսը գիտի Կոմիտասի եւ այլոց ստեղծագործության մասին, դժվարանում եմ ասել։ Երգարվեստով զբաղվողներից շատերը քողարկում են իրենց անուս լինելը եւ քարոզում անգրագիտություն, որ անհանդուրժելի երեւույթ է։
¬ Իսկ ինչո՞վ եք բացատրում երաժշտագետների քար լռությունը, բացախոսությունից խուսափելը։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում այլեւս չկան հայ երգարվեստի խնդիրներով զբաղվող մասնագետներ, քանի որ նրանք քննադատաբար հանդես չեն գալիս մամուլում եւ հեռուստատեսությամբ։
¬ Բարեբախտաբար, դեռեւս ունենք հրաշալի երաժշտագետներ։ Ցավն այն է, որ նրանք աչքաթող են անում այսօրվա երաժշտական կյանքի վերլուծությունը, խուսափում են հոդվածներով հանդես գալուց։ Դրա համար էլ թվում է, թե անհանգստացողներ չկան։ Վերջերս մի առիթով դժգոհությունս արտահայտեցի, քննադատեցի երաժշտագետներին եւ նրանց վրա թողեցի մի տեսակ քմահաճ մարդու տպավորություն։ Եթե մենք մեր ցավի մասին չխոսենք, ապա ինչպե՞ս պիտի լուծումներ գտնենք։ Թե՞ սպասում ենք, որ դրսից օգնության հասնեն։ Պրոֆեսիոնալների այսօրվա պասսիվությունը լայն ասպարեզ է բացել անուսների համար։ Ըստ իս, սա արժանի է ամենայն ուշադրության։ Ռադիոհեռուստատեսության լավ ղեկավարներ ունենք, պրոֆեսիոնալ կադրեր, սակայն, դժբախտաբար, հեռուստատեսությունից չքվել է երաժշտական գլխավոր խմբագրի պաշտոնը։ Դա է պատճառը, որ եթերում հնչում են հայտնի կոմպոզիտորների երգերըՙ առանց նրանց անունները հիշատակելու։ Գլխավոր դեմքը, կարծես, կատարողն է, իսկ կոմպոզիտորի անունն էական չէ։ Հետո էլ զայրանում ենք, որ երիտասարդները հայ կոմպոզիտորներին չեն ճանաչում։ Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ դա միտումնավոր է կատարվում։ Բայց ինձ խորապես անհանգստացնող շատ հարցեր կան։ Եթերում հազվադեպ են հնչում տեսադարաններում պահված հրաշալի ձայնագրությունները։ Ահա այստեղ է, որ գլխավոր խմբագրի դերակատարության կարիքը կա։ Մեր հրաշալի երգիչներն այսօր ասպարեզում բնավ չեն երեւում, մինչդեռ նրանց փոխարեն օրական մի նորելուկ աղջնակ է ի հայտ գալիս։ Չգիտես, թե որտեղից են ֆինանսները։ Մի կատակ երգ ունեմՙ «Ժինգյալով հացը», որ Ղարաբաղի բարբառով եմ երգում, ոչ մի կերպ չեմ կարողանում հովանավոր գտնել «ֆիլմիկ» նկարելու համար։ Այս ո՞վ է որոշել անգրագիտությունը հովանավորել ու դարձնել «դիպլոմավոր»։ Հայկական երգարվեստն անաղարտ պահելու համար անուսներին պետք է ուսուցանել եւ ազատվել կուտակված մոլախոտից։
¬ Որքան էլ զարմանալի է, այդ պստիկ ձայնով «աստղիկները» մեկնում են հյուրախաղերի եւ սփյուռքահայերի ջերմ ընդունելությանն արժանանում։ Այս մասին ի՞նչ կասեք։
¬ Ինչ խոսք, երիտասարդ կատարողները սփյուռքի հետ են կապում իրենց հաջողությունները, թեպետ սփյուռքն էլ այսօր չի փայլում իր երաժշտական ճաշակով։ Մի ժամանակ այնտեղից ավանդապահ երաժիշտներ էին գալիսՙ հատկապես Կոմիտաս երգող, նույնիսկ մենք էինք սովորում նրանցից։ Հիմա սփյուռքը տառապում է ռաբիսությամբ, նրա պահանջները փոխվել են։ Ուրեմն, կամ պետք է հարմարվել նրա պահանջներին, կամ էլ խելոք նստել Հայաստանում։ Մեծահարուստները փոքրիկ կերուխումի համար այստեղից «աստղեր» են հրավիրում, վերջում էլ եթերում հայտարարվում է, թե նրանք համերգներով հանդես եկան Մ. Նահանգներում։ Կենցաղային երաժշտությունն է տիրում թե այստեղ, թե սփյուռքում։ Ցավալի ու մտահոգիչ երեւույթ, որի դեմ պետք է ամուր պատնեշ դնել։
¬ Վերջին տարիներին «յար¬յար» երգելու են շտապում նաեւ դեռահասները։ Աշուղական երգերը բնավ սազական չեն նրանց դեմքին ու ժեստերին։ Սակայն Գուրգեն Դաբաղյանի գլխապտույտ հաջողությունը վարակել է նրա հասակակիցներին։ Որպես մանկավարժ ինչպե՞ս եք գնահատում դա։
¬ Այո, դեռահասներն այսօր երգում են յարի մասին, նրա կրծքի ու այլ բարեմասնությունների մասին։ Սարսափելի բան է։ Հրաշալի սերունդ է եկելՙ սիրող, կրքոտ, էմոցիոնալ, չմոռանանք, որ 1988-ին ծնվածներն են։ Սակայն մասնագետների անտարբերությունը հանգեցրել է նրան, որ դեռահասները հայտնվել են իրենց ոչ այնքան հարմար աշուղական երգի ասպարեզում։ Նախ այդ տարիքում երգեցողությունը պետք է հղկվի, որպեսզի ձայնը կորցնելու վտանգ չառաջանա, ապաՙ համապատասխան երգեր պետք է ընտրվեն։ Ի՞նչ է, թեմաներ չկա՞ն։ Խնդրեմՙ հայրենիք, բնություն, մայրիկ եւ այլն։ Ուզում եմ վերստին հիշեցնել, որ աշուղական երաժշտությունը հայերիս համար ամենաբարձրարժեքը չէ։ Իսկ այսօր կարծես դարձել է, եւ, ցավոք, կատարողներն էլ դեռահասներն են։ Վիճակն էապես պետք է շտկել։ Ժողովրդին չպետք է զրկել հայկական մաքուր ու զուլալ երգեր լսելու հաճույքից։ Պետք է օրնիբուն աշխատենք եւ սրբենք վերջին տարիներին հայկական երգի վրա գոյացած արեւելյան անապատային օտար փոշին։
Հարցազրույցը վարեցՙ ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ