Երեւանից տրված հեռուստատեսային ռեպորտաժներից մեկում ռուս լրագրողը հաղորդեց, որ Հայաստանում լույս է տեսել մի երաժշտական ձայնասկավառակ, որտեղ տեղ են գտել աշխարհի տարբեր երկրներում ճանաչված հայազգի կոմպոզիտորներ ու երգիչներ։ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիեւի, Իրինա Ալեգրովայի եւ, իհարկե, Շառլ Ազնավուրի կողքը հիշատակվեց նաեւ... Ֆիլիպ Կիրկորովը։
Համոզված եղեք. ռեպորտաժը դիտած ամեն մի մոսկվացի հայ առնվազն տարակուսանք կապրեր. այդ մարդը չի ուզում իրեն հայ համարել, երբեք եւ ոչ մի տեղ հայտարարություն չի արել իր «արիական» ծագման մասին, թուրքական երգեր է երգում եւ անպատեհ արտահայտվում հայության հասցեին։ Այս ամենից հետո ինչո՞ւ եք նրան զոռով հայ դարձնում։ Եվ ի՞նչ է շահում դրանից հայ ժողովուրդը։ Ճիշտ է, նրա հայրը հայ է, ընդունում է իր հայկական ծագումը, հայկական ժողովրդական երգեր է երգում, մասնակցում է զանազան հայկական միջոցառումների եւ այլն։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Հայաստանում ասում ենՙ դե որ հայրը հայ է, ուրեմն ինքն էլ է հայ։ Ո՛չ։ Դրսում, ավա՜ղ, երբեմն արյունն էլ կարեւոր չէ, հնարավոր է նույնիսկ ծագումով մաքուր հայ լինի, բայց չընդունի իր ազգային պատկանելությունը։ Մոսկվայում հանդիպել եմ մարդկանց, որոնց մայրն է միայն հայ եղել, բայց նրանք իրենց հայ են համարել։ Կարեւորը կողմնորոշումն էՙ մարդն իրեն համարո՞ւմ է այդ կոնկրետ ազգային հանրության անդամ, թե՞ ոչ։ Ասացինք, որ Կիրկորովի հայրը հայ է, մայրըՙ բուլղարուհի, իսկ Ֆիլիպը հատկապես վերջին տարիներին իրեն... ռուս է համարում։ Եվ այս մարդուց դեռ սկզբունքայնություն են պահանջում հայերը։ Հավատացեք, հայ ժողովուրդը բացարձակապես ոչինչ չի կորցնում, հրաժարվելով սրընթաց կանացիացող այդ անձից։ Եվ առհասարակ, պետք է հրաժարվել զոռով հայ ճանաչելու միտումներից։
Մոսկվայում լույս է տեսել հայությանը նվիրված եզակի հանրագիտական եռահատորյակ։ Պետք է արժանին մատուցել հեղինակ Սերգեյ Մամուլովին, որը հսկայական աշխատանք է կատարել վերծանելու եւ համակարգելու աշխարհով մեկ սփռված անվանի հայերին։ Բայց այստեղ էլ նկատվում է հիշյալ անհարկի հայացման միտումը։ Ես, օրինակ, չգիտեմ, երբեւէ իրենք իրենց հայ համարե՞լ են նշանավոր ամերիկացի սրտավիրաբույժ Մ. Դեբեկին կամ նույնքան ճանաչված գերմանացի դիրիժոր Հ. ֆոն Կարայանը։
Դառնանք, սակայն, մեր «հիմնական» թեմային։ Մոսկվայում Ֆիլիպ Կիրկորովի մասին ամենատարածված անեկդոտը հետեւյալն էՙ երկու հոգու դատապարտել են մահապատժի։ Հարցնում ենՙ ո՞րն է ձեր վերջին ցանկությունը։ Մեկն ասում է, որ մահից առաջ կուզենար լսել Կիրկորովի երգերը։ Երկրորդըՙ հուսահատված ու հուսախաբված, աղաչում էՙ այդ դեպքում առաջինն ինձ գնդակահարեք...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«Ազգ»-ի կողմից հայտնենք, որ Դեբեկին ծագումով լիբանանցի արաբ է, իսկ հանգուցյալ գերմանացի դիրիժորը մի առիթով Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրերից մեկիՙ հա՞յ եք, հարցին պատասխանել էՙ «Դժբախտաբարՙ ոչ»։