«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


ՆՎԱԶԵԼ Է ԳՅՈՒՏԵՐԻ ՈՒ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Իսկ եթե չկա պահանջարկ, չկա եւ առաջարկ

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության գյուտերի արտոնագրման գործակալությունում տարեկան միջին հաշվով 150¬200 հայտ է ստացվում։ Սակայն ոչ այստեղ, ոչ էլ որեւէ այլ կառույցում դրանց տնտեսական արդյունավետության գնահատման որեւէ լծակ չկա։ Ռեալ արժեքի փորձաքարը տնտեսության մեջ ներդրումն է, իսկ հայտնի պատճառներով գյուտերի նվազ քանակն է այդ բախտին արժանանում։ Իր գոյության ընթացքում, անկախացումից ի վեր, այստեղ արտոնագրվել է 1300 գյուտ, որոնցից տնտեսության մեջ ներդրվել է, մասնագետների հավաստումներով, ընդամենը 3-ը։ Նույն պատճառով հնարավոր չէ ենթադրություններ անել նաեւ մեր մտավոր ունեցվածքի ընդգրկումների մասին, եւ այս առթիվ լավատեսական ենթադրությունները բարի, երբեմն սնապարծ ցանկությունների դաշտից են։ Գնահատման խնդիրն առավել կենսական է հատկապես անցյալում արտոնագրված եւ վաղուց տնտեսությունում փորձարկված գյուտերի համար։ Արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհելիս մոռացվում է, որ շենքից, հաստոցներից բացի պիտի գնահատել նաեւ ինտելեկտուալ արժեքըՙ միտքը։ Ըստ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված միջպետական պայմանագրի, այնտեղ կաուչուկի գործարան է կառուցվելու։ Բայց միայն «Վնիպոլիմեր» ինստիտուտը վերջին տարիների ընթացքում կաուչուկի արտադրության տեխնոլոգիաների հետ կապված 28 արտոնագիր է ստացել։ Փաստորեն, մենք չինացիներին սկուտեղի վրա մատուցում ենք նաեւ պատենտավորված տեխնոլոգիաները։ Խնդրի լուծման անհրաժեշտությունն առավել կարեւորվում է գիտահետազոտական ինստիտուտների սեփականաշնորհման դեպքում, ուր մտավոր սեփականության օբյեկտներն առավել բազմաքանակ են։ Դա անհրաժեշտ է ոչ միայն սեփականաշնորհվող հաստատության ճիշտ արժեքը գնահատելու համար։ Ի վերջո, նոր սեփականատերը ձեռքին իրավական փաստաթուղթ պետք է ունենա, որը նրան մտավոր արժեքներին տիրապետելու իրավական հիմքեր կտա։ Իսկ եթե ոչ այսօր, ապա հետագայում գիտական աշխատանքների, տեխնոլոգիաների ու մշակումների կիրառման հետ կապված անխուսափելի պրոբլեմներ կունենա, եթե դրանք փաստաթղթային պատշաճ ձեւակերպմամբ չեն փոխանցվել իրեն։ Ահա այս իրողությունները նկատի առնելով կարելի է ասել, որ մտավոր արժեքների գնահատման հարցը հիմնիվեր բարձիթողի վիճակում է, եւ վաղուց հասունացել է նման կառույց ստեղծելու անհրաժեշտությունը։

Արտոնագիրը ստացողները, եթե նրանց հաջողվում է վաճառել իրենց գյուտն արտասահմանում, սովորաբար խիստ էժան են գնահատում։ Օրինակ, ռադիացիոն թափոնների վերամշակման գյուտը, որի շնորհիվ նվազեցվում է թափոնների ռադիոակտիվությունը, հեղինակը գնահատել է 25 հազար դրամ։ Նույնօրինակ գյուտը Գերմանիայում, օրինակ, գնահատվում է 250 հազար դոլար։ Այսօր բազում ֆիրմաներ կան Հայաստանում, որոնք համակարգչային նոր, առաջավոր ծրագրեր են ստեղծում եւ վաճառում ընդամենը 1000 դոլարով։ Ըստ մասնագիտական հաշվարկների, 1000 գյուտից 100-ը բարձր էֆեկտիվություն ունի, 100-ից 10-ըՙ չափազանց բարձր։ Հայտնի չէ, թե բարձր կամ չափազանց բարձր էֆեկտիվության քանի՞ գյուտ է վաճառվել օտարերկրյա կազմակերպություններին։

Բացի այդ, միջազգային գիտատեխնիկական կազմակերպությունը եւս, դրամաշնորհներ տրամադրելու ճանապարհով, կարողանում է լավագույնս օգտվել մեր մտավոր սեփականությունից։ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո այդ դրամաշնորհներով աշխատելու տեսանկյունից Հայաստանի գյուտարարները ԱՊՀ երկրներում երրորդ տեղն են զբաղեցնում։ Ըստ գյուտի հեղինակների եւ ֆինանսավորող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի, տվյալ գյուտի օգտագործման բացառիկ իրավունքն անցնում է այդ կազմակերպությանը։ Այսինքնՙ նա գյուտն իր հայեցողությամբ օգտագործելու իրավունք է ստանում, տնօրինում է ստացվելիք եկամուտն ամբողջությամբՙ որոշակի միավոր վճարելով նաեւ հեղինակին։

Ըստ արտոնագրային գործակալության տնօրենի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանի, միայն 2002 թ. իրենք շուրջ 200 հայտ են ստացել, վերջին 10 տարվա ընթացքում ամբողջությամբՙ 1800 հայտ։ Դա խիստ համեստ քանակ է, եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ։ Միայն 1986 թ. 1180 հայտ է ստացվել։ Դա բացատրվում է ոչ միայն տնտեսության անկարող վիճակով, այլեւ գիտության ոլորտի աշխատողների արտագաղթով։ Գիտնականների մի ստվար զանգված էլ, որպեսզի գլուխը պահի, անցել է այլ աշխատանքի։ Մտավոր սեփականության, ինտելեկտուալ արժեքների պահանջարկը խիստ նվազել է մեզանում, իսկ եթե չկա պահանջարկ, չկա նաեւ առաջարկ։ Բնականաբար, չի օգնում նաեւ պետության կողմից հայտերի արտոնագրման համար արտոնյալ պայմանների սահմանումը ֆիզիկական եւ ոչ իրավաբանական անձանց։ Անհատները եւ մինչեւ 25 աշխատող ունեցող հայտատու կազմակերպություններն իբրեւ պետական տուրք պետք է վճարեն սահմանված դրույքաչափի 1/4-ը, 25¬100 աշխատող ունեցողներըՙ դրա կեսը։ Հայտատուն, վճարելով ընդամենը 8750 դրամ, կարող է արտոնագիր եւ 10 տարվա գործունեության իրավունք ստանալ։

Ընդհանրապես, ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր գյուտեր են արտոնագրվում։ Դրանք, իհարկե, բոլորը չէ, որ տնտեսության մեջ փորձարկվելու դեպքում հաջողության են հասնում։ Բայց մեզանում միայն չնչին, նվազ ու ծիծաղելի քանակին է հաջողվում մուտք գործել տնտեսություն, իսկ մնացածները ոչ ներդրվում են, ոչ էլ հայտնի է, թե կիրառվելու դեպքում ինչ եկամուտ ու արդյունք կբերեին երկրին ու ժողովրդին։

Հայաստանում այսօր ծաղկում են հիմնականում գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող, առաջին անհրաժեշտության պարենամթերք արտադրող ձեռնարկություններըՙ մսամթերք, խմիչք։ Իսկ գյուտերը սովորաբար հասցեագրվում են արդյունաբերությանըՙ առաջարկելով նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հայաստանում առայժմ այդ հնարավորությունը չկա։

Նման պայմաններում ի՞նչ են անում մեր գյուտարարներն իրենց հայտնագործության հետ։ Նրանց մնում է միայն խարխափելով իրացման գոտիներ փնտրել դրսումՙ դիմելով ինտերնետ, ներկայացնելով իրենց գյուտն ու առաջարկները։ Ցավոք, մեզանում դեռեւս չկան այս ոլորտում բավական հայտնի միջնորդ կազմակերպություններ, այսպես կոչված, վենչուրային մասնավոր ֆիրմաներ, որոնք զբաղվում են գյուտերի մշակման, գնահատման, դրանց կյանքը մինչեւ վերջ հասցնելու առաքելությամբ։ Հայաստանում արտոնագրված գյուտերն ինտերնետում տեղադրելու դեպքում գուցե անհամեմատ հեշտանար գյուտերի իրացման խնդիրը։ Ում որ այն պետք է, ինքը հեղինակին գտնելու միջոցներ կնախաձեռներ։ Սակայն առայժմ այդ տեղեկատվությունը տպագրվում է միայն պաշտոնական տեղեկագրում («Արդյունաբերական սեփականություն»), որն անհատույց տրամադրվում է լոկ ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին ու գրադարաններին։

Իսկ ինչ վերաբերում է բավական մեծ ռիսկի վրա գործունեություն ծավալող վենչուրային ֆիրմաների ստեղծմանը, ապա, մասնագետների համոզմամբ, այդ մեխանիզմի գոյությունը մեզանում հնարավոր կլինի գոնե սկզբնական շրջանում դրանց որոշակի արտոնություններ (օրինակ, հարկերից ազատում) շնորհելու դեպքում։

Ի դեպ, Անդրանիկ Խաչիկյանի հավաստմամբ, իրենց ասպարեզում շատ են նաեւ, այսպես ասած, ռոմանտիկ երազողները։ Տասնյակ մարդիկ իրենց հայտարարում են հավերժական շարժիչի գյուտարարներ։ Օրենքը չի բացառում նրանց արտոնագրի շնորհումը, քանի դեռ գյուտը չի փորձարկվել կյանքում։ Եվ գործակալության աշխատողները, հատկապես հիմնադրման առաջին տարիներին, երբ անչափ մեծ էր այդօրինակ «գյուտարարների» թիվը, անհեթեթ վիճակում էին հայտնվում։ Սակայն այս խնդիրը դեռեւս հստակ լուծում չի ստացել։ Նույն կերպ եւ այս կամ այն հիվանդությունների դեղատոմսեր ու մեթոդներ առաջարկող ինքնակոչ բուժակների խնդիրը։ Հավանական է, որ նրանց մեջ լինեն նաեւ խարդախ, անազնիվ մարդիկ, որոնց արտոնագիրը պետք է դյուրահավատ մարդկանց խաբելու եւ մամուլով ու հեռուստատեսությամբ անարգել գովազդարշավ սկսելու համար։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4