«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


ՄՈԼԻԲԴԵՆԻ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մաքուր երկաթի գործարանը մաքուր մոլիբդեն կամ ֆերոմոլիբդեն սկսել է արտադրել 1995¬96 թթ.-երից։ Հետագայում աստիճանաբար այդ արտադրության ծավալներն աճել են։ Անցյալ տարի գործարանն արտադրել է 13 մլն դոլարի կամ շուրջ 2 հազար տոննա արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է։ Այստեղ է մշակվում Հայաստանում արտադրվող խտանյութի 35¬40 տոկոսը, որն այնուհետեւ վաճառվում է գերմանական ընկերություններին։ Ձեռնարկությունում աշխատում են 300-ից ավելի մարդիկ, որոնց միջին աշխատավարձը շուրջ 100 հազար դրամ է։

Երեկ այս ձեռնարկություն էր այցելել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս այցը, ըստ նախագահի, պետք է դիտարկել իր նախընտրական ծրագրի շրջանակներում։ Ծրագիր, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել էր արդյունաբերության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը։ Նշելով այս մասին, նախագահը կարեւորեց մոլիբդենի ավելի խորը մշակումը Հայաստանում կատարելը, որովհետեւ դա իր դրական ազդեցությունն է թողնում ե՛ւ համախառն ներքին արդյունքի, ե՛ւ այլ ցուցանիշների վրա։

Հայաստանի հումքատեսակները վերջնամշակման հասցնելու հարցին առավել մանրամասն անդրադարձավ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա հայտնեց, որ մաքուր երկաթի գործարանում 18¬20մլն դոլար ներդրումներ կատարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել գերմանական «Խրոնիմետ» ընկերության հետ։ Դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի Գերմանիա կատարած այցելության ժամանակ։ Այդ գումարն ուղղվելու է արտադրությունը վերազինելուն եւ ավելի շատ մաքուր մոլիբդեն ստանալուն, ինչպես նաեւ բնապահպանական որոշ խնդիրներ լուծելուն։ Ըստ նախարարի, սա Հայաստանի հումքատեսակները վերջնամշակման հասցնելու, իսկ հետագայում դրանցից (այդ թվումՙ մոլիբդենից) մետաղական մասեր կամ դետալներ ստանալու դասական օրինակ է։ Տվյալ գործարանում այդ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստացվելիք արտադրանքի գինը մի քանի անգամ ավելի բարձր կլինի, քան ներկայումս է։

Քանի որ սա նախագահի հետընտրական առաջին այցելությունն էր, նրան ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ընտրական գործընթացների ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա։ Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ տվեց սպասել մինչեւ վիճակագրական ծառայության տվյալների տրամադրումը։ Իր կարծիքը հայտնելով, նա նշեց, որ ծառայությունների առումով աճ ակնկալվում է, իսկ արտադրության առումովՙ դեռեւս դժվար է սպասել։

Իր հերթին մաքուր երկաթի գործարանի տնօրեն Գենիկ Կարապետյանն ընդգծեց, որ ընտրական գործընթացը որեւէ ազդեցություն ձեռնարկության գործունեության վրա չի թողել։ Անհանգստություն չեն դրսեւորել նաեւ ընկերության գերմանացի գործընկերները։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4