«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


Ի ՀԻՇԱՏԱԿ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայկական հարցի եւ ցեղասպանության պատմության հիմնահարցերն ուսումնասիրող մշտական հանձնախմբի նախաձեռնությամբ երեկ ֆակուլտետի դահլիճում կայացավ քննարկումՙ նվիրված սումգայիթյան ջարդերի 15-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ պատմության ֆակուլտետի դեկան Բաբկեն Հարությունյանըՙ «Հայ ժողովրդի նկատմամբ իրագործվեց ցեղասպանություն այն պահին, երբ նա կամենում էր սահմանադրական ձեւով լուծել հայ հասարակայնությանը վաղուց ի վեր հուզող հարցերը։ Ադրբեջանի իշխանություններն իրականացրին ցեղասպանության քաղաքականությունՙ ունենալով Խորհրդային Միության ղեկավարության ոչ միայն թույլտվությունը, այլեւ բացահայտ աջակցությունը։ Հայ ժողովուրդը միշտ էլ կարտահայտի իր ցասումը։ Միաժամանակ անհրաժեշտ է այսօր մտածել այն մասին, որ Ադրբեջանի Մեջլիսում որոշում են կայացրել, թե իբր հայերն են ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացրել։ Սումգայիթի հարցն Ազգային ժողովում պետք է քննարկել։ Ցեղասպանությունը վաղեմություն չունի, եթե նույնիսկ կատարողները չկան, միեւնույն է, երկիրը պատասխանատվություն է կրում կատարվածի համար»։ Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան զոհերի հիշատակը։ Ոճրագործության կազմակերպված ու թելադրված լինելու հանգամանքն իր խոսքում շեշտեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդուարդ Մինասյանը։ Նա ուսանողներին հորդորեց դասեր քաղել պատմությունից, քանի որ միասնության ու համախմբվածության մեջ է մեր ժողովրդի փրկությունը։

Քննարկման վերջում ելույթ ունեցան ուսանողներըՙ իրենց արդարացի բողոքն արտահայտելով Ադրբեջանի որդեգրած քաղաքականության հանդեպ։

«Այսօր մեզ անհրաժեշտ է ամենագլխավորըՙ պետականության գաղափարը, որով պետք է տոգորված լինի ողջ ժողովուրդը։ Եթե միասնական չլինենք, ապագա չենք ունենա», ամփոփելով քննարկումնՙ ասաց Բաբկեն Հարությունյանը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4