Մ. Նահանգները շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ, չնայած նախագահական ընտրությունները մեր երկրում համարում է միջազգային չափանիշներին անհամապատասխան։
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մամլո ասուլիս էր հրավիրել, ինչպես ինքը մեկնաբանեց, «հերթական անգամ ԶԼՄ-ների հետ շփվելու համար, այնպես որ որեւէ հայտարարություն չունենք»։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ դեսպանը նշեց, թե ժողովրդավարության զարգացման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները հաշվի առնելով, իրենք հույս ունեին, թե նախագահական անցած ընտրությունները կլինեին մեկ քայլ առաջ։ «Դրանք չեղան քայլ առաջ։ Ու մենք հիասթափվեցինք, քանի որ այլ սպասելիքներ ունեինք», ասաց ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարըՙ վստահեցնելով, որ իր երկրի պետքարտուղարության հայտարարությունը մեր ընտրությունների վերաբերյալ հիմնվում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության եւ «մեր դիտարկումների վրա»։
Լուրջ ընտրախախտումներից Ջ. Օրդուեյը մատնանշեց «քվեատուփերի մեջ մեծ թվով քվեաթերթիկներ լցնելու փաստը»։ Լրագրողներից մեկն այստեղ նկատեց, թե ընտրությունները գնահատող հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ քվեաթերթիկներ լցրել են միայն հաղթած թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օգտին։
«Մեր մտահոգությունը եղել են ազատ եւ արդար ընտրությունները։ Մենք չենք ուզում անել եզրակացություն, թե այս կամ այն թեկնածուի օգտին է լցվել։ Բայց լցնելու փաստն ինքնին կասկածի տակ է դնում ընտրությունների գործընթացի վստահելիությունը»։
Բայց ԱՄՆ-ը շարունակելու է Հայաստանի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագիրն ու աշխատելու է երկրի այսօրվա կառավարության, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Սպասվո՞ւմ է արդյոք ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձը մեր նախագահինՙ վերընտրվելու առիթով» հարցին դեսպանը պատասխանեց. «Չեմ կարող խոսել նախագահ Բուշի անունից եւ ասել, թե երբ եւ ինչ կուղարկի նա նախագահ Քոչարյանին»։
Ընդդիմության հետագա գործընթացներն, ըստ ԱՄՆ դեսպանի, պիտի կրեն խաղաղ բողոքի բնույթՙ ՀՀ սահմանադրության շրջանակներում։
Հետագայում առավել ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար իշխանություններն էլ, Օրդուեյի համոզմամբ, պիտի հետամուտ լինեն ընտրախախտումների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործին։ «Նաեւ պիտի վերանայել Ընտրական օրենսգիրքը։ Ի վերջո, իշխանությունները պիտի վճռականություն ցուցաբերենՙ թույլ չտալու համար նման խախտումներ թե՛ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, թե՛ հետագա ընտրական գործընթացների ժամանակ»։
Եթե այս ընտրություններն էլ «համապատասխանեին միջազգային չափանիշներին եւ չվիճարկվեին որեւէ կողմից, ապա Հայաստանի համար ավելի լայն հնարավորություններ կստեղծվեին, այդ թվում եւ ԼՂ խնդրի առումով»։ Վերջինիս վերաբերող հարցերին պատասխանելովՙ ամերիկյան դիվանագետը նշեց, թե ԼՂ ստատուս քվոյի կարգավիճակի փոփոխման համար թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական հասարակություններում ներքին համաձայնություն է հարկավոր, «իսկ դրա համար ուժեղ, օրինական իշխանություններ են անհրաժեշտ»։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ