Մարտի 10-ին եւ 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում փայլուն անցավ ֆրանսաբնակ մեր հայրենակցուհի, հայտնի երգահան Էժենի Ալեսյանի «Ամազոնուհի» կամերային օպերայի հայաստանյան պրեմիերան։
Էժենի Ալեսյանը ծնվել է հայ երաժիշտների ընտանիքում։ Երեք տարեկանում Փարիզի հայտնի համերգասրահներից մեկում իր առաջին ելույթից հետո շրջագայել է աշխարհով մեկ եւ սկսել ստեղծագործել։ Նրա երաժշտությունը ճանապարհի խաչմերուկի հեռավորությունն է եւ ժամանակի ներգործությունը, որտեղ անձնական հույզերը եւ զգացողությունն առաջնային տեղ են գրավում երաժշտության արտահայտման մեջ։ Գերված լինելով հայկական մեղեդիներով, ինչպես նշում է Էժենին, նրա ստեղծագործությունների մեջ հնչում են արեւմտյան դասական երաժշտության հնչյունները։ Նա ոչ միայն կոմպոզիտոր եւ դաշնակահարուհի է, այլեւ դասախոսում է եւ ակտիվորեն խրախուսում երաժիշտներինՙ կազմակերպելով հյուրախաղեր, ձայնագրություններ։ Էժենին գրել է բազմաթիվ դաշնամուրային ֆանտազիաներ, սիմֆոնիկ վարիացիաներ, երգեր, սիմֆոնիկ բալլադ, նաեւ «Ախթամար» բալետն ու առաջին անգամՙ կամերային օպերա «Ամազոնուհի»։
Ավարտվեցին օպերայի հայաստանյան պրեմիերաները, որոնք աննկարագրելի տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա։ Ներկայացման ավարտին բեմ բարձրացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին ու նշեց, որ օպերան Ֆրանսիայի նվերն էր հայ հրաշալի ու գեղեցիկ կանանցՙ իրենց տոնի առթիվ։ Անգլերենի մասնագետ Զառա Ջանոյանն առանց ֆրանսերեն հասկանալու հիացած էր ներկայացումից, դերասանական խաղից, որը բացահայտում էր ներկայացման սյուժեն։
Լուսինե Չեբերյանի կարծիքով կամերային օպերայի պրեմիերան մեզանում նոր ոճ եւ նոր մատուցման ձեւ էր։ Կատարման մակարդակով բարձր էր եվրոպական շատ օպերաներից։ Այս մի քանի ամիսների ընթացքումՙ ընտրություններից ու միտինգներից հետո այս օպերան մաքրեց մեր հոգիները ու մեծ բավանականություն պատճառեց։ Ցավում եմ, որ երկու անգամ խաղացին, քանզի հայ ժողովուրդը նման հոգեւոր սննդի կարիք ունի հենց հիմա։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ