Հայաստանի կառավարության այսօրվա նիստում կհաստատվեն 2003¬04 թթ. ուսումնական տարվա անվճար եւ վճարովի ուսուցման համակարգի համար նախատեսված տեղերը։ Մասնագիտությունների եւ ընդունելությունների ցանկն, ըստ բուհերի, հաստատվել էր 2002 թ. դեկտեմբերի 5-ին։ Ուսումնամեթոդական խորհուրդներն արդեն քննարկել են հարցաշարերի, առարկայական ծրագրերի եւ գնահատման չափանիշների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները։ Իսկ ընդունելության կանոններին առնչվող մի շարք հարցերի մասին, որ դեռեւս հաստատված չեն, կրթության նախարարության մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը խոսեց երեկվա մամուլի ասուլիսում։ Այս տարի շարք են մտել մի քանի նոր մասնագիտություններ, որ լրացվել են բարձրագույն կրթության մասնագիտությունների շարքում։ Դրանք ենՙ աֆտուարի մաթեմատիկա, ագրոբիզնես եւ շուկայաբանություն, ագրարային քաղաքականություն եւ տարածաշրջանային զարգացում, ագրոպլանային համակարգի խորհրդատվություն եւ տեղեկատվություն մասնագիտությունները։
Փոփոխություններ են նախատեսվում մեդալակիրների ընդունելության հետ կապված։ Պետպատվեր ուսուցմամբ մեդալակիր դիմորդները նոր ուսումնական տարում բուհ կընդունվեն ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթովՙ հանձնելով բուհի պահանջած քննությունն ու ստանալով 19¬20 միավոր։ Եթե նախկինում մեդալակիրները բուհ ընդունվելիս հանձնում էին դպրոցական ավարտական կենտրոնացված նույն քննություններըՙ հայերեն եւ մաթեմատիկա, ապա այսուհետեւ նրանց գիտելիքները ստուգելու նպատակով պարտադիր են բուհի որոշած քննությունները։ Բացառություն է կազմում մանկավարժություն եւ մեթոդիկա մասնագիտությունը, որտեղ հաստատվել են մաթեմատիկա եւ հայերեն քննությունները։ Մեդալակիր դիմորդների ընդունելությունը նախատեսված է ըստ մասնագիտությունների նրանց համար հաստատված տեղերի հաշվին։ Կհաստատվի մեդալակիրների անվճար համակարգի 10 տոկոս տեղՙ հետագայում դրանց չլրացման կամ թափուր մնալու դեպքում վերաբաշխման իրավունքով։ Պարզ է, որ ցածր միավորներ ստացած մեդալակիրները կմասնակցեն ընդհանուր մրցույթին։
Հաջորդ հարցը, որին անդրադարձավ պրն Գասպարյանը, վերաբերում էր ծնողական խնամքից զուրկ երեխաների բուհ ընդունելությանը։ 2002 թ. սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն ընդունեց օրենք ծնողական խնամքից զուրկ երեխաների սոցիալական պաշտպանվածության մասին, ըստ որի նրանք բուհ կընդունվեն ընդհանուր մրցույթով, ընդ որում անվճար համակարգՙ վճարովի համակարգի համար անցումային միավորներ հավաքելու դեպքում։
Սրանք են այն հիմնական փոփոխությունները, որ տեղ կգտնեն այս տարվա բուհական ընդունելությունների կանոններում։
Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը խոսեց անցած տարվա բուհական քննությունների արդյունքների հիման վրա կատարված առաջարկությունների մասինՙ կապված հարցաշարերի, ուսումնական ծրագրերի եւ գնահատման չափանիշների հետ։ Նա նշեց, որ բովանդակային առումով դիմորդներին այս տարի որեւէ անակնկալ չի մատուցվի։ Որոշակի առարկաների գծով կատարվել են միայն հարցարանների նյութերի վերադասավորումներ, հղկումներ եւ գնահատման չափանիշների ճշգրտումներ։ Նա կանգ առավ մի քանի առանցքային հարցերի վրա։ Դրանցից մեկը մաթեմատիկայի քննության գնահատման չափանիշների շուրջ անցյալ տարի ծավալված խոսակցությունն էր, թե դրանք կոնկրետացված չէին։ Այս տարի գնահատման չափանիշները կլինեն հստակ, որպեսզի դիմորդը կարողանա պաշտպանել իր շահերը։
Հայոց լեզվի քննությունը որեւէ փոփոխության չի ենթարկվի։ Միայն տեստի կառուցվածքի մեջ կմտցվեն որոշ շտկումներ։ Փոփոխություններ կլինեն հայոց պատմության հարցաթերթիկի մեջ. 4 բլոկով կընդգրկվեն չորսական հարցերՙ յուրաքանչյուրը 5 միավորով։ Մասնակի ոչ բովանդակային փոփոխություններ կլինեն անգլերենի հարցատոմսի տարբերակում, ուր կատարվել է առաջադրանքների խմբավորում։ Նմանատիպ, ոչ էական փոփոխությունները, նրա խոսքերով, կատարվել են դիմորդին տրամաբանական ավելի պարզ վիճակի մեջ դնելու համար, որպեսզի վերջինս կարողանա արագ կողմնորոշվել, ինչպես նաեւ գնահատման չափանիշները վերանայելու եւ կոնկրետացնելու համար, որպեսզի դիմորդ-քննական հանձնաժողով վիճարկումները հնարավորինս նվազեն։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ