«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2003-03-11 | #47, 2003-03-12 | #48, 2003-03-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

1991 թ. իր հիմնադրման օրերից Հայաստանի ամերիկյան համալսարանն անցել է զարգացումների հստակ ճանապարհՙ մշտապես կարեւորելով կրթության եւ ակադեմիական կառավարման մեջ հնարավոր բարձրագույն չափանիշներին հասնելը։ Մի շարք ուսումնական ծրագրերում (գործարար ղեկավարում, արդյունաբերական ճարտարագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային առողջապահություն, իրավագիտություն, համեմատական իրավական ուսմունքներ, անգլերենի դասավանդում) մագիստրոսի աստիճան շնորհված շուրջ 1000 մասնագետների 80 տոկոսն աշխատում է Հայաստանում, ներգրավված լինելով կյանքի տարբեր ոլորտներումՙ պետական կառույցներ, արտասահմանյան ներկայացուցչություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ձեռնարկություններ եւ այլն։

2002 թ. նոյեմբերը համալսարանի պատմության մեջ իրադարձային եղավ։ ՀԱՀ-ին շնորհվեց «Հավատարմագրման թեկնածուի» կարգավիճակՙ ԱՄՆ դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ընկերակցության կողմից։ ԴՔԱԸ-ն ԱՄՆ-ում բուհական հավատարմագրում շնորհող վեց տարածաշրջանային ընկերակցություններից մեկն է, որ զբաղվում է ԱՄՆ-ի արեւմտյան մասում գործող բուհերի հավատարմագրության հարցերով։ Եվ ահա, այս ընկերակցությունն առաջին անգամ հավատարմագրման կարգավիճակ է շնորհում Մ. Նահանգների տարածքից դուրս գտնվող համալսարանին։

Հավատարմագրման գործընթացը ՀԱՀ-ը սկսել է 1998-իցՙ գտնելով, որ արեւմտյան մասնագիտացված կազմակերպության կողմից բուհի ուսումնական ծրագրերի եւ կառավարման համակարգի գնահատումը կարեւոր գործոն կհանդիսանա համալսարանի հետագա զարգացումների համար։

Ինչ անհրաժեշտությամբ էր պայմանավորված հավատարմագրման գործընթացը, ինչպիսի առանձնահատկություններ ունի եւ ինչ նշանակություն կունենա համալսարանի համար. այս հարցերի շուրջ էր մեր զրույցը ՀԱՀ-ի վարչության տնօրեն Անահիտ Օրդյանի հետ։

Հիմնադրումից տարիներ անց, երբ համալսարանի ակադեմիական եւ վարչական ղեկավարները կատարեցին ռազմավարական վերլուծություններ, ի մի բերելով նվաճումները, համախմբելով ֆինանսական միջոցները, եզրահանգեցին, որ կատարելագործելով եւ ավելացնելով ուսումնական ծրագրերը, անհրաժեշտ է ստեղծել կրթական այնպիսի ենթակառուցվածք, որն արժանանա ամերիկյան հավատարմագրմանը։ Այս նպատակով Մ. Նահանգների տեղեկատվական գործակալությունից հատկացված դրամաշնորհը համալսարանին հնարավորություն տվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Անցած տարիների աշխատանքներըՙ հետազոտական ծրագրերի, հատուկ դասընթացների, դասախոսական կազմի, ներքին կարգուկանոնի, ընթացակարգերի կիրառման, ղեկավարման եւ բազմաթիվ այլ ուղղություններովՙ իբրեւ կայացած ուսումնական հաստատություն, վստահություն ստեղծեցին հետագա գործունեությունների համար։

Ի տարբերություն Հայաստանում գործող հավատարմագրման գործընթացի, արեւմտյան չափանիշները եւ ժամկետները տարբեր են. երկարատեւ է, պահանջում է 8 տարի, ներառելով 3 փուլՙ համապատասխանության կարգավիճակի շնորհում, թեկնածուական կարգավիճակի շնորհում եւ հավատարմագրում։ ՀԱՀ-ն առայժմ հաղթահարել է երկրորդ փուլը, որ հնարավորություն է տվել համալսարանին նախնական, բայց պաշտոնական եւ հանրորեն ճանաչված հարաբերություններ հաստատել ԴՔԱԸ հանձնաժողովի հետ։ Պետք է նկատել, որ մինչ հավատարմագրման կարգավիճակ ստանալը, համալսարանն անցավ իսկապես ինքնավերլուծման բարդ շրջան։ Համահամալսարանական ինքնաուսումնասիրման, ուժեղ եւ թույլ կողմերի վերլուծության եւ գնահատման երկու տարվա ընթացքում ուսանողները, դասախոսները, ողջ աշխատակազմն ակտիվ մասնակցություն են ունեցել այս գործընթացներին։ Համալսարանական բոլոր օղակների ամբողջական, ուղիղ եւ օբյեկտիվ մասնակցության արդյունքում ավելի կատարելագործվեցին ուսումնական ծրագրերը, հաստատության ընդհանուր կառուցվածքը։ Ներքին էլեկտրոնային ցանցով յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր դիտողությունների վերջնական արդյունքի մասին տեղեկանալու։ Կարեւորվել է ամեն աշխատակցի, ուսանողի, վարչական ղեկավարի յուրաքանչյուր ներդրում։ Համալսարանում իրագործվող ներքին հրապարակայնությունը բավական դրական ներգործություններ է ունեցել ամենատարբեր առումներով։ Ձեւավորված աշխատանքային խմբերը բազմազան քննարկումներ են ունեցել ամերիկյան հավատարմագրման չափանիշների շուրջ։ Համալսարանի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու համար ԴՔԱԸ-իՙ 9 ներկայացուցիչներից բաղկացած հանձնախումբն այցելել է ՀԱՀ, առանձին հանդիպումներ ունեցել ՀԱՀ-ի համայնքի բոլոր հնարավոր օղակների հետՙ դասախոսակազմ, ուսումնական բաժինների ղեկավարներ, ուսանողներ, աշխատակազմ, շրջանավարտներ։ Հանձնախմբի գնահատման ամփոփ զեկույցում ասված է. «ՀԱՀ-ի մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրերն անկասկած կարող են բավարարել շատ ամերիկյան համալսարանների համապատասխան ծրագրերին ներկայացվող պահանջները»։

Ամերիկյան հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները

Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մի քանի տարի տեւող գործընթացը ներկայացնում է շարունակական զարգացման ընթացքՙ համահամալսարանական բազմաշերտ վերլուծություններով։

«Ի տարբերություն Հայաստանում գործող անժամկետ հավատարմագրման կարգի, ԴՔԱԸ-ի հավատարմագրումը ժամկետային է։ Այսպես, առաջին անգամ հավատարմագրվելիս, ուժի մեջ է լինում 5 տարի ժամկետով, իսկ երկրորդ եւ հաջորդ անգամներից հետոՙ 7¬10 տարի ժամկետով։ Անշուշտ, Հայաստանում միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգը սահմանում է պետական հավատարմագրման ուժը կորցրած ճանաչելու պայմանները, մինչդեռ արեւմտյան հավատարմագրման գործընթացն ի սկզբանե սահմանափակում է տրվող վկայականի ժամկետը, եւ կարգավիճակի պահպանումն ապահովվում է լրացուցիչ ուսումնասիրության եւ ԴՔԱԸ-ի հանձնախմբի նոր այցի ու գնահատման արդյունքում։ Այսինքնՙ սա նպաստում է բուհիՙ մշտական զգոն եւ ինքնապահանջկոտ, նաեւ արդյունավետության բարձրացման մշտական որոնումների վիճակում գտնվելուն», ասում է Անահիտ Օրդյանը։

Տարբերություններ, անշուշտ, կան նաեւ չափանիշների մեջ։ Ամերիկյան չափանիշներն ավելի մանրակրկիտ քննության են ենթարկվում։ 9 չափանիշներ պիտի բավարարի համալսարանը. նախՙ հաստատությունն ազատ մտածելու միջավայր պիտի ապահովիՙ ուսանողին տալով մտքի ազատ դրսեւորման հնարավորություն, վարչական կառուցվածքը, ուսումնական կազմը (որակավորում, փորձառություն), գրադարանային ռեսուրսները, ինտերնետային կապի որակը, տարածքային, շենքային պայմանները, ֆինանսական պաշարները եւ այլն պիտի համապատասխանեն բավարար չափանիշների։

«ԱՄՆ-ում հստակորեն առանձնանում են ըստ հաստատության եւ ըստ մասնագիտության հավատարմագրման կարգերը։ Հավատարմագրող տարածաշրջանային 6 ընկերակցությունները գնահատում են հաստատությունը որպես մեկ ամբողջությունՙ վերոհիշյալ չափանիշների շրջանակներում։ Մասնագիտական հավատարմագրումն իրականացվում է համապատասխան մասնագիտական ընկերակցությունների կողմից (ճարտարագետների, իրավաբանների, տնտեսագետների եւ այլն)։

Հավատարմագրման գործընթացին զուգահեռ ՀԱՀ-ը հետամուտ եղավ իր ծրագրերից մեկիՙ միջազգային ընկերակցության կողմից հանրային առողջապահության ծրագրի մասնագիտական հավատարմագրմանը։ 2002 թ. հոկտեմբերին ՀԱՀ-ը հյուրընկալեց նաեւ եվրոպական մի շարք բուհերի հանրային առողջապահության ոլորտի վեց փորձագետների, եւ բավարարելով եվրոպական չափորոշիչներըՙ դարձավ այդ ընկերակցության անդամը։

Հայաստանում մասնագիտական հավատարմագրման դեպքում կարեւորվում են 2 տարի անընդմեջ շրջանավարտների 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքները, արեւմտյան հավատարմագրման դեպքում կարեւորվում են այն մեխանիզմները, որոնց առկայությամբ կարող են երաշխավորել ուսումնական որակյալ ընթացքի շարունակական ապահովումը», շարունակում է վարչության տնօրենը։

Ինչ կարող է տալ վերջնական հավատարմագրումը ՀԱՀ-ինՙ ՀԱՀ-ի առաջիկա ծրագրերը

Լինելով Կալիֆոռնիայի համալսարանի մասնաճյուղը Հայաստանումՙ ՀԱՀ-ը համապատասխանում է այն չափորոշիչներին, որով գնահատվում է ԱՄՆ արեւմտյան տարածաշրջանի հանրահայտ բուհերի որակը, եւ Հայաստանի ամերիկյան համալսարանն այսուհետեւ կունենա նույն հեղինակությունը, ինչ, ասենք, Բերկլիի կամ մեկ այլ նմանատիպ համալսարան։ Սա հնարավորություն կտա առավել ամրապնդելու բուհի ուսումնական ծրագրերն ու ներքին կառուցվածքը։ Միջազգային ավելի մեծ հեղինակություն եւ վարկանիշ ունենալովՙ հավատարմագրումը ճանապարհ կբացի նաեւ դաշնային աղբյուրներից դրամաշնորհներ եւ ուսանողական վարկեր ստանալու համար։ Այս նոր կարգավիճակը կդյուրացնի սփյուռքահայ ուսանողներին համալսարանում ներգրավելու գործը։ Ուսմանը զուգահեռ նրանք առավել կկապվեն հայրենիքի եւ իրենց ակունքների հետ։

Հավատարմագրման վերջին փուլում, որը կտեւի 4 տարի, ավելի մեծ ուշադրության կարժանանան կրթական ծրագրերի, ուսումնական համակարգերի, մեխանիզմների մշակման, կատարելագործման խնդիրները, համալսարանի կառավարման մեջ դասախոսների առավել ակտիվ ընդգրկման խնդիրները, որոնք կապահովեն հաստատության հետագա զարգացման ընթացքը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4