«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2003-03-11 | #47, 2003-03-12 | #48, 2003-03-13


ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՆ-ՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

Իսկ վարչապետ Բլերն անտեսում է հրաժարականի պահանջը

Թուրքական «Ենի շաֆաք» թերթը մարտի 10-ի համարում «ԱՄՆ-ի դեմ զայրույթի տեղատարափ» խորագրով անդրադարձել էր Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ կազմակերպված ցույցին, որի ընթացքում ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել էր 25 կանանց, այդ թվումՙ անվանի գրողներ տկն Ալիս Ուոքերին եւ տկն Մաքսին Հոնգ Քինգստոնին։ Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Այն պատճառով, որ ձերբակալվածները հանդգնել էին հակաիրաքյան պատերազմին դեմ արտահայտվել։

«Ենի շաֆաքը» թուրք ընթերցողի ուշադրությունը հրավիրել էր ձերբակալության դրդապատճառի վրա, կարծես ընդգծելու, որ ԱՄՆ-ն իսկապես ազատությունների երկիր է, որտեղ յուրաքանչյուր ոք ցույցերին մասնակցելիս հակապատերազմական տեսակետներ արտահայտելու եւ ձերբակալվելու իրավունք ունի, միայն թե ձերբակալությունը համապատասխանի ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

Չափանիշների հանգամանքը, երբ դրանք միջազգային են, ներկա պահին խիստ այժմեական է թուրք հասարակության համար, որովհետեւ ամերիկյան զորքերն առանց թուրքական խորհրդարանի թույլտվության շարունակում են տեղակայվել երկրի տարածքում։ Ավելին, Վաշինգտոնը Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում 9 նոր ռազմաբազա ստեղծելու արտոնություն է պահանջում թուրքական իշխանություններից։

Թուրքական «Վաքիթ» թերթը մարտի 11-ի համարում առանց խորհրդարանի համապատասխան որոշման ամերիկյան զորքերի տեղակայումը համարում է Թուրքիայի տարածքի «օկուպացում»։ Ինչ վերաբերում է 9 ռազմաբազաների ստեղծմանը, ապա «Ենի շաֆաքը» նույն օրվա համարում կարծիք է հայտնում, որ ամերիկյան զորքերի նպատակն Իրաքը չէ, այլ հենց Թուրքիան, ինչպես նաեւ Եփրատի եւ Տիգրիսի ջրի պաշարների վրա ԱՄՆ-Անգլիա-Իսրայել «չարիքի առանցքի» վերահսկողության հաստատումը։

«Վաքիթը» ջրի պաշարների վերահսկողության միտումը համադրում է Մերձավոր Արեւելքի նավթի պաշարների վրա իրականացվող վերահսկողության հետ եւ հակաիրաքյան հավանական պատերազմը պայմանավորում է Եհովա աստծո խոստացած ավետյաց երկիրը իսրայելցիներին վերադարձնելու ԱՄՆ-Անգլիա-սիոնիզմ դաշինքի գաղտնի ծրագրով։

Տվյալ դեպքում խնդիրը ծրագիրը չէ, այլ սիոնիզմի շահերին ծառայելու կամ Իսրայելի հետ «չարիքի առանցք» կազմելու մեղադրանքը, որն ԱՄՆ-ի հետ հասցեագրվում է նաեւ նրա կրտսեր եղբորըՙ Անգլիային։ Այլ կերպ, վերոհիշյալ հրապարակումները բնույթով ընդգծված հակաամերիկյան են, իսկ «Վաքիթն» ու «Ենի շաֆաքն», անկախ իսլամամետ ուղղվածությունից, թուրքական թերթեր են։ Սա կարեւոր է այն առումով, որ մարտի 1-ին, երբ թուրքական խորհրդարանը մերժեց երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման օրինագիծը, վարչապետ Աբդուլլահ Գյուլը, դիմելով Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Փիրսոնին եւ պետքարտուղար Քոլին Փաուելին, մերժումը պատճառաբանեց ամերիկյան մամուլիՙ Թուրքիայի ազգային արժանապատվությունը վիրավորող հրապարակումներով։

Ըստ երեւույթին, ժողովրդավարության միջազգային չափանիշները պաշտոնական Վաշինգտոնի համար վեր են ազգային արժանապատվությունից, որ մարտի 9-ին ԱՄՆ-ի դեսպանը Սղերդի պատգամավորական միջանկյալ ընտրությունների ընթացքին հետեւելու համար ամբողջ օրն անցկացրել է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության վարչության շենքում, իսկ նախագահ Ջորջ Բուշը նախքան վերջնական արդյունքների հրապարակումը զանգահարել եւ պատգամավոր ընտրվելու առնչությամբ շնորհավորել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իրաքի դեմ պատերազմ սանձազերծելու հարցում Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի գլխավոր աջակիցն է։ Թեեւ նրա վարչապետ Թոնի Բլերն Էրդողանին շնորհավորելու առումով դեռեւս Բուշին չի հետեւել, բայց եւ այնպես, թուրքական թերթերը մարտի 11-ի համարներում ամերիկացիների վրա հարձակումներ գործելիս նրան անմասն չեն թողել։

Դրանցից «Աքշամը» «Բլերի դեմ ընդվզումը ծավալվում է» խորագրով գրում է. «Երբ նա իշխանության եկավ, ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում սոցիալ-դեմոկրատական շարժման հույսն էր։ Բլերի աստղն Իրաքի դեմ որդեգրած ագրեսիվ քաղաքականության պատճառով հանգչում է նույն արագությամբ, ինչպես փայլել է»։ «Ենի շաֆաքը» ընդգծում է «Բլերի անկման մասին»։ Խոսքը տվյալ դեպքում նրաՙ Անգլիայի սահմաններից դուրս առաջ բերած հակազդեցության մասին չէ, ոչ էլ երկրի ներսում ընդդիմության կամ բնակչության լայն զանգվածների մեկուկես միլիոնանոց ցույցերով արտահայտվող դժգոհության, այլ լեյբորիստական կուսակցության ներսում նրա դեմ կատաղի բնույթ ստացող պայքարի մասին է։

«Ազգը» մարտի 11-ի համարում տեղեկացրել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարության երկու անդամներ եւ նախարարների մի քանի օգնականներ սպառնացել են հրաժարական տալ, եթե անգլիական ուժերն առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման մասնակցեն հակաիրաքյան պատերազմին։ Այդ ընթացքում Լեյբորիստական կուսակցության 122 խորհրդականներ Բլերի դեմ էին քվեարկել։

«Ենի շաֆաքն» էլ վերոհիշյալ հոդվածով տեղեկացնում է, որ Բլերի դեմ քվեարկող խորհրդարանականների թիվը հասել է 200-ի, իսկ հրաժարականի պատրաստվող փոխնախարարներինըՙ 5-ի։ Հատկանշական է, որ Բլերի դեմ ընդվզել է նաեւ Լեյբորիստական կուսակցության գլխավոր դեմքերից Թամ Դալյելը։ Ըստ թուրքական թերթի, նա ասել է. «ԱՄՆ-ը եւ Անգլիան իրավացի չեն։ Կարծում եմ Թոնի Բլերի համար արդեն ուշ է։ Վարչապետին պետք է փոխել։ Բլերին փոխարինելու համար թեկնածու ենք որոնում։ Իրաքի հարցում Գերմանիայի եւ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը ճիշտ է։ Հույս ունեմ, որ նոր վարչապետը վերջիններիս հետ կբանակցի»։

«Ենի շաֆաքի» այս տեղեկության համար հիմք են ծառայել անգլիական կենտրոնական թերթերը, որոնցից «The Sunday Times»-ը դիմելով Բլերին, նախազգուշացրել է. «Մեր անունից հանդես մի եկեք։ Դուք ժողովրդի աջակցությունը չեք վայելում»։ Վարչապետ Բլերը հրաժարական կտա՞։ Հազիվ թե, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է, որ նա զոհաբերություն կատարի ժողովրդավարության չափանիշներից։ Մինչդեռ չափանիշները միջազգային են, իսկ Բլերի դեմ անգլիական ընդդիմության, մամուլի, ժողովրդական զանգվածների Լեյբորիստական կուսակցության եւ իր կառավարության անդամների ընդվզումը ներքին խնդիր է։ Ահա թե ինչու ամերիկյան վարչակարգը հանուն այդ չափանիշների ձերբակալում է հակաիրաքյան պատերազմի հակառակորդներին, իսկ Թոնի Բլերը նրան հաճոյանալու համար, անկախ համատարած բնույթից, անտեսում ամեն մի ընդվզում։ Ըստ երեւույթին դա հասկանում են թուրքական թերթերը, որ նրանց հեգնանքի առարկա են դարձնում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4