Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժինը հանդես եկավ հաղորդագրությամբ, որը վերաբերում է Տիգրան Նաղդալյանի սպանության մանրամասներին։ Ըստ այդ հաղորդագրության, սպանությունն իրականացրել է ոմն Ջոն Հարությունյան։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սպանության պատվիրատուն «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանն է, որ այժմ փախուստի մեջ է, եւ հետախուզում է հայտարարված նրա նկատմամբ։
Հաղորդագրության հենց առաջին մատուցման ժամանակ (ՀՀՀ, «Հայլուր» ծրագիր) նշվեց, որ սպանության մեջ կասկածվող 6 անձանցից երկուսը կապված են Սարգսյան ընտանիքի հետ։ Սպանության պատվիրատունՙ «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանը եւ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը քրոջ եւ եղբոր թոռներ են, ինչպես նաեւ սպանության առաջին պատվիրատունՙ Լեւոն Հարությունյանը, Արամ Զ. Սարգսյանի եղբորՙ Արմենի հետ սանահեր-քավորական կապերի մեջ են։
Առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ այս փաստը։ Այսինքնՙ հետքերը տանո՞ւմ են դեպի Սարգսյանները, որոնցից Արամ Զ. Սարգսյանը պնդում է, որ իրենք շահագրգռված են Տիգրան Նաղդալյանի ողջ մնալով եւ, ինչպես տիկին Գրետա Սարգսյանն էր պնդում, հույսեր էին կապում «Հոկտեմբերի 27»-ի գործով Տիգրան Նաղդալյանի դատարանում սպասվող հարցաքննության հետ։
Իհարկե, այսօր դժվար է որեւէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչո՞ւ սպանվեց Տիգրան Նաղդալյանը, ո՞վ էր պատվիրատուն։ Հուսով ենք, որ այս ամենը ժամանակի ընթացքում պարզ կդառնա։
Բայց նաեւ բնական ու սպասելի էր, որ կսկսվեին շահարկումները։ Հատկապեսՙ մամուլում եւ հեռուստատեսությամբ։
«Հայոց աշխարհ» թերթը հենց մարտի 11-ի համարում նշելով, որ սպանությունը քաղաքական է, նաեւ ավելացնում է. «Միաժամանակ հաստատվում է նաեւ մեր այն ենթադրությունը, որ Տիգրան Նաղդալյանի սպանության հետքերն, այնուամենայնիվ, տանում են Դավալու։ Եվ քիչ առաջ նշված ազգակցական, ինչպես սանիկ-քավորային կապերն էլ հենց դրա մասին են խոսում»։ Իսկ այդ օրերին հերթական հանրահավաքում Արամ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ այդ հանցավոր խմբի հետ որեւէ կապ չունի, եւ ինքը քրիստոնյա է։
Տիգրան Նաղդալյանի սպանության վերաբերյալ շատ քիչ բան է հայտնի հասարակությանը, ամեն դեպքում, իրավապահ մարմինները սուղ տեղեկություններ են տրամադրում։ Բնական է, որ թերթերն ու հեռուստատեսությունը սկսել են սեփական նախաքննությունը վարել։ Իսկ հրապարակվող նյութերում առայժմ գերիշխում են ծայրահեղ մոտեցումները։
Սակայն այժմ արդեն կարելի է հաստատել, որ սպանության գործն այնքան էլ պրոֆեսիոնալ մակարդակով չէր արվել։ Առաջինՙ նման արարքի համար բավական մեծ է հավաքագրվածների թիվը։ Երկրորդՙ սովորաբար նման սպանությունների ժամանակ մարդասպանը գործը կատարելուց հետո հրազենը դեն է գցում մոտակա մի տեղ։ Այնինչՙ TT տիպի ատրճանակը քննիչները չէին հայտնաբերել։ Ըստ մեր ունեցած վարկածի, ատրճանակը հայտնաբերվել է հենց Ջոն Հարությունյանի տանըՙ Հադրութում, Տ. Նաղդալյանի գործի հետ բոլորովին կապ չունեցող հանգամանքներում։ Ըստ այդ վարկածի, Ջ. Հարությունյանը մարտական հրացանով վարազի որսորդությամբ է զբաղվելիս եղել։ Տեղի ոստիկանությունն այդ մասին բողոքներ ստանալովՙ որոշել է առգրավել նախկին ազատամարտիկի տանը եղած բոլոր զենքերը։ Հենց խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաեւ TT տիպի ատրճանակը։
Գործի լուսաբանման համար անչափ կարեւոր է փախուստի մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի («Ապեր») հայտնաբերումը եւ հարցաքննությունը։ Հույս ունենանք, որ նա կհայտնաբերվի, այլ ոչ թե 1¬2 տարի կմնա ընդհատակում, իսկ դրանից հետո էլ մի օր կհայտարարվի, թե ինչ-որ ջրանցքում «հայտնաբերվել է 48-ամյա մի տղամարդու դիակ, որը, հավանաբար, ամիսներ շարունակ փախուստի մեջ գտնված Հովհաննես Հարությունյանն էՙ «Ապեր» մականունով»։
Այո, վստահաբար, «Ապերը» այժմ հետապնդման մեջ է երկու կողմիցՙ դատախազության եւ բուն պատվիրատուի։ Առաջինըՙ գործը բացահայտելու, երկրորդըՙ նրան ոչնչացնելովՙ գործը կոծկելու համար։
Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս ենք հիմնավորում Ջ. Հարությունյանի պատվիրատու «Ապերի» ավելի վերեւում գտնվող պատվիրատուի գոյության մասին մեր ենթադրությունը։ Հարցին պատասխանենք հարցովՙ իսկ ինչո՞ւ պետք է ձեռներեցությամբ, մասնավոր բիզնեսով զբաղվող «Ապերը» ցանկանար Տիգրան Նաղդալյանի մահը։ Գոնե կարելի է վստահ ասել, որ Տիգրան Նաղդալյանն ու Հովհաննես Հարությունյանը կիսելու բան չունեին։ Վստահաբար «Ապերի» հետեւում այլ ուժեր են կանգնած։ Իսկ մինչեւ ո՞ւր են տանում նրանց հետքերը։
Ինչուները շատ են։ Պատասխաններին սպասենք։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ