Ինչո՞ւ են մարդիկ մասնակցում հանրահավաքների
Նախագահի ընտրությունները թեեւ ավարտվեցին, սակայն ընդդիմության հանրահավաքային շքերթը շարունակում է մնալ «օրակարգում»։ Անշուշտ ակնհայտ է, որ ընդդիմության քաղաքական պայքարը խորհրդարանական ընտրությունների շեմին խարսխվում եւ խարսխվելու է հենց հանրահավաքների վրա։ Թեեւ վերջիններիս կազմակերպիչները վաղուց հասկացել են, որ նման մարտավարությունն էական ազդեցություն չի թողնում հասարակության վրա, սակայն հանրահավաքներին հանրության որոշակի մի հատվածի կանոնավոր, մշտական ներկայությունը ընդդիմության համար հիանալի զենք է դարձել։ Հետաքրքրական է, որ ցանկացած այլ իրավիճակում անընդհատ նույն բաները կրկնող հանրահավաքները, կամ ինչպես կազմակերպիչներն են ասումՙ հանդիպումները ժողովրդի հետ, կձանձրացնեին դրանց մասնակիցներին։ Սակայն որքան էլ զարմանալի է, այդ հանրությունը կարծես թե չի զլանում գրեթե ամեն օր գալ Մատենադարանին հարող տարածք եւ արձագանքել հանրահավաքներում հնչող ամեն տեսակի հայտարարություններին։
Հիրավի հարց է առաջանումՙ ո՞րն է գաղտնիքը։ Այստեղ ցավալին ոչ այնքան այն է, որ այդ մարդիկ ցավալիորեն միջոց են դառնում մի փոքր խմբի հավակնությունների բավարարման համար, որքան նրանց հետաքրքրությունների շրջանակների դիտարկումները, որոնք որոշակիանում են հատկապես հանրահավաքների կառուցվածքին ուշադրություն դարձնելիս։ Որպես կանոն առաջին պլանում գործում է ընդդիմության թեւերի ակտիվը, որը բուռն կերպով արձագանքում է ամբիոն-հարթակի գործողություններին։ Այս հատվածը նաեւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրահավաքներին հաջորդող երթերի ժամանակՙ դառնալով հիրավի հանրահավաքների «տրամադրությունը»։ Երկրորդ պլանում համեմատաբար պասսիվ հատվածն է, որը միտված է հետեւելու առաջինների օրինակին եւ որի նպատակն է այսպես կոչված «գլխաքանակի» ապահովումը։ Այս հատվածի յուրահատկությունն այն է, որ նրանք գրեթե մինչեւ վերջ մասնակցում են հանրահավաքներին եւ երթերինՙ իրենց ներկայությամբ ոգեւորելով «առաջիններին»։
Երրորդ պլանում, որքան էլ զարմանալի թվա, գործում է այսպես կոչված թաքուն ակտիվը, որի խնդիրը համեմատաբար հետին շարքերում «պաթոս»-ի պահպանումն է։ Այս հատվածում ակտիվ են հիմնականում կանայք, որոնք ակտիվորեն արձագանքում են ոչ այնքան բանախոսների ելույթներին, որքան առաջին պլանում գործողների քայլերին։ Իսկ երթերի ժամանակ նրանք միանում են «ակտիվին»։ Այս շերտը մի յուրօրինակ պատվար է իրենից առաջ գտնվողների ճանապարհը փակելու համար։
Հանրահավաքների կառուցվածքը եզրափակում են հետաքրքրասերները, որոնք հավաքվում են միայն ինչ-որ բան տեսնելու կամ պատահաբար, գործի բերումով այդ տարածքում հայտնվելով։ Վերջիններս որեւէ ազդեցություն չեն թողնում ողջ հանրահավաքի ընթացքում, չեն արձագանքում ելույթներին եւ արագ փոխարինում են միմյանցՙ տարածքը լքելու պատճառով։ Այս մասը հետագայում երթին եւս չի մասնակցում։
Չնայած այս «դասավորությանը», բոլոր շերտերում էլ բազմակի տրամադրվածություն է տիրում, ինչից կարելի է եզրակացնել, թե մարդկանց ինչն է դրդում բան ու գործ թողած հանրահավաքների գալ։ Ուշադիր լինելու դեպքում կարելի է տարանջատել մի քանի պատճառներ.
ա) Մարդիկ գտնում են, որ իրենց ընտրական իրավունքը խախտվել է եւ «ձայնին տեր» լինելու միակ միջոցը համարում են հանրահավաքներին մասնակցելը։ Սա առողջ դատողություն է եւ ուղղակի վկայում է մարդկանց քաղաքական գիտակցության բարձրացման մասին։ Եվ հանրահավաքների մասնակցում են, քանի որ կազմակերպիչները քաղաքական պայքարի այլ ձեւ չեն առաջարկում։
բ) Մի ստվար հատվածը կազմում են գործազուրկները, որոնք գործ չունենալու ողջ մեղքը բարդելով իշխանության վրա, իրենց բողոքը նման ձեւով են արտահայտում։ Կոնկրետ ընտրախախտումների մասին հայտարարությունները նրանց քիչ են հետաքրքրում։ Այս մարդիկ միայն ուզում են հավատալ, որ իշխանափոխության դեպքում գուցե իրենց բախտը բերի, դրա համար էլ կանոնավոր գալիս են հանրահավաքների։ Եթե սոցիալական իրավունքի պաշտպանության հարթությունից խնդրին մոտենանք, ապա այս զանգվածի հանրահավաքային տրամադրվածությունը եւս կարելի է պայքարի ձեւ համարել եւ արդարացնել։
գ) Որքան էլ տարօրինակ հնչի, հանրահավաքներին մասնակցողներից շատերն առաջնորդվում են 1988-ի «սինդրոմով»։ Այսինքնՙ վերջիններիս թվում է, թե հանրահավաքներին իրենց մասնակցությամբ համաժողովրդական շարժում են ստեղծում։ Սակայն նրանք թերեւս չեն կարող բացատրել, թե շարժում հանուն ինչի՞։ Ի վերջո, 1988 թ. ժողովուրդը պայքարի ելավ իր մի հատվածիՙ Ղարաբաղի հայության պահանջներին տեր կանգնելու մղումով, ինչն էլ հետագայում հանգեցրեց ամենանվիրական ցանկությանՙ պետականության կայացմանն անկախության ճանապարհով։ Արդյոք կարելի՞ է զուգահեռներ անցկացնել վերջինիս եւ զուտ իշխանության համար մի խումբ մարդկանց տարած պայքարի միջեւ։ Այս տեսակետից տվյալ հատվածի ներկայությունը հանրահավաքներին անառողջ մթնոլորտի արդյունք կարելի է համարել։
դ) Մեծ թվով «հանրահավաքականներ» իրենց մասնակցությունը բացատրում են ուղղակի այլընտրանքային տեղեկատվության բացակայությամբ, ինչի ծարավից դրդված գալիս են նման միջոցառումների։ Այս մարդկանց պատճառաբանությունները մտածելու տեղիք են տալիս, քանի որ ուղղակի մատնանշում են լրատվական դաշտի ծայրահեղ բեւեռացվածությունը։ Պատահական չէ, որ նրանցից շատերը շեշտում են հատկապես «Ա1+»-ի բացակայությունը։ Այս ընկալումը խիստ բնական է։
ե) Մասնակիցների շարքերում կան նաեւ մարդիկ, ովքեր իշխանություններից, անկախ մակարդակից, ինչ-որ անբավարարվածության զգացում ունենՙ ոմանք աշխատանք են կորցրել, ոմանք իրավախախտման զոհ են դարձել, ինչ-որ չինովնիկի կամայականությունից տուժել են։ Նրանց համար իշխանություն ասվածը չարիք է, որից ուղղակի պետք է ազատվել։ Նման անհատներ լինում են բոլոր իշխանությունների ժամանակ եւ նույնպիսի ջանասիրություն պատրաստ են դրսեւորել ցանկացած իշխանության դեպքում։
զ) Որոշակի հատված, պետք է նշել, որեւէ տրամաբանությամբ չի առաջնորդվում։ Մարդկանց պարզապես դուր են գալիս ամբիոններից հնչող ծայրահեղ, նույնիսկ անբարո խոսքերըՙ ուղղված իշխանության ներկայացուցիչներին, եւ նրանք մեծ հրճվանքով ամեն անգամ արձագանքում են հենց այդպիսի բնորոշումներին։ Նրանց համար բոլորովին կապ չունիՙ ով է խոսողը, կարեւորըՙ ինչ է նա ասում։
Ուստի պատահական չէ, որ այս հատվածը կանոնավոր ներկայանում է բոլոր տեսակի հանրահավաքներինՙ անկախ նրանից, թե ով է հրավիրել եւ ինչու։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ