«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՈՒԺԵՐԸ ՀԱՅՏ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բայց սպառնում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները

Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, թե իրենք եւ Ստեփան Դեմիրճյանին սատարող բոլոր քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե մինչեւ մայիսի 25-ը քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվի։

«Կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի թողած լինի նախագահի պաշտոնը, կամ այնքան թուլացած դիրքեր ունենա, որ չկարողանա իշխանական լծակներ օգտագործել ԱԺ ընտրություններում»։ Այլապես, պրն Բազեյանի համոզմամբ, անիմաստ է գնալ նախագահականին նմանվող ընտրությունների եւ ձեռք բերել 10¬12 մանդատ նախագահի կողմից լիովին վերահսկվող խորհրդարանում։

Միեւնույն ժամանակ, ինչպես Մամուլի ազգային ակումբում կայացած երեկվա հանդիպման ժամանակ տեղեկացրեց ընդդիմադիր գործիչը, իրենք, այսինքնՙ «16»-ի դաշինքի գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ «Ազգային միաբանության» եւ Կոմկուսի, որոնք առանձին են գործում, «պարտադրված են» այսօր հայտ ներկայացնել ԿԸՀ, որպեսզի ԱԺ ընտրությունների ժամանակացույցից դուրս չմնանՙ մինչեւ պատկերը պարզվի։ Երկրի քաղաքական իրավիճակը, Ա. Բազեյանի վստահեցմամբ, համախմբված ընդդիմությունը պատրաստվում է փոխել զուտ իրավական ճանապարհով։ «Առաջին քայլը ՀՀ Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումն է։ Եթե այնտեղ չհասնենք ցանկալի արդյունքի, դիմելու ենք Եվրոպական դատարան»։

Ըստ Բազեյանի, իրենք այսօր անում են ամեն ինչՙ հասարակությանը բարեփոխումներից զերծ պահելու համար։ «Անում ենք ամեն ինչ, որ տարբեր խմբեր ինքնագործունեությամբ չզբաղվեն»։

Ռոբերտ Քոչարյանը, «Հանրապետության» դիտարկումներով, երկար չի մնալու նախագահի պաշտոնում։ Նա այս պահին, ըստ հանրապետականի, ավելի թույլ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996-ի նախագահական ընտրություններից հետո։ Այստեղ Ալբերտ Բազեյանը մի զուգահեռ էլ անցկացրեց. «Բայց Ռոբերտ Քոչարյանի համար մենք հասարակությանը չենք տանելու բանակի հետ բախման։ Զինվորներն էլ մեր հասարակության անդամներն են, եւ նրանց կարող են ապօրինի հրահանգներ տրվել»։

Իսկ եթե իրավիճակը երկրում հնարավոր չլինի փոխել, իրենք անիմաստ կհամարեն մասնակցել մայիսի 25-ի «քաղաքական ֆարսին»։ Բայց առայժմ Ստեփան Դեմիրճյանին սատարող ուժերն ԱԺ ընտրությունների համար ԿԸՀ հայտ կներկայացնեն ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական կարգի համար։

Տիգրան Նաղդալյանի սպանության քր. գործով հետախուզվող Հովհաննես Հարությունյանիՙ Արամ Զ. Սարգսյանի հետ ունեցած ազգակցական կապերի եւ վերջինիսՙ այդ գործին որեւէ առնչություն ունենալու վերաբերյալ Ա. Բազեյանն ասաց, թե դա ընդամենը հեղինակազրկելու փորձ է։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4