Նախընտրական բանակցություններ ԱԺ տեղերի շուրջ
Մարտի 11-ից հայրենի քաղաքական ուժերը պետք է հայտեր ներկայացնեն ԿԸՀՙ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Անցել է արդեն երեք օր, սակայն որեւէ էական դիմում ԿԸՀ չի հղվել։ Ներկայիս քաղաքական ակտիվության պայմաններում այս իրավիճակը ոչ ստանդարտ կարելի էր համարել։ Սակայն այս տպավորությունը միայն առաջին հայացքից է այդպես...
Նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտի բեւեռացվածությունը հանգեցրեց ուժերի բյուրեղացման հակառակ ճամբարներում։ Դրանից թոթափվելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, որը, սակայն, տվյալ պարագայում գոյություն չունի։ Նախագահին եւ ընդդիմության թեկնածուին սատարող շրջանակների համախմբվածությունը հասարակության ընկալումների մեջ այն աստիճան նստվածք է տվել, որ պարզապես անհնարին է թվում կուսակցություններիՙ առանձին-առանձին ընտրություններին գնալու հնարավորությունը։ Դա նաեւ հասկանում են քաղաքական ուժերը, որոնք առավել քան երբեւէ այսօր միմյանց ռեալ, համազոր հակակշռման հնարավորություն չեն ունեցել։ Ըստ էության, երկու բլոկներում էլ հիմա խորը, հիմնարար բանակցություններ են ընթանումՙ պարզելու, թե ինչպես եւ ում հետ գնալ ընտրությունների։ Անգամ բավականին հզոր համարվող կուսակցություններն այսօր գիտակցում են, որ միայնակ դժվար է լինելու հաջորդ ընտրապայքարից հաղթանակած դուրս գալու համար։ Սակայն այս տեսակետից երկու «դիրքերում» տարբեր առաջնահերթություններ են գործում։
Անշուշտ, նորընտիր նախագահին անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ունենալ, որի վրա հենվելով կարող է հետագայում կառավարություն կազմել եւ իրականացնել նախընտրական ծրագրերը։ Այս տեսակետից միանգամայն բնական էր իրեն սատարող ուժերի հետ օրերս նախագահի հանդիպումը։ Սակայն դրանից ավելին նախագահի մասնակցությունն ընտրություններում չի կարող լինել այն շատ պարզ պատճառով, որ նման լիազորություն սահմանադրությամբ նա չունի եւ իր խնդիրը միայն ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելն ու երկրում քաղաքական կայունության պահպանումն է։ Հետեւաբար նրան սատարող ուժերն իրենք պետք է որոշենՙ ընտրություններին մասնակցել միայնա՞կ, թե՞ դաշինքներով։ Միայնակ գնալու պարագայում նրանք անկասկած բախվելու են ընդդիմության ուժեղ դիմադրությանը եւ շատ հնարավոր էՙ ի վիճակի չլինեն ոչ համամասնական եւ ոչ էլ մեծամասնական ցուցակներով ճեղքել այդ արգելապատնեշը։ Սակայն դաշինքավորվելու համար նրանց անհրաժեշտ է լինելու միասնական ծրագիր ներկայացնել, ինչը բավականին բարդ էՙ հաշվի առնելով կուսակցությունների գաղափարական եւ սկզբունքային հակասությունները, որոնք մշտապես առկա են եղել մինչեւ նախագահական ընտրություններ։ Բացի դրանից, դաշինքներով գնալու պարագայում խնդրահարույց հարց է նաեւ ցուցակների առաջին գոտիների զբաղեցման հարցը։ Այս առանցքում շատ բան կախված է Հանրապետական կուսակցությունից, որի ռեսուրսները մյուսների համեմատությամբ ավելի մեծ են տարածքներում։ Թերեւս բացի Դաշնակցությունից, որը ձախ ուղղվածություն ունի, մյուս ուժերը ռեալ համախմբման հնարավորություն կունենան։ Կլինի՞ այդպես, թե՞ ոչ, որքան էլ տարօրինակ հնչի, մեծապես կախված է ընդդիմության դիրքորոշումից։
Այս հատվածի առջեւ լուրջ խնդիր է դրված, պահպանե՞լ ստեղծված «դաշինքը» Ստեփան Դեմիրճյանի շուրջ, թե՞ ոչ։ Այս հարցն ըստ էության որեւէ տրամաբանական ելք չի ենթադրում։ Եթե 15¬11 կուսակցություններ որոշում են միասին գնալ ընտրությունների, մեկ դաշինքով, ապա նրանք պետք է լուծեն համամասնական եւ մեծամասնական ցուցակների հարցերը։ Եթե ենթադրաբար կարելի է եզրակացնել, որ առաջին երկու հորիզոնականները կզբաղեցնեն Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը, սկսած հենց երրորդ տեղից որեւէ համաձայնություն կայացնելը պրակտիկորեն դառնում է անհնար։ Հիշո՞ւմ եք, ինչ կատարվեց նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրյակին, երբ անհնար եղավ միասնական թեկնածու առաջադրելը եւ հանուն դրա զիջումների գնալը։ Այսինքնՙ ամենայն հավանականությամբ այս հարցի շուրջ համաձայնություն չի կնքվի եւ ներկայիս պասսիվությունը ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին հայտ ներկայացնելու առումով բացատրվում է հենց դրանով։ Պետք է նշել, սակայն, որ սա փոքր ու միջին ընդդիմադիր կուսակցությունների ամենահարմար տարբերակը կարող էր լինել խորհրդարան «ընկնելու» համար։
Մյուս տարբերակըՙ առանձին-առանձին կամ փոքր դաշինքներով գնալն այս հատվածին ընդհանրապես ձեռնտու չէ, չնայած ամենայն հավանականությամբ, հենց այդ ճանապարհով էլ գործընթացները կզարգանան։ ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» դժվար թե համակերպվեն ցուցակային այդ խառնաշփոթին եւ միասին դաշինք կկազմենՙ ստեղծելով «Միասնության» «միրաժը»։ Մյուս կուսակցությունները «խաղից դուրս» չմնալու համար կմիավորվեն միմյանց, բայց ոչ մի շանս չեն ունենա խորհրդարան մտնելու համար։ Սակայն նման զարգացումների դեպքում հետաքրքրական է լինելու այլ խնդրի հետագան։ Խոսքը վերաբերում է նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու զարգացումներին։ Եթե ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» անտեսում են իրենց «փոքր» համախոհներին, ապա պատռում են ընդդիմության միասնականության դիմակը, ինչը նշանակում է նաեւ ընդդիմության պահանջների նկատմամբ անհետեւողականություն եւ անպատասխանատվություն։
Բոլոր դեպքերում, թե որ մարտավարություններն են ընտրում երկու բեւեռները, պարզ կդառնա մինչեւ կիրակի։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններն իրենց թեժությամբ չեն զիջելու նախագահականին...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ