«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Նշվեց Չարենցի ծննդյան 106-ամյակը

Մարտի 13-ը տաղանդներ ու հանճարներ է ծնում։ Վկաՙ Եղիշե Չարենցը, որի պարագայում մակդիրներն ավելորդ են։ Ու ամեն անգամ մարտի 13-ին պիտի գնանք խնկարկելու Եղիշե Չարենցին, թեկուզ գերեզման էլ չունեցավ, չթողեցին գերեզման ունենա։ Մեզ ստիպեցին բանաստեղծի ոգուն երկրպագել (իրենք էլ չհասկացան, թե Եղիշե Չարենցին իրենց արածով ինչպես բարձրացրին)։

Երեկ էլ եղավ Չարենցի օրը։ Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը. «Իր գիրն ուղղված է դարերին եւ այդ դարերի վսեմ հիացմունքը կա իր տաղերում»։

¬ Այսօրվա խորհուրդն այն է նաեւ,¬ շարունակեց ՀԳՄ նախագահը,¬ որ կուսակցական թոհուբոհի մեջ տարբաժանվում ենք, ու ջլատվում է մեր հասարակությունը։ Իսկ Չարենցի նման վիթխարի երեւույթն այսօր էլ կարողանում է միավորել մեր հասարակությանը։ Այսօր առավել եւս ուրախալի է այն, որ նոր սերունդն է տեր կանգնում Չարենցի ժառանգության պահպանմանը։

Լեւոն Անանյանը նկատի ուներ այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք երեկ եկել էին Չարենցի հուշարձանին ծաղիկ դնելու։

Չարենցի թոռը, Արփենիկ Չարենցի որդինՙ Արմենը գտնում է, որ արյունակցական կապը, Եղիշե Չարենցի ժառանգ լինելն առավել եւս պարտավորեցնում է իրեն։ Իր երակներում հոսող արյունը հոգեւոր արյան հոսք է, հոգեւոր ժառանգություն։ «Մեր կյանքում կատարվող ամեն երեւույթ հենց այստեղից է մեկնակետվում»,¬ ասաց Արմենը։

Հայաստանի գրողների միության, Երեւանի պետական համալսարանի միջոցառման ժամանակ շատ ու շատ մտավորականների ի մի բերեց Եղիշե Չարենցի ոգին։ Ուրեմն մենք եւս մեկ անգամ անմեռ ենք դառնում Չարենցով։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4