Արտերկրի հայ երաժիշտների կյանքն ու գործունեությունը մեզ համար առաջվա պես մնում են անբավարար չափով ուսումնասիրված։ Ուստի, տեղեկատվության բացը լրացնող մշակութային յուրաքանչյուր ձեռնարկում արժանի է հարգանքի եւ ամենայն աջակցության։ Նման ձեռնարկումներից էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հայ եւ ֆրանսիացի երաժիշտների ուժերով ներկայացված Էժենի Ալեսյանի «Ամազոնուհի» կամերային օպերան։ Նախաձեռնության գլխավոր հովանավորներն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ անձամբ պարոն Անրի Կյունին։
Գլխավորապես դաշնամուրի համար գրված սիմֆոնիկ եւ կամերային մի շարք ստեղծագործությունների հեղինակ Ալեսյանը (հարազատ Փարիզում դաշնամուրային նախնական կրթությունից հետո 1967¬74 թթ. նա Ֆոնտեբլոյի կոնսերվատորիայում, Ալեն Վեբերի դասարանում ուսումնասիրեց հարմոնիա, պոլիֆոնիա եւ կոմպոզիցիա) դրամատուրգ Ժան Ժակ Վարուժանի հետ գրեց «Ամազոնուհի» օպերան, որի պրեմիերան տեղի ունեցավ Փարիզում 2002 թ. մայիսին եւ 15 անգամ ներկայացվեց հյուրախաղերի ընթացքում։
Երեւանցիները Վարուժանին ճանաչում են շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի հետ նրա համատեղ աշխատանքով. նրա «Պրոմեթեւս-12» օպերան 1995 թ. բեմադրվեց Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում հայ երաժիշտների ուժերովՙ դիրիժոր Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ։ «Ամազոնուհու» մեջ եւս Վարուժանի վարպետությունը բարձր գնահատելի է։ Նա նրբորեն զգում է օպերային դրամատուրգիայի առանձնահատկությունները եւ սուղ միջոցներով կարողանում է հասնել տպավորիչ բեմական դինամիկայի, ընդսմին չնսեմացնելով արտիստների վոկալ հնարավորությունները։
«Ամազոնուհու» սյուժեն որոշ իմաստով հիշեցնում է Պիգմալիոնի անտիկ պատմությունը, որը 20-րդ դարում տարբեր մեկնաբանումներ ստացավ (Բ. Շոու, Մ. Լենդիել)։ Սակայն գլխավորը էկզիստենցիալիզմի ֆրանսիական (ավելի ստույգՙ ֆրանս-իսպանական) ավանդույթն է, որը հետազոտում է մարդկային գիտակցությունը «սահմանային իրավիճակներում», իրականի ու երեւակայականի շփման կետում եւ դրանց փոխարկելիության մեջ։ Երաժշտությունը, գրականությունը, կինոն շռայլորեն տուրք են տվել այդ ավանդույթին։
Եվ Էժենի Ալեսյանն իր օպերան գրել է այդ ոգով, որտեղ, իհարկե, առկա է Կ. Դեբյուսիի «Պալեասի եւ Մելիզանդայի», Մ. Ռավելի «Մանկան ու կախարդանքի» եւ հատկապես Ֆ. Պուլենկի «Ձայն մարդկայինի» փորձը։ Գրական ֆրանսերենով դաստիարակված Ալեսյանն առանձնակի կարեւորություն է տալիս խոսքի արտահայտչականությանըՙ քնարական եւ էքսպրեսիվ վիճակներ հաղորդելու, մենախոսություններ, երկխոսություններ, զուգերգեր կամ զուտ խոսակցական դրվագներ կառուցելու համար։ Արձակի երաժշտականացումՙ սա է այդ մոտեցման սկզբունքը։
Չորս մասանոց, մեկ գործողությամբ օպերայի ընդհանուր թեմատիկ զարգացումը կառուցված է հարաճուն գծով. Կնոջ ռոմանտիկ զգացմունքները կենդանացնում են Մանեկենին եւ հանգեցնում փոխադարձության (երրորդ մաս, քնարական զուգերգ-համաձայնություն), որից հետո սիրո բոցը (հետնաբեմի էկրանի վրա բոցկլտում է վառ կարմիր գույնը) «ջարդում է» Մանեկենի մարդկային էությունը, նրան վերադարձնելով նախկին անշարժությանը (չորրորդ մաս)։ Երաժշտական առումով այդ անցումը շատ հետաքրքիր է լուծված. մեխանիկական ձայնագրությունը վերարտադրում է կրկնվող ռիթմը, ապա այն շարունակում են հարվածային գործիքները, եւ ամբողջ գործիքային համույթը մնում է մեկ «քարացած» հնչյունի վրա։ Իսկ Մանեկենին առաջին անգամ ընձեռվում է ծավալուն մեներգ, որը բացահայտում է կերպարի երկակիությունը։
Վոկալ առումով հիմնական ծանրությունն ընկած է Կնոջ դերերգի վրա, որն Ալեսյանը տալիս է բացառապես հոգեբանական տեսանկյունից։ Երգեցողության մեծ լարվածությունը եւ ընդսմին ներքին վիճակների հաճախակի փոփոխությունը կատարողին առաջադրում են դժվարին խնդիրներ։ Դրանք փայլուն կերպով լուծեց տաղանդավոր երգչուհի Սուսաննա Բաղամյանը (Երեւանի կոնսերվատորիայի սան, պրոֆեսոր Ա. Մ. Սարաջեւայի դասարանից), որը ներկայումս Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի է։ Ազատորեն տիրապետելով թե՛ վոկալ բարդ պլաստիկային եւ թե՛ ֆրանսերենին, նա ըստ էության վարում էր ամբողջ ներկայացումը։ Բաղամյանի տեմբրով հարուստ սոպրանոն հիանալի համապատասխանում է ժամանակակից երգեցողության բազմակողմ բնույթին։
Սուսաննայի արժանավոր զուգընկերը դարձավ Հրանտ Խաչիկյանը (բարիտոն). Մանեկենի բեմական բարդությունը նա հաղթահարեց բավական անկաշկանդ եւ նույնիսկ նրբագեղ ձեւով։ Չնայած տարիքին, Խաչիկյանն ունի տպավորիչ կենսագրություն։ Բացի Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում ստացած վոկալ կրթությունից, նա մասնագիտանում է արվեստի տեսական հարցերում եւ, մասնավորապես, վոկալի մեթոդաբանության մեջ։ Վերջապես ներկայացման մեներգիչների հետ երաժշտական մեծ աշխատանք կատարեց դաշնակահար, հայտնի կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանը։
Յոթ մարդուց կազմված գործիքային համույթը (լարային հնգյակ, կլարնետ, հարվածային գործիքներ) ֆրանսիացի դիրիժոր Ֆրանկ Գալիի ղեկավարությամբ կատարեց առավելապես նվագակցողի դեր, միայն երբեմն ստանալով առաջատար նշանակություն։ Հայ եւ ֆրանսիացի երաժիշտները (նրանցից 4-ը Փարիզից են) համատեղ ջանքերով (նրանք նստած էին բեմի վրա եւ գործողության մասն էին կազմում) Ալեսյանի կամերային օպերային հաղորդեցին անհրաժեշտ ամբողջականություն, ոճի ու ժանրի միասնություն։
«Ամազոնուհի» ներկայացումը բացեց մշակութային համագործակցության նոր հնարավորություններ։ Սպասենք դրանց շարունակմանը։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր