Սերբ-հայկական ընկերությունը 2000 տպաքանակով սերբերեն հրատարակել է «Հայերը, պատմությունը, Եղեռնը, գաղթը Յերմենի» գիրքը, որի տպագրությունը հովանավորել է Հայկական ժողովրդային շարժումը։
Գրքի հեղինակները ընթերցողին ներկայացրել են հայ ժողովրդի պատմության նշանակալից դրվագները, անդրադարձել Եղեռնին, անվանի սերբահայերի կենսագրություններին եւ գրքի մի մասում պատկերել են սերբահայերի անցյալն ու ներկան։
Գիրքը բաղկացած է «Հայոց պատմություն (բժիշկ Դանիելյան)», «Հայոց ցեղասպանություն», հեղինակՙ Մարսելյան եւ «Հայերը Սերբիայում», հեղ. Յ. Բայիչ բաժիններից։ Ընդգրկում է կարեւորագույն տարեթվեր եւ փաստացի իրադարձություններՙ 1875¬1923 թթ., ինչպես նաեւ աշխարհի խորհրդարանների ընդունած Ցեղասպանության ճանաչում։
Այս առիթով Աթենքից Բելգրադ է հյուրընկալվել Աթենքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը։ Նա փետրվարի 21-ին, ժամը 10-ին Բելգրադի պատրիարքարանում հանդիպում ունեցավ սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին սրբություն Պավլեի հետ։ Հանդիպման ընթացքում շեշտվեցին երկու եկեղեցիների հարաբերությունների սերտացման, սերբ եւ հայ ժողովուրդների բարեկամության հարցերը, նշվեց, որ երկու ժողովուրդների փրկությունը միասնության եւ կրոնը պահպանելու մեջ է։
Նույն օրը, ժամը 12-ին Բելգրադի գրողների տանը տեղի ունեցավ «Հայերը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին Սերբ-հայկական ընկերության նախագահ պ. Բոդա Մարկովիչը, գրքի հեղինակները, ինչպես նաեւ ընկերության բազմաթիվ անդամներ, թղթակիցներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիսությունը բացվեց Սրբազան հոր «Հայր մեր»-ով։
Բացման խոսքով հանդես եկավ պարոն Բոգդանովիչը, ապա խոսեց Սերբ-հայկական ընկերության նախագահ Բ. Մարկովիչը, նա իր խոսքում անդրադարձավ հայոց պատմության էջերին, հայ ժողովրդի լեզվի եւ հավատքի պահպանության հարցերին։
Այնուհետեւ պարոն Դրագիչը խոսեց հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ հոգեւոր էջերի մասին եւ դատապարտեց Եղեռնի կազմակերպիչներին։
«Հայերը Սերբիայում» բաժնի հեղինակ Պ. Բայիչն անդրադառնալով Եղեռնի եւ սփյուռքահայության թեմաներին, շեշտեց հայ սփյուռքի դերի կարեւորությունը Հայաստանի համար։
Ադամ Պուստովիչն իր խոսքում նույնպես դատապարտեց Ցեղասպանության հանցագործներին եւ իր հիացմունքը հայտնեց հայ ժողովրդի անդադար պայքարող ոգու հանդեպ։
Այնուհետեւ ելույթ ունեցան գրքի տարբեր բաժինների հեղինակներ, Սերբ-հայկական ընկերության վարչության անդամներ եւ բազմաթիվ սերբ գրողներ։ Վերջում խոսեց Գերաշնորհ տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը։ Սրբազան հայրը խոսեց սերբ եւ հայ ժողովուրդների պատմական անցյալի, նրանց գոյության պահպանության հարցերի մասին եւ, շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակներին ու սերբ գրողների միությանըՙ հայկական մի գեղեցիկ յուղանկար նվիրեց գրողների միությանը։
Կիրակի, փետրվարի 23-ին Սրբազան հայրը «Նովի սադի» առաջնորդանիստ մայր եկեղեցում ներկա եղավ հանդիսավոր սուրբ պատարագին, որը մատուցեց սերբ ուղղափառ եկեղեցու տեղի առաջնորդ Գերաշնորհ Իրինե եպիսկոպոսը։ Սուրբ պատարագի վերջում Ոսկան Սրբազանը քարոզեց անգլերեն։
Այնուհետեւ Սրբազան հայրը Իրինե եպիսկոպոսի ընկերակցությամբ այցելեց քանդված նախկին հայկական եկեղեցու շրջանը, ուր այժմ տեղադրված է հայկական խաչքար-հուշարձանՙ նվիրված սերբ օդաչուների հիշատակին, որոնք զոհվեցին երկրաշարժի ժամանակ դեպի Հայաստան օգնություն բերելիս։
Ապա «Նովի սադի» առաջնորդարանում տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, իսկ փետրվարի 24-ին Սրբազան հայրը վերադարձավ Աթենք։
Վ. Պ.