Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի բազմաթիվ մարզական տիտղոսների թիվն ավելացավ եւս մեկով։ ՀՀ նախագահի հրամանագրով վերջերս նրան շնորհվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Մինչ այդ էլ մարզական ոլորտում ունեցած ծառայությունների, օլիմպիական գաղափարների պրոպագանդման գործում վաստակի համար արժանացել էր ՄՕԿ-ի շքանշանի։
Այսօր Դերենիկ Գաբրիելյանի ղեկավարած մարզօջախում ուսանում եւ 12 հիմնական ու 23 լրացուցիչ մարզաձեւերից մարզական վարպետությունն են կատարելագործում 460 սաներ։ 1991 թ. առ այսօր ուսումնարանի գերազանցության դիպլոմով ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 2-րդ կուրս են ընդունվել 204 հոգի, որոնցից 11-ն ավարտել է կարմիր դիպլոմով, իսկ 3-ը ներկայումս սովորում է ասպիրանտուրայում։ Անցյալ տարվա շրջանավարտներից 28-ն են ընդունվել, որոնցից 11-ն առաջին կիսամյակն ավարտել է գերազանց գնահատականներով։ Ըստ ուսումնարանի տնօրենի, լուրջ խնդիր է հերթափոխի պատրաստման հարցը։ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո բարձրակարգ շատ մասնագետներ ստիպված այլ մասնագիտությամբ են աշխատում, չնայած մարզիչների աշխատավարձը նախկին 6900¬13.500 դրամից վերջին երկու տարում հասել է 20¬45 հազար դրամի։
Դերենիկ Գաբրիելյանը կարեւորում է արդեն մոռացված կոչումների շնորհման վերականգնումը։ Իր հետ միասին ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն են արժանացել նաեւ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանն ու ՀԱՕԿ-ի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը։ Իր բազմաթիվ կոչումները պրն Գաբրիելյանը կոլեկտիվի ու տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է համարում եւ միասին էլ վայելում են հաջողության քաղցր պտուղները։ 1984 թ. աշխատելով այդ կոլեկտիվի հետ, նրա աշխատանքը երեւի ըստ արժանվույն չգնահատվեր, եթե շրջապատված չլիներ բարեխիղճ ու բանիմաց մասնագետներով, մարզաշխարհի գործընկերների բարյացակամ վերաբերմունքով։ Նա հպարտ է, որ Հայաստանի քաղաքացի է եւ իրեն այլ երկրում չի պատկերացնում, իրեն ուժեղ եւ գնահատված է համարում հայրենի հողի վրա, որտեղ լիարժեք մարդ է զգում։
«Ամեն մարդ իր տեղում պիտի լինի եւ իր գործը կատարի, ոչ թե հույսը դնի միայն երկրի նախագահի վրա։ Վրդովված եմ, որ ոմանք ցանկանում են անկայուն իրավիճակ ստեղծել հանրապետությունում։ Մինչդեռ ցանկալի կլիներ, որ անգամ ընդդիմադիր դաշտում գտնվողներն էլ ընդունեն եւ վստահեն գործող նախագահին։ Այս անկայուն իրավիճակն ազդում է նաեւ մարզական ոլորտի վրա։ Դրսում եւս մտահոգված են հանրապետությունում տիրող իրավիճակով, որը կարծես վերջ չունի։
Բռնցքամարտիկների մենամարտերում էլ պատահում է, որ մրցակիցներից մեկը դժգոհ է լինում մրցավարի վճռից։ Սակայն նրանք այնքան տղամարդկություն ունեն, որ մենամարտից հետո շնորհավորում ու ձեռք են սեղմում, գրկախառնվում են։ Ըստ իս, պատվով պարտվելն էլ տղամարդկություն է։ Եվ ես կցանկանայի, որ բարեկիրթ ձեւով հաղթահարենք այդ դժվարությունները», ասում է Դերենիկ Գաբրիելյանը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ