«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՏՆՕՐԻՆԵՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ

Կառավարությունը երեկ որոշում ընդունեց ոռոգման ցանցը ֆերմերների, մասնավորապես Ջրօգտագործողների ընկերակցությունների (ՋՕԸ) կառավարմանը հանձնելու մասին։ Նպատակն է ավելի արդյունավետ օգտագործել ջրային պաշարները։ Այդ մասին հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ այս քայլն ուղղված է հիմնական նպատակինՙ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը հասնելուն։ Արդեն այս տարի մի քանի մարզերում ստեղծված ՋՕԸ-ները կտնօրինեն ոռոգման համակարգը, իսկ 2004-2005 թթ. ողջ ոռոգման համակարգը կփոխանցվի այս կառույցներին։ Վերջիններս էլ միանալով պետք է ստեղծեն ՋՕԸ միություններ։

Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ոռոգման համակարգերի այս գործընթացը ֆինանսավորվում է հիմնականում Համաշխարհային բանկի 9,2 մլն դոլար վարկի շնորհիվ։ 900 հազար դոլար հատկացվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ծրագրի ընդհանուր ծախսերի 30 տոկոսն էլ կատարելու են իրենքՙ ֆերմերները։ Այսպիսով, ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 13 մլն դոլար։

Ջրային տնտեսության կոմիտեի պետն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքում ջրամատակարարման, նախկին պարտքերի ներման պայմանագրերի կնքման, ջրաչափերի տեղադրման գործընթացին։ Ներկա պահի դրությամբ պայմանագրեր կնքած բաժանորդների թիվը կազմում է մոտ 60 հազար։ Այսինքն, բաժանորդների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսն արդեն կատարել է օրենքով նախատեսված մասնակի վճարումները եւ պարտավորվել ջրաչափ տեղադրել։ Արդեն ջրաչափ տեղադրածների թիվը մոտ 40 հազար է, որից 26 հազարը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին են դա կատարել։ Ներկայումս օրական 500 ջրաչափ է տեղադրվում։ Ամբողջ պարտքի ներման դիմաց կատարված մասնակի վճարումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 մլն դրամ։

Այս գործընթացի նպատակն է հաշվառել մատակարարվող ջուրը եւ խնայողության հաշվին հասնել շուրջօրյա ջրամատակարարման։ Գագիկ Մարտիրոսյանը խոստացավ, որ 2004 թ. օգոստոս-սեպտեմբերին ամբողջ Երեւանում շուրջօրյա ջրամատակարարումն իրականություն կդառնա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4