Մինչդեռ միջազգային ողջ հանրությունն է հիասթափված ԱՄՆ-ից
Մարտի 12-ին մամուլի ասուլիսում, անդրադառնալով նախագահական ընտրություններին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյն ասել է. «Դրանք չեղան առաջընթաց քայլ։ Եվ մենք հիասթափվեցինք, քանի որ այլ սպասելիքներ ունեինք»։ Դրան նախորդել էր ընտրություններից ԱՄՆ-ի խորապես հիասթափության մասին պետքարտուղարության մարտի 6-ի հայտարարությունը, ապա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերիՙ «Ազգին» տված հարցազրույցը, որտեղ մեծարգո պարոնը եւս իր հիասթափությունն էր արտահայտում։
Այլ կերպՙ դեսպան Օրդուեյը հիասթափության առումով նույնությամբ կրկնել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու նրա երբեմնի աշխատակից Այքերին։ Ուրեմն, նրա հիասթափությունը համատարած բնույթ է կրում։ Հարկ է նշել, որ հիասթափված է նաեւ նախագահ Ջորջ Բուշը, բայց ոչ թե Հայաստանի նախագահական ընտրություններից, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներից։
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ, որովհետեւ նա, ինչպես այդ մասին նշում է թուրքական «Ենի շաֆաքը» մարտի 13-ի համարում, երկու օրվա մեջ 12 հեռախոսազրույց է ունեցել այդ ղեկավարների հետՙ ստանալու Իրաքի դեմ պատերազմի հարցում նրանց հավանությունը, բայցՙ ապարդյուն։ Ավելինՙ ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներից Ռուսաստանն ու Ֆրանսիան սպառնացել են վետո դնել հակաիրաքյան նոր բանաձեւին, իսկ Չինաստանը դեմ է արտահայտվել։ Չինաստանի բացասական դիրքորոշումը պաշտպանել են նույն խորհրդի ոչ մշտական անդամներից Գերմանիան, Պակիստանը, Սիրիան, Նոր Գվինեան, Մեքսիկան, Չիլին, Անգոլան եւ Կամերունը։
Բուշին հաջողվել է համոզել ընդամենը Բուլղարիային եւ Իսպանիային։ Մինչդեռ հակաիրաքյան նոր բանաձեւի հաստատման համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից առնվազն 9-ը կողմ քվեարկեն։ Հիրավի, նախագահ Բուշը «խորը հիասթափություն ապրելու» իրավունք ունի։ Հարկ է, սակայն, նշել, որ վերոհիշյալ երկրներն էլ նախագահ Բուշի պատճառով ԱՄՆ-ից են հիասթափվել, քանի որ Իրաքի դեմ միակողմանի որոշում կայացնելու նրա վարչակարգի համառությունը կասկածի տակ է դրել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԱԽ-ի հետագա գործունեության նպատակահարմարությունը։
Այս ամենի առումով պատահական չէ միջազգային ասպարեզում ՄԱԿ-ի նպատակահարմարության վիճարկումը, որը կատարյալ հեղինակազրկում է նշանակում։ Ուրեմն, ավելի քան պատահական չպետք է լինեն ՄԱԿ-ի վարկը գոնե մասնակիորեն փրկելու գլխավոր քարտուղար Կոֆի Անանի անձնուրաց ջանքերը։
Կհաջողվի՞ Անանին փրկել դրությունը, դժվար է ասել։ Բայց որ նախագահ Բուշը մինչ Իրաքի դեմ պատերազմի դիմելը ՄԱԿ-ի հետ պատերազմի մեջ է մտել եւ տանուլ տվել, ակնհայտ է։ Ուրեմն, ԱՄՆ-ից հիասթափության պարագայում հարցը սոսկ ՄԱԿ-ի անդամ երկրները չեն, այլ միջազգային ողջ հանրությունը։ Թվում է, թե Իրաքի դեմ ռազմական գործողությունների դիմելու դեպքում համատարած այդ հիասթափությանը կհետեւեն հակազդեցության գործնական քայլերը, եւ հեղինակազրկվելու փաստի առջեւ կկանգնի ՄԱԿ-ին հեղինակազրկող ԱՄՆ-ը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ