ԱՆԿԱՐԱ, 13 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն 14 օր ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում բժշկական քննություն անցնող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակին այդ երկրում լայն շահարկումների եւ կրքոտ քննարկումների առարկա է դարձել։
Ըստ թուրքական «Աքշամի», չնայած Ալիեւի խոսնակը հայտարարել է, թե ադրբեջանցիների առաջնորդը Քլիվլենդի հիվանդանոցում ճողվածքի վիրահատությունից հետո իրեն լավ է զգում եւ շաբաթվա վերջին կվերադառնա հայրենիք, այնուամենայնիվ, 79 տարեկան Ալիեւի առողջական վիճակի մասին հստակ տեղեկությունների բացակայությունը, նրան Անգլիա տեղափոխելուց մինչեւ «մահվան շեմին» լինելը շահարկումների պատճառ են դարձել։ Այդ պնդումները որքան էլ հստակ տեղեկությունների վրա հիմնված չլինեն, այնուամենայնիվ, Ալիեւի առողջական վիճակի մասին հարցը լայնորեն քննարկվում է Ադրբեջանում։ Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության «Ենի Մուսավաթ» թերթը գրել է, որ Ալիեւը ԱՄՆ-ում սրտի վիրահատություն է ունեցել, սակայն չի նշել այդ տեղեկության աղբյուրը։ Իսկ Ադրբեջանում արդեն լուրեր են տարածվում, որ մի քանի օր հետո նախագահ Ալիեւի որդինՙ Իլհամ Ալիեւը զբաղեցնելու է հոր պաշտոնը։