Ամերիկյան աթեիստների ընկերությունն անցյալ ամիս կրկին դատական հայց է ներկայացրել այս անգամ գերագույն դատարանին Սան Ֆրանցիսկոյի Դավիդսոն բլուրի վրա գտնվող աշխարհի մեծագույն խաչի գործով, որը պատկանում է տեղի հայկական համայնքին, «San Francisco Examiner» թերթի մարտի 11-ի համարում գրում է Թիֆանի Մալիշեւսկին։ «Ազգի» ընթերցողներին հայտնի է 30.9 մետր բարձրությամբ այդ խաչի ոդիսականը։ 1997 թ.-ին Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ներկայացուցչական մի խումբ բաց աճուրդում 26.000 դոլարով գնել էր խաչն իր պատվանդանով եւ փոքր հողաշերտով։ Քաղաքապետարանը Դավիդսոն բլուրի խաչը աճուրդի էր հանել ստիպողաբարՙ տեղի մի շարք կազմակերպություններ գտել էին, որ այդ խաչը չի կարող քաղաքապետության սեփականությունը լինել, քանի որ օրենքով պետությունն անջատ է կրոնից։ Առիթից օգտվել էին տեղի հայերը, որոնք աճուրդում հաղթել էին ամերիկյան տեղական ուրիշ 2 կազմակերպությունների հետ պայքարում։ Տեղի հայ համայնքի կարծիքով, Դավիդսոնի խաչը պետք է խորհրդանշեր Հայոց ցեղասպանությունը։ Սակայն այդ ցանկությունը իրականացել էր միայն փոքր մասովՙ տարեկան 2 անգամ, մեկը Սբ. Զատկին եւ մյուսըՙ Ապրիլի 24-ին, հայերն իրավունք ստացան լուսավորելու քաղաքի բոլոր կողմերից երեւացող խաչը։ Իսկ այժմ, ինչպես ասվեց, Ամերիկյան աթեիստական ընկերությունն է, որ դատական գործ է ուզում ձեռնարկել ոչ թե հայոց, այլ քաղաքապետության դեմ, համարելով, որ խաչի վաճառքը հակասահմանադրական է։ Հայ համայնքի դատապաշտպան Փոլ Թուր-Սարգսյանը վստահ է, ինչպես գրում է «San Francisco Examiner» թերթը, որ գերագույն դատարանը կմերժի հայցը։