ԱՐՄԱՎԻՐ, 13 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյանՙ ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիրի մարզկենտրոնի կենտրոնական հրապարակի մերձակայքում, վթարի է ենթարկվել միկրոավտոբուս։ Բենզինով աշխատող նրա շարժիչը փոխակերպված է եղել գազայինի, որի անսարքության պատճառով էլ ընթացքի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։ Բարեբախտաբար մեքենայում եղել են երկուսըՙ վարորդն ու մեկ ուղեւոր, որոնք էլ հենց ընթացքից դուրս են գցվել մեքենայից։ Հրկիզվող մեքենայի բեկորները ցրվել են տարբեր ուղղություններով, իսկ պայթյունի ուժգնությունը զգացվել է դեպքի վայրից 300-400 մետր հեռավորության վրա։
Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ Վնասի չափերը ճշտվում են։
Մեղրիում ցրտահարվել են 50 հա այգիներ
ԿԱՊԱՆ, 13 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցրտահարությունից տուժել են Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի 20 հա պտղատու այգիներ (թզենու, արքայանարնջի, նռան, դեղձենու) եւ 30 հա տնկարանային այգիներ։ Ցրտահարվել է նաեւ պահեստավորված կարտոֆիլի մոտ 50տ սերմացու։ Հատուկ հանձնաժողովի նախնական հաշվարկներով, վնասը կազմել է մոտ 200 մլն դրամ։ Վնասը մեղմելու եւ Մեղրիի տարածաշրջանում գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով Սյունիքի մարզպետարանը դիմել է կառավարությանըՙ այդ տարածաշրջանին 50 տ կարտոֆիլի սերմացու եւ 60 տ ազոտական պարարտանյութ հատկացնելու համար։ Միաժամանակ ՀՀ գյուղնախարարինՙ առաջարկվել է Սիրիայի կառավարության կողմից որպես օգնություն տրված տնկիներից Մեղրիի գյուղացիական տնտեսություններին հատկացնել 10 հազ ձիթենու տնկի։