Եվ կարծես թե ոչ միայն երեկ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փետրվարի 27-ին հանրապետության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանից Սահմանադրական դատարան ներկայացվել էր դիմումՙ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 20-ի 18¬Ա որոշումը (հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին), փետրվարի 25-ի ամփոփիչ արձանագրությունն ընտրությունների վերջնական արդյունքների մասին եւ փետրվարի 25-ի վերահաստատված որոշումըՙ ամփոփիչ արձանագրության հիման վրա մարտի 5-ին նախագահական ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին։
Երեկ Սահմանադրական դատարանը հրավիրել էր առաջին նիստնՙ Արտաշես Գեղամյանի դիմումի կապակցությամբ։ Դիմող կողմը 3 ներկայացուցիչ ուներ։ ԿԸՀ-ն պետք է ներկայացնեին ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը, ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր») եւ իրավաբանական ծառայության ղեկավար Նունե Հովհաննիսյանը։ Վերջինս, սակայն, ներկայացել էր իրավաբան Գեւորգ Ներսիսյանի հետ։ Նիստի սկզբում դիմող կողմն ընդարձակ ներկայացրեց դիմումը։ Ըստ այդմ, վերը նշված առաջին պահանջի կապակցությամբ դիմող կողմը նշեց, որ փետրվարի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն Ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի, պետք է հրապարակեր ընտրությունների նախնական արդյունքները։ Բայց գերազանցելով իր լիազորությունները եւ խախտելով ԸՕ 63 հոդվածի 1-ին կետի պահանջները, կայացրել է 18¬Ա որոշումը, որով հայտարարել է ընտրության 2-րդ փուլՙ այդ պահին անգամ չունենալով անճշտությունների չափի մասին տվյալներ։ Հետեւաբար, ըստ դիմումատուի, անօրինական են ոչ միայն փետրվարի 20-ի, այլեւ դրանից հետո ԿԸՀ ընդունած բոլոր որոշումները։
Ինչ վերաբերում է փետրվարի 25-ին ամփոփիչ արձանագրության հաստատումը եւ մարտի 5-ին 2-րդ փուլ անցկացնելու որոշումն անվավեր ճանաչելուն, ապա, համաձայն դիմումի, անտեսելով իր իսկ ընդունած, ընթացք ու գնահատականներ չստացած դիմում-բողոքները եւ տարածքային հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքները, ԿԸՀ-ն հաստատել է փետրվարի 19-ի ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, նաեւ վերահաստատել մարտի 5-ին 2-րդ փուլ անցկացնելու մասին փետրվարի 20-ի որոշումը։ Նշվածները պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ, ըստ Գեղամյանի, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում խախտվել են ԸՕ թվով 46 հոդվածներ։
ՍԴ ներկայացված դիմումի 1-ին պահանջի առնչությամբ դիմող կողմը նշեց, որ ԿԸՀ-ն նախնական արձանագրություն հաստատելիս, ըստ օրենսդրության, պետք է նշեր ընտրողների ընդհանուր թիվը, թեկնածուների օգտին տրված կողմ ձայների քանակը եւ անճշտությունների չափը։ Վերջինս չի նշվել։
Որպես պատասխանող կողմ հանդես եկող Գեւորգ Ներսիսյանի հարցերին, թե արդյոք խախտվել են նշված հոդվածները, դիմող կողմը նշեց, որ ոչ մի հոդվածից չեն հրաժարվում։ Իսկ ներկայացրած նյութերում կան օրինակներ մարդկանց ազատ կամքի վրա բռնանալու, դատական կարգով ընտրելու իրավունք վերականգնելու մասին։
Յուրաքանչյուր հոդվածի մասին առանձին-առանձին մի քանի հարցից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ հարցադրումը հիմնականում մեկն է, որ դիմող կողմը փաստարկներ ներկայացնի որպես խախտված նշվող յուրաքանչյուր հոդվածի կապակցությամբ։
Պատասխանող կողմի մի քանի հարցից հետո ՍԴ նախագահը հայտնեց, որ դատարանը ԿԸՀ-ից չի ստացել իրեն հետաքրքրող նյութերի մի որոշ մասը։ Ուստի առաջարկվեց առաջին պահանջը (փետրվարի 20-ի ԿԸՀ 2-րդ փուլ անցկացնելու որոշումն անվավեր ճանաչելու մասին) առանձնացնել։
ՍԴ անդամ Ա. Գյուլումյանի այն հարցին, թե անվավեր ճանաչելու հի՞մք է համարվում արձանագրության մեջ անճշտությունների չափը նշված չլինելու հանգամանքը, դիմող կողմը պատասխանեց, որ, բացի այդ, ԿԸՀ-ն իրավասու չէր այդ պահին նման որոշում կայացնել։
Թե ինչո՞ւ է ԿԸՀ-ում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանն առանց հատուկ կարծիքի փետրվարի 20-ին ստորագրել նշված արձանագրությունը (որում անճշտությունների չափը չի նշվել), ՍԴ անդամ Ֆ. Թոխյանի հարցին ի պատասխան պատասխանող կողմը նշեց, որ այդ մասին հստակ որեւէ բան ասել չի կարող։
Ապա նիստի մասնակիցներն անցան այն խնդրի քննարկմանը, թե արդյոք ԿԸՀ փետրվարի 20-ի նշված որոշումը ի՞նչ իրավական ակտ է, նախատեսվա՞ծ է օրենսդրությամբ եւ ի՞նչ իրավական հետեւանքներ է առաջացնում։
Ըստ դիմող կողմի, պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով է վեճի առարկա որոշման մեջ հղում արվել ԸՕ 83 հ-ին, որում նշվում է ամփոփիչ արձանագրությունների մասին, չնշելով, թե խոսքը նախնական, թե վերջնական արդյունքների մասին է։ Ի դեպ, նույն 83 հ-ում ամրագրվում է, որ ԿԸՀ-ն ԸՕ 60 հ-ի սահմանված կարգով ամփոփում է ընտրության արդյունքները։ Հարցն այն է, որ 60 հ-ը վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունները որոշելու կարգին, օրինակ, թե ինչպես են տեղամասում քվեատուփից հանում մեկական քվեաթերթիկ եւ այլն։ ԿԸՀ որոշմամբ այդպիսով խախտվել է, ըստ դիմողի, Արտաշես Գեղամյանի իրավահավասարությունը մյուս թեկնածուների համեմատությամբ, ինչպես նաեւ բողոքարկելու միակ ատյանը մնացել է Սահմանադրական դատարանը։
Այս կապակցությամբ ՍԴ նախագահը հիշեցրեց, որ ՍԴ են ներկայացվում ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ վեճերը, եւ «այս շիլաշփոթը ստեղծել է օրենսդիրը, քանի որ օրենսգրքում վերջնական, նախնական, ընտրության արդյունք հասկացություններն ամբողջությամբ խառնված են»։
ՍԴ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանի այն հարցին, թե, ըստ դիմողի, ի՞նչ նպատակով է ԿԸՀ-ն փետրվարի 20-ի որոշումն ընդունել, պատասխան տրվեց, թե ԿԸՀ-ն այդ պահին երեւի հայտարարել է երկրորդ փուլ, քանի որ լարված վիճակ էր։
Դատարանն անցավ պատասխանող կողմի դիրքորոշմանը։ Համաձայն վերջինի, ԿԸՀ-ն իր իրավասության շրջանակում ընդունել է անհատական բնույթի որոշում, որը հիմնականում վերաբերել է ԿԸՀ աշխատանքներին։ Ըստ ԿԸՀ ներկայացուցչի, այդ որոշումն ընդունվել է օրենքում առկա որոշ հակասություններ կարգավորելու նպատակով։
Գեղամյանի ներկայացուցչի այն հարցին, թե կարո՞ղ էր այդ նույն ժամանակ լինել նախագահ ընտրվելու որոշում, պատասխանող Գեւորգ Ներսիսյանը բացասաբար պատասխանեց։ Մյուս հարցերին ի պատասխան էլ նշվեց, որ փետրվարի 21-ին ԿԸՀ կողմից 2-րդ փուլի քվեաթերթիկի նմուշ հաստատելը չի առնչվում դիմումին, իսկ անհատական ակտ ընդունելովՙ ԿԸՀ¬ն կաշկանդվածություն չուներ։
ՍԴ նախագահի մի քանի հարցերին Գեւորգ Ներսիսյանի պատասխաններից պարզ դարձավ, որ իբր ԿԸՀ-ն ստիպված է որոշման մեջ հղում կատարել ԸՕ 83 հ¬ին, որի արդյունքում անտեսվել է 63 հ-ի 3-րդ կետի պահանջը։ ՍԴ անդամ Ֆ. Թոխյանի այն հարցին, թե ընդունելի՞ է, որ ԿԸՀ-ն նշվող որոշումը (անճշտությունների չափը չնշելու պատճառով) հակասում է ԸՕ-ին, Գեւորգ Ներսիսյանն ուղղակի ցնցող պատասխան տվեց. «Չենք կարող ասել, որ որոշումը պետք է բացարձակապես բխեր օրենքից»։
Ասվածն ակնհայտորեն, գոնե նախապես, կասկածի տակ դրեց ԿԸՀ ներկայացուցչի տեղեկացվածությունը։ Եվ պարզվեց, որ Գեւորգ Ներսիսյանի հետ ՍԴ-ում ԿԸՀ ներկայացնելու առումով պայմանագիր է կնքվել մեկ օր առաջ։
Գագիկ Հարությունյանն այնուհետեւ հայտնեց, որ դեռեւս զգալի քանակի նյութեր ԿԸՀ-ն չի ներկայացրել դատարան, ուստի առաջարկվեց նիստն ընդմիջել մինչեւ երեքշաբթի։ Իսկ պատասխանող կողմին տեղեկացվեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ՍԴ ներկայացվեն մինչեւ երկուշաբթի ժ. 12-ը։