«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ՆԱՄԱԿ ՏԻԿԻՆ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Վերջերս, բոլորովին պատահաբար, ընդդիմադիր համարվող «Առավոտ» թերթի էլեկտրոնային էջում կարդացի Անահիտ Բախշյանի հոդվածըՙ նվիրված Հայաստանում անցած նախագահական ընտրություններին։ Իմ խորին համոզմամբ, այդ թերթը ոչ ընդդիմադիր է, ոչ էլ հակառակը։ Չես հասկանում, տպվում է մեր հայրենիքո՞ւմ, թե՞ Զիմբաբվեում, որեւէ կապ չունի հայության ու նրան հուզող խնդիրների հետ։

Հոդվածում տիկին Բախշյանը գրում է, թե ինքն ավելի հուզված է, քան, ասենք, հոկտեմբերի 27-ից հետո, եւ ընկճված այնքան, որ նույնիսկ չի իմանում, թե ինչ բացատրի իր սաներին, թերահավատ է դարձել մեր ժողովրդի եւ երկրի ճակատագրի նկատմամբ։

Այստեղ ուզում եմ մի փոքր անդրադառնալ մեր նորագույն պատմությանը. 1988-ին սկիզբ առած արցախյան հերոսամարտը բխում էր մեր ժողովրդի հոգու եւ սրտի ակունքներից, եւ պետությունը ոչ թե կառուցվեց այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատի շնորհիվ, այլՙ այն բոլոր տղաների թափած արյան, որոնց համար խոսելը քիչ էրՙ գործել էր պետք։ Առաջին անգամ մենք ոչ թե հող կորցրինք, այլ ազատագրեցինք։ Սակայն երկրին տեր դարձան մարդիկ, որոնց ամենեւին չէր հետաքրքրում Արցախը։ Դրա վառ ապացույցը եղան թալանի եւ խավարի, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա կարգախոսով անցած տարիները։

Տիկին Բախշյան, ես 30 տարեկան եմ, մասնագիտությամբ ինժեներ եմ, պարգեւատրվել եմ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ես եւ իմ նմաններն ենք այս երկրի տերը, այն բոլոր տղաները, որոնք քիչ թե շատ ավանդ ունեն այս երկրի կայացման գործում։ Այո՛, այս երկրի տերը Ռոբերտ Քոչարյանն է։ Այս երկրի տերը չի կարող լինել Ստեփան Դեմիրճյանը, մարդ, որը մինչեւ հիմա չի եղել Արցախում, մի մարդու որդի, որն իր կյանքի ընթացքում ոչ մի անգամ չեղավ Եռաբլուր պանթեոնում, մարդ, որի այսպես կոչված քարոզարշավը բերեց նրան, որ մեր ժողովրդի արցախյան հերոսներին սկսեցին նույնիսկ թուրք անվանել։ Այդ ամենին կարող էր հասնել միայն այս երկրի համար ոչինչ չարած մարդը, իսկ նրան կարող են համակարծիք լինել իր նմանները։ Ես անտեսում եմ ամեն տեսակի տնտեսական աճ, ամեն տեսակի քաղաքական սպեկուլյացիա։ Գործազուրկ եմ առ այսօր։ Չկարծեք, թե մոտ եմ կանգնած այսպես կոչված կերակրատաշտին։ Ի տարբերություն ձեզ, հույսով եւ հավատով եմ նայում մեր ժողովրդի ապագային։ Համոզված եմ, որ Արցախը Հայաստանի առաջին ազատագրված նահանգն է։ Հավատացեք, դուք շատ կարեւոր եւ ոգեւորող թեմաներ ունեք փոխանցելու ձեր սաներին։ Ձեր մտածելակերպի նման ընթացքը ես բացատրում եմ հոկտեմբերի 27-ով։ Որ մեր ժողովրդի պանծալի զավակներից մի քանիսը սպանվեցին ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամանակ, դա ամենեւին հիմք չէ նրան մեղադրելու։ Թեկուզ հոգու խորքում չեք կարող եւ նույնիսկ իրավունք չունեք, քանզի չունեք որեւէ փաստարկ։ Իսկ եթե կան այդպիսիքՙ հայտնեք ժողովրդին։ Ընդհանրապես, խոսքս ուղղված է ոչ այնքան ձեզ, որքան ընդդիմություն կոչվածին։

Մի՛ խոսեք ժողովրդի եւ առավել եւս ազգի անունից։ Ազգը չի կարող լինել Արցախի տեղը չիմացողի հետ։ Ազգը չի կարող արցախցուն անվանել թուրք, այն արցախցուն, որի 5-րդ «մահապարտների գունդը» թուրքին կանգնեցրեց Սարդարապատի մատույցներում։ Հիշե՛ք հերոսամարտն ու նրա հերոսներին, ինչի շնորհիվ այսօր գոյություն ունի Հայաստան աշխարհը։ Ի՞նչ կարող է տալ հայը հայինՙ ամենանվիրականն, անշուշտ, հողն է։ Արցախցին չլքեց իր հողը եւ միավորված հայության շնորհիվ այսօր մենք Արցախ ունենք։ Ցավում եմ, որ դուք զուգահեռ եք տեսնում հոկտեմբերի 27-ի եւ 2003-ի նախագահական ընտրությունների միջեւ։ Ցավում եմ եւ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։

ՐԱՖՖԻ ԱՍԱՏՐՅԱՆ, arv-arm.hotmail.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4