«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԻՏԻՆԳ

«Բալա՛, փո՛ղ տուր», պոնչիկանոցի մոտ հավաքված միտինգավորներին երեկ շարունակ խանգարում էր միջին տարիքի մուրացկանը։ «Բալա՛, փո՛ղ տուր»։ «Դե, հերիք ա, փող չունենք», բղավեցին նրանք, որ եկել էին «անսովոր» միտինգի։ «Այսուհետեւ միտինգները կսկսենք համերգով։ Մենք չենք սգի մեջ, այլՙ իշխանավորները», բղավում էր խոսափողի մոտ կանգնածը։

Մոտ 10 հոգու հարցուփորձ անելուց հետո վերջապես իմացա, որ միտինգի սկզբում ելույթ է ունեցել մի ասմունքող եւ... ոչ ոք չհիշեց, թե նրանից առա՞ջ, թե հետո, ո՞վ երգեց։

«Չգիտենք», ասացին նաեւ արեւածաղիկ վաճառող տիկինները, որ գրեթե բոլոր միտինգների ակտիվ «մասնակիցներն» են դարձել։ Նրանց շնորհիվ գրեթե բոլորը մեծ եռանդով արեւածաղիկ էին «չրթում»։ Այնքան էին զբաղված, որ երբ միտինգավորը գոչեց «հաղ-թա-նակ», ոչ մի արձագանք չստացավ։ «Էդ կասկածո՞ւմ եք, որ հաղթելու ենք», բացականչեց նաՙ վերստին վանկարկելով։ Այս անգամ նրան միացավ հավաքվածների արձագանքը։ Վերջիններիս թիկունքում կանգնած էին մարդիկ, որ մի տեսակ անտարբեր ու սառը հայացքով իրենց շուրջն էին նայում, անցնող-դարձողին ուսումնասիրում։

«Ոչ մի լրատվամիջոց ճշմարտությունը չի ասում», բղավեց ելույթ ունեցողներից մեկը։ (Նա, թերեւս, նկատի ուներ ամենից առաջ ընդդիմադիր մամուլը)։ «Այսօրվանից բոլորդ կդառնաք մի-մի լրատվամիջոց ու աշխարհին կպատմեք, թե ինչ է կատարվում այստեղ», ձայնալարերը մինչեւ վերջ պրկելով բղավում էր խոսողը։ Հետո հավաքվածներին հանգստացրին, թե Ստեփան Դեմիրճյանը վարչապետ չի ուզում դառնալ, Ազգային ժողովի նախագահ չի ուզում դառնալ։ Սուտ լուրերին պետք չէ հավատալ, քանի որ «Ստեփան Դեմիրճյանը հայ ժողովրդի նախագահն է»։ «Գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջ», բղավելով չէր հանգստանում միտինգավարը։

Դե, ինչպես բոլոր միտինգներում, երեկվա «անսովոր» միտինգում էլ հնչեցին նույն կարգախոսներըՙ արդարություն, բարոյականություն, հաղթանակ։

Ռոբերտ Քոչարյանին ընտրողները որակվեցին որպես «կաշառվածներ»։ (Ափսոս, կաշառքի չափը չնշվեց, որ իմանայինք, թե ինչքան ենք ստացել)։ Մի խոսքով, բացի համերգային մասից, ամեն ինչ նույնն էր։ Այնպես որ մինչեւ խորհրդարանական ընտրություններն ընդդիմության միտինգները կանցեն խաղաղ ու համերգային մթնոլորտում։

Թող որ շատանան համերգները մեր քաղաքում, միայն թե իշխանություն բառի փոխարեն երկիր ու պետականություն գաղափարներով փողոց ելնենք...

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4