«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՑ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ՆԱՄԱԿԸ ԿԵՂԾ Է ԵՂԵԼ

ԳԼԵՆԴԵՅԼ, 14 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Առավոտ» օրաթերթում մարտի 12-ին հրապարակված Կալիֆոռնիայի նահանգապետ Գրեյ Դեւիսի եւ ԱՄՆ սենատոր Դայան Ֆայնստայնի նամակները, որոնք արտահայտում էին զորակցություն ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից Ստ.Դեմիրճյանին եւ նրա գլխավորած «ժողովրդավարական շարժմանը», «Ասպարեզի» հաղորդմամբ, ամբողջովին կեղծ են եւ շինծու։

Փետրվարի 21-ով եւ 23-ով թվագրված եւ անփույթ անգլերենով գրված նամակների իսկությունը պարզելու համար «Ասպարեզը» դիմել էր նահանգապետ Գ.Դեւիսի եւ սենատոր Դ. Ֆայնստայնի գրասենյակՙ ելակետ ունենալով այն հանգամանքը, որ նահանգային մակարդակով որեւէ պաշտոնյա իրավունք չունի զբաղվելու արտաքին քաղաքականությամբ, ավելինՙ խառնվելու այլ երկրների ներքաղաքական գործընթացներին։

Նահանգապետի մամլո քարտուղար Սթիվ Մավիգլիոն տեղեկացրել է, որ Գրեյ Դեւիսին վերագրվող նամակը «բացարձակ կեղծիք է, ամբողջովին շինծու»։ Նա զարմանքով շարունակել է. Այսպիսի նամակ երբեք չի գրվել, ստորագրությունն անգամ նման չէ նահանգապետի ստորագրությանը։ Դա անորակ զեղծարարություն է, նույնիսկ պաշտոնաթերթիկը մերը չէ»։ Մամլո քարտուղարի հավաստմամբ, նահանգապետը, «ամենայն հավանականությամբ», կդիմի իրավական քայլերի, ըստ որում հարցն արդեն իրավական քննության է ենթարկվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4