«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ

Հասել է այն պահը, որ ասենք, այո՛, արժանապատվությամբ եւ նամուսով ապրենք։

Եվ եթե մենք այդ խորիմաստ, սակայն արդեն տանջահար արած «արժանապատվություն» բառը սերտած օգտագործելով այլ նպատակի ծառայեցնենք, ապա «արժ» ածանցը դանդաղ, բայց հաստատուն քայլերով կկորցնի իր իմաստը, հետն էլ արդարությունը, եւ ի հայտ կգա այն, ինչն այսօր գերիշխում է։

Մատենադարանի հարթակից (ձեր թույլտվությամբ համարենք սրբատեղի) վիրավորանք են հասցնում երկիր Հայաստանի նախագահին, նրա ժողովրդին, այն էլ Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու ներկայությամբ եւ չեն խորշում։

Ասում ենՙ երկրի նախագահը զարմանալի համբերատար է եւ խաղաղ, շատ հետաքրքիր էՙ ինչո՞ւ։ Բայց ես չեմ զարմանում, նա ձեւավորվել է հրասայլերի, հրթիռների, ականների մահաբեր շառաչյունների տակ։ Շատերին է կորցրել, իսկ այսօրվա բեռը լռակյաց է տանում, այն էլ ինչպիսի բեռ։ Դե, թող հայհոյեն, երեւի իրենց խղճին է թողնում նախագահը։ Վերեւՙ Աստված, ներքեւՙ հայհոյողները։ Ամեն ինչ թողնում է նժարի վրա, մի թեւում հայհոյողները, վիրավորողները, մյուսումՙ խիղճը (ես այդպես եմ կարծում)։

Մատենադարանի հարթակում լուռ են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին։

Ա՜յ, ուրիշ կլիներ, եթե հրաշք կատարվեր եւ մեջք ցույց տային։

Նորից խռովք կապրեր Անդրանիկը։ Իսկ Նժդեհը կասեր. «Ա՜յ-ա՜յ-ա՜յ, այդ որտեղի՞ց եք, ո՞ւր եք գնում, բա եղա՞վ»։

Հայ ժողովրդից սիրված, հարգարժան, արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանը, սպարապետ Վազգենը հարց կտային. «Ուշքի եկե՜ք, այդ ինչո՞վ եք զբաղված, ա՜յ խելոքներ»։

Ասեմՙ Հայաստան երկրում, Մատենադարանի հարթակից, դրանից դուրս չարացնում են մարդկանց, թշնամանք սերմանում իրար մեջ, երկիրը պառակտում, ամբողջ աշխարհի առաջ խայտառակում։ Հազար անգամ կրկնելով, հարայ-հրոցով արժանապատվություն եւ արդարություն են պահանջում, իսկ համերաշխության մասին ոչ մի խոսք։

Այ այդպես։

Բ. ՔԱՐԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4